23 Դեկտեմբեր, Բշ
«Յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ. ամէն:
«Փառք ի բարձունս Աստուծոյ, և յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» (Ղուկ. 2:14):
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Սուրբ Ծննդյան ավետիսն այսօր առաջնորդել է մեզ դեպի մեր եկեղեցիները, որպեսզի խնդությամբ և հոգու երկյուղածությամբ խոնարհվենք Մանուկ Հիսուսի` աշխարհի Փրկչի սնարի առջև:
Բեթղեհեմի մսուրում ծնվեց Քրիստոս, և Փրկչի աշխարհ գալով սկսվեց ճանապարհը Աստծո հետ հաշտության, մեղքի պատճառով Նրանից հեռացած մարդկության դարձի և փրկության: Իր Որդու մարդեղության խորհրդով Աստված մարդկանց ժառանգորդ դարձրեց երկնից արքայության և Նրա միջոցով ցույց տվեց այդ փառքին արժանանալու ուղին` ըստ հրեշտակների օրհնաձայն փառաբանության`«յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն»:
Մարդեղացյալ Աստվածորդին Իր փրկչական առաքելությամբ շրջափոխեց պատմության ընթացքը` կոչելով մարդկանց սիրո և խաղաղության սկզբունքի վրա հաստատելու կյանքը: Քրիստոս մարդկանց պարգևում է այս աշխարհում մեծագույն բարիքը` Իր խաղաղությունը. «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս, ինչպես այս աշխարհն է տալիս, ձեր սրտերը թող չխռովվեն և չվախենաք» (Հովհ. 14:27),- ասում է մեր Տերը:
Փրկչի խաղաղության կոչին ու հրավերին հանդիման մեր ժամանակի մեծագույն մարտահրավերներից է անհատի, հասարակությանց ու պետությանց կյանքում խաղաղության խաթարումը: Մարդկությունը 21-րդ դար թևակոխել է մեծ տագնապներով: Հակամարտություններ, աշխարհաքաղաքական շահերի բախում, ճգնաժամեր, հումանիտար աղետներ շարունակում են հուզել աշխարհը, սերմանել անհանդուրժողություն ու անվստահություն, սփռել ավերածություն, աղքատություն, տառապանքներ: Հասարակություններում խաթարվում են բարքերը, խեղաթյուրվում հոգևոր-բարոյական արժեքները, առավել տարածում են գտնում կեղծիք, մոլություններ, սպանություններ, սասանվում են ընկերային կյանքի, ընտանիքի հիմքերը: Ծայրահեղական գաղափարներ քարոզող ահաբեկչական խմբավորումները հավատքի անունով մահ ու ավեր են սփռում հատկապես Մերձավոր Արևելքում, որտեղ այլ ժողովուրդների կողքին տառապում և զրկանքներ են կրում նաև մեր ժողովրդի զավակները:
Կործանարար ու կորստաբեր այս իրավիճակներից մարդկությունը ելք և կարգավորման ուղիներ է փնտրում, որոնց անորոշության մեջ, բարձրացող հարցականների առջև այսօր քաղցրորեն հնչում է մեր հոգիներին Բեթղեհեմում աշխարհ եկած Փրկչի հուսադրող խոսքը: «Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ, ձեզ չեմ տալիս ինչպես այս աշխարհն է տալիս»: Քրիստոսի պարգևածը այս աշխարհի խաղաղությունը չէ, որն անհաստատ է և անկայուն: Քրիստոսի խաղաղությունը հոգու խաղաղությունն է, որ խարսխված առ Աստված հավատքի, Աստծո խոսքի ու պատվիրանների վրա` վերափոխում է կյանքը: Այն բնակվում է անչար սրտում, ճշմարտության, արդարության մեջ, զորանում է հավիտենական կյանքի հույսով ապրող հոգիներում: Այս իմաստով առաքյալն ասում է. «Եվ Աստծո խաղաղությունը, որ վեր է քան ամենայն միտք, պիտի պահի ձեր սրտերը և մտածումները Հիսուս Քրիստոսով» (Փիլ. 4:7): Արդարև, կյանքը կանգուն է Աստծո սիրով լեցուն հոգու խաղաղությամբ: Ամեն բան անհաստատ է, երբ մարդկանց մեջ տկարանում է Աստծո ներկայության զգացումը, երբ մարդկային առնչություններից մինչ ազգերի ու պետությունների հարաբերություններ կառուցվում են սոսկ սեփական շահերի ու ձգտումների կամ՝ պարտադրանքի վրա: Գտնել Քրիստոսի խաղաղությունը, նշանակում է ունենալ սեր և երջանկություն