Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԾԱՅՐԱԳՈՒՅՆ ՊԱՏՐԻԱՐՔ ԵՎ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ԽՈՍՔԸ ՆՈՅԵՄԲԵՐԻ 9-ԻՆ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ ՎԱՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՀՈԳԵՀԱՆԳՍՏՅԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿ
Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Անցյալ տարի հայրենական մեր կյանքը փոթորկվեց ու ցնցվեց Թուրքիայի աջակցությամբ և ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ Ադրբեջանի կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված լայնամասշտաբ պատերազմի ողբերգական իրադարձություններով: Մեր բազում զավակների նահատակման, հայրենիքի զգալի մասի կորստի և հետպատերազմյան շրջանում նոր զոհերի ծանր ու վշտագին ցավը շարունակում է մորմոքել մեր ժողովրդի սիրտը:
Մեկ տարի առաջ այս օրը՝ նոյեմբերի 9-ին, միջազգային հանրության և ի մասնավորի Ռուսաստանի Դաշնության իշխանությունների ջանքերով հնարավոր եղավ կասեցնել ադրբեջանական ագրեսիան, որի հետևանքները անվտանգության, տնտեսական և սոցիալական խնդիրների լրջագույն մարտահրավերներ են ստեղծել մեր երկրի և ժողովրդի համար:
Մեր դեմ ծառացած հիմնախնդիրների լուծման ճանապարհը մեզ պատուհասած վշտի ու հուսախաբության թոթափումն է։ Մեր սրբազան պարտքն է ծանրագույն այս փորձությունները դիմագրավել արժանապատվությամբ՝ հաստատուն պահելով մեր ժողովրդի զավակների սերն ու նվիրումը հայրենիքի, հոգևոր ու ազգային արժեքների նկատմամբ, նպաստելով Հայաստանի ու Արցախի առաջընթացին, զորացնելով աշխարհասփյուռ մեր ժողովրդի միասնականության նախանձախնդրությունը։ Ներկա բարդագույն իրավիճակը հրամայականն է բերում մեր ժողովրդի բոլոր զավակներին, իշխանություններին, հասարակական-քաղաքական կառույցներին՝ միաբանվել ազգային-պետական գերագույն շահերի շուրջ, ձևավորել ներազգային համերաշխության և վստահության առողջ մթնոլորտ՝ հանձնառու գործակցությամբ և երկխոսության ճանապարհով հետամուտ լինելու երկրի առջև հառնած մարտահրավերների բարվոք լուծմանը: Այդպես միայն մենք կարող ենք ուղղել մեր կորացած մեջքը, ցավը վերափոխել ուժի, հայրենաշեն նախաձեռնություններ ու ծրագրեր իրագործելով պահպանել մեր ազգի կենսունակությունը, հայրենիքում արժանապատիվ կյանքի պայմաններ ստեղծելով խրախուսել որդեծնությունը, կանխել արտագաղթը, զորացյալ ու կենսունակ պահել սփյուռքը, վերազարթոնք բերել մեր պետությանը` համատեղ ջանքեր ներդնելով տնտեսության, գիտության, կրթության ու մշակույթի զարգացման գործում։
Մեր Սուրբ Եկեղեցին ամենօրյա իր փրկարար առաքելության մեջ շարունակելու է Հայաստանում, Արցախում և սփյուռքի համայնքներում զորացնել հայորդյաց հավատն ու ապագայահայաց լավատեսական ոգին, սերն ու նվիրումը առ հայրենին՝ աշխարհասփյուռ թեմերով ու բարեպաշտ իր զավակներով նաև զորակցություն բերելով մեր երկրի վերքերի ամոքմանը, առկա ճգնաժամի հաղթահարմանը, ներհասարակական կյանքում խաղաղության և եղբայրսիրության զորացմանը: «Հետամուտ լինենք խաղաղության և շինության` միմյանց հանդեպ»,- պատգամում է առաքյալը (Հռ. 14.19)։ Հիրավի, հայրենական անդաստանում հաստատուն կլինի խաղաղությունը և արդյունավոր՝ ջանքերը լուսավոր գալիքի կերտման, երբ ազգային կյանքից մերժվեն ատելությունն ու անհանդուրժողականությունը։
Այսօր համայն հայության հոգևոր կենտրոն Սուրբ Էջմիածնից Գերագույն Հոգևոր Խորհրդի անդամների, Մայր Աթոռի միաբանության, հավատավոր մեր ժողովրդի հետ միասնաբար աղոթք ենք բարձրացնում Հայաստան, Արցախ մեր հայրենիքի խաղաղության ու անսասանության համար։ Աղոթում ենք առ Բարձրյալ Տերը հանուն հայրենյաց պաշտպանության զոհված քաջորդիների համար, որ Ողորմածն Աստված երկնային երանական հարկերում հանգստություն պարգևի նրանց հոգիներին և մխիթարություն՝ սգավոր ընտանիքներին, շուտափույթ վերադարձ գերյալներին և անհայտ կորածներին: Հայցում ենք Տիրոջ օգնականությունն ու Սուրբ Աջի հովանին հայրենաբնակ և աշխարհասփյուռ Մեր զավակներին:
Թող Տիրոջ շնորհն ու օրհնությունը լինեն մեր երկրի ու մեր ժողովրդի հետ, այժմ և հավիտյանս. ամեն։
10.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․