Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը

Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը | Och Oq Chi Karogh Gal Depi Indz Ete Nran Chdzgi Hayry

Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ (Հովհ 6։44)։

Սիրելի՛ բարեպաշտ հավատացյալներ,

Մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս ասաց այս խոսքերը հացի և ձկան հրաշալի բազմացումից շատ չանցած, երբ ժողովուրդը, և հատկապես՝ փարիսեցիները, այդ սքանչելի հրաշքից հետո էլ դարձյալ նշան էր ուզում Նրանից, իբրև թե հավատալու համար։

Կրկին ընթերցեք Հովհաննեսի ավետարանի վեցերորդ գլուխը, սիրելի՛ հավատացյալներ, և կտեսնեք, թե քանի՜ անգամ է Քրիստոս կրկնում միևնույն ճշմարտությունը․ «Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած. թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի» և «ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք. և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ»։ Սա ասում է Աստծու Մեսիային սպասող հրեաներին՝ փարիսեցիներին, օրենսգետներին ու հասարակ ժողովրդին։ Ավետում է, որ ահա՛ ձեր սպասած, ձեր փափագած փրկությունը, հավիտենական մանանան արդեն իսկ ձեր առջև է, ընդամենը ձեռքի հեռավորության վրա․ միայն մոտեցեք ու ստացեք։ Հագեցրե՛ք վերջապես ձեր հոգու սովը, լցրե՛ք այն անծայրածիր դատարկությունը, որ միայն Աստված է ի զորու լցնել։ Սակայն ինչպես այն օրերին, այնպես էլ հիմա բախվում է մարդկային խստասրտության, հոգևոր կուրության ու համառության պատին, որ հպարտ եսասիրությունն է շարում մարդու և նրա իսկ փրկության միջև։

Իսկապես որքա՜ն հոգնեցուցիչ է մարդկային անմիտ համառությունը, հոգևոր կուրության մեջ մնալու համառությունը, սեփական փրկությունը տեսնել չկամեցող և մերժող համառությունը․․․ Հոգնեցուցիչ է մեզ՝ տկարներիս համար, որ համբերություն չունենք, սակայն ոչ Բազումողորմ Աստծու, Որն անեզր սիրով ու համբերությամբ կրկին ու կրկին փրկության հնարավորություն է պարգևում մեզ և սպասում մեր տունդարձին։

Նույն Հովհաննեսի ավետարանում ասվում է․ «Սկզբից էր Բանը, և ․․․․Կյանքը նրանով էր: Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր: ․․․․Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ» (1։1-9): Իսկ սա նշանակում է, սիրելինե՛ր, որ աշխարհում չկա մի մարդ, որի կյանքում Աստված չգործի, այս կամ այն կերպ ցույց չտա Իր ներկայությունը, չբախի նրա սրտի դուռը և զանազան միջոցներով չփորձի Իր սերն ու լույսը հասցնել նրան։ Եվ միայն ու միայն մեր սրտի մաքրությունից, մեր կյանքի մաքրությունից է կախված՝ արդյո՞ք կունենանք այն հավատը, որի միջոցով կկարողանանք տեսնել ու սիրել Միակ ու Ճշմարիտ Աստծուն՝ Հիսուս Քրիստոսին։

Այս առթիվ մի զավեշտական պատմություն հիշեցի, որ կարդացել եմ։ ԽՍՀՄ աստվածամերժ տարիներին մի հնգամյա տղայի, որն իրեն կոմունիստ էր համարում, տատիկը պատմում է Աստծու մասին և սրբապատկերներ ցույց տալիս։ Տղան, քանի որ «կոմունիստ էր», խիստ բարկանում է, գնում իր սենյակն ու չգիտես ինչու՝ չորեքթաթ վազելով՝ սկսում գոռալ․ «Աստված չկա՛, Աստված չկա՛»։ Բայց միևնույն ժամանակ զգում է, որ պետք է հնարավորինս արագ վազել, որպեսզի Աստված չկարողանա իրեն կայծակնահար անել․․․

Ես վստահ եմ, որ յուրաքանչյուր մարդ, լինի աթեիստ թե ագնոստիկ, Աստծու գոյությունը մերժող կամ կասկածի տակ առնող մեկ այլ տեսակետի հետևորդ, ազնվության դեպքում իր կյանքում կհիշի առնվազն մի քանի դրվագ, երբ հստակ զգացել է Բարձրյալի ներկայությունը կամ գոնե կասկածել, որ իրականում գոյություն ունի մեզնից շատ ավելի բարձր գտնվող մի Ուժ, մի Ձեռք, Որը հետ է պահում վտանգից ու հոգ տանում մեր մասին։ Սակայն, ինչպես արդեն ասացի, մարդկանց մեղքերի բազմությունն ու դրանցից արատավորված սիրտը թույլ չեն տալիս, որպեսզի Կենաց Լույսը դիպչի իրենց ու դուրս բերի այդ կուրացնող խավարից։ «Նա աշխարհի մեջ էր, և աշխարհը նրանով եղավ, սակայն աշխարհը նրան չճանաչեց: Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին: Իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց լինելու Աստծու որդիներ, նրանց, որոնք իր անվանը կհավատան» (Հովհ․ 1։10-12)։

Ես մեծ հույս ունեմ, Քրիստոսի սիրելի՛ հետևորդներ, որ մենք բոլորս այս վերջին երանելիների շարքում ենք և կմնանք, քանի որ յուրաքանչյուրս իր կարողության չափով տեսել է Քրիստոսի ապրեցնող լույսն ու ճանաչել Նրա ներկայության քաղցրությունը։ Ուստի ամեն ջանք կգործադրենք դրանք չկորցնելու, այլ պահպանելու և ավելիին արժանանալու համար։

Քրիստոս ասում է․ «Ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի Հայրը»։ Սա ի՞նչ է նշանակում, սիրելի՛ հավատացյալներ։ Արդյոք Սիրող Հայրը տարբերություն է դնում Իր իսկ արարածների միջև՝ մեկին դեպի Իրեն ձգելով, իսկ մյուսին անտեսելով։ Ո՛չ իհարկե։ Եկեղեցու հայրերը սա նմանեցնում են մագնիսի ձգողությանը, երբ երկաթ պարունակող իրերն են ձգվում դեպի վերջինս։ Այսինքն՝ քո պարունակությունն է, քո էությունն է որոշիչը՝ կձգվե՞ս դեպի Աստված, թե՞ ոչ։ Կամ երբևէ տեսե՞լ եք արևածաղիկների դաշտ։ Բացառիկ գեղեցկություն է։ Եվ հատկապես հիացնում է այն, որ ծաղիկների բոլոր գլխիկները միևնույն ուղղության վրա են՝ դեպի արևը՝ իրենց ջերմացնողն ու կյանք պարգևողը։ Եվ եթե մենք էլ կամենում ենք պահպանել մեր փրկարար ու լուսավորիչ հավատը, ապա, հանց արևածաղիկներ, պիտի մեր հայացքները մշտապես ուղղենք դեպի Կենսատու Արեգակ Հիսուս Քրիստոս։ «Ով տեսնի Որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք», իսկ տեսնել Որդուն նշանակում է միշտ նայել Նրան, միշտ սիրով ու կարոտով հիշել Նրա մասին, միշտ ցանկանալ տեսնել Նրա սիրելի պատկերը և՛ հոգու, և՛ մարմնի աչքերով։ Եվ ապրել այնպես, միտքը, խոսքն ու գործը դասավորել այնպես, որպեսզի Քրիստոս չխորշի մեզնից, այլ սիրով բնակվի մեր սրտում և գործի մեր միջոցով։ Սա էլ հենց ճշմարիտ հավատն է, որ մեզ դարձնում է Աստծու որդեգիր ու ժառանգորդ և պարգևում հարության հույսը, սիրելի՛ եղբայրներ և քույրեր ի Քրիստոս։ Իսկ ի՞նչ կա սրանից ավելի կարևոր բան այս կյանքում։ Ոչինչ։

Սուրբ Հովհան Ոսկեբերանն ասում է․ «Նա ինչո՞ւ է այդքան հաճախ և ամեն առիթով խոսում հարության մասին։ Որպեսզի չկարծեն, թե Աստծու նախախնամությունը սահմանափակվում է միայն ներկայիս դրությամբ, ուստի և չվհատվեն, եթե այստեղ բարիքներ չեն վայելում, այլ հուսան ապագայի բարիքներին, և չարհամարհեն այն, եթե պատիժ չեն կրում այս կյանքում, այլ սպասեն մյուս կյանքին։

Սակայն եթե հարության մասին հաճախակի զրույցներից նրանք (հրեաները) ոչինչ չշահեցին, ապա ջանանք մենք վաստակել»։ Սրա մասին է