ընտանիքներում, համերաշխություն ու բարօրություն հասարակությանց ու պետությանց մեջ: Մարդեղացյալ Աստվածորդին, բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների կյանքում պարգևում է զորությունը` իրագործելու Աստծո հետ հաշտության և մարդկանց մեջ հաճության պատգամը, պարգևում է զորությունը ընդունելու երկնային փրկարար շնորհները, որոնք բնակվում են մեր մեջ, երբ համախմբված ենք խաղաղություն, արդարություն հաստատելու, աջակցություն և մխիթարություն բերելու: «Արդարության պտուղը խաղաղությամբ է սերմանվում նրանց համար, ովքեր խաղաղություն են անում» (Հակ. 3:17):
Սիրելի բարեպաշտ զավակներ Մեր, հայրենական մեր կյանքում ևս ծառացած է խաղաղության պահպանման հրամայականը: Տարիներ շարունակ մեր երկիրը գտնվում է շրջափակման մեջ Թուրքիայի և Ադրբեջանի կողմից: Վերջինս մեր սահմաններում սադրանքների է դիմում՝ ձգտելով ոտնահարել Արցախի ժողովրդի ազատ ապրելու իրավունքը: Հավատում ենք, որ խաղաղության նախանձախնդրությամբ և առ Քրիստոս հավատքով զորացյալ՝ մեր ժողովուրդը իր հոգու խաղաղությունը պիտի պատվար դարձնի ընդդեմ թշնամյաց հարձակումների, անխորտակելի վահան՝ ընդդեմ հայրենյաց սահմանների ոտնձգությունների՝ հերոսաբար պաշտպանելով մեր երկիրն ու սրբազան արժեքները և կուռ ու միասնական ոգով ներդնելով իր ջանքերը դժվարությունները հաղթահարելու, շենացնելու մեր հայրենիքը և աշխարհասփյուռ մեր կյանքը: Սիրելիներ, Քրիստոս է մեր զորությունը: Աներկմիտ, անվարան հավատքով հետևենք մեր Տիրոջ պատգամներին: Մեր Փրկչի քաջալերող խոսքի համաձայն՝ թող մեր սրտերը չխռովվեն և չվախենանք: Ապավինենք ոչ միայն մարդկային մեր տկար ուժերին, այլև՝ Աստծո օրհնությանը, որը կարող է մեզ համար անհնարինը հնարավոր դարձնել: Պարտավորվածությունից առավել թող մեզ առաջնորդեն ծառայության, սիրո ու նվիրումի ոգին, որով ծնունդ առած մեր գործերը հանապազօրյա անհրաժեշտություն են՝ իրականացնելու համար ազգային զարթոնքի, լուսավոր գալիքի մեր տեսիլքները:
Մեր Փրկչի Ծննդյան այս սուրբ օրը բերկրությամբ լեցուն մեր հոգիներից միասնաբար աղոթք բարձրացնենք երկինք, որ Քրիստոս մեր Տերը երկնային շնորհներով, հավատքով, հույսով ու սիրով զորացնի մարդկանց հոգիները` կերտելու ապահով, խաղաղ ու բարօր աշխարհ, խաղաղ պահի նաև մեր երկիրն ու ժողովրդին, օրհնի մեր կյանքն այս աշխարհում և առաջնորդի դեպի հավիտենական կյանքի լույսը:
Քրիստոսի Սուրբ Եկեղեցու հանապազ աղոթքն ու մաղթանքն ենք, իբրև պատգամ, կրկին հնչեցնում՝ Խաղաղություն ամենեցուն:
Սուրբ Ծննդյան մեծասքանչ ավետիսով ողջույն ենք հղում Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու Նվիրապետական Աթոռների Գահակալներին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսին, Երուսաղեմի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Նուրհան արքեպիսկոպոս Մանուկյանին, Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանին, Քույր Եկեղեցիների հոգևոր Պետերին և մեր Եկեղեցու ուխտապահ ողջ հոգևոր դասին: Հայրապետական օրհնությամբ ողջունում ենք Սուրբ Պատարագի արարողությանը ներկա Հայաստանի Հանրապետության Նախագահ տիար Սերժ Սարգսյանին, ողջույն ենք հղում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Նախագահ Տիար Բակո Սահակյանին, հայոց պետական ավագանուն, Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներին: Հայրապետական Մեր օրհությունն ենք բերում աշխարհասփյուռ համայն մեր ժողովրդին՝ հոգու բերկրությամբ ողջունելով.
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ, ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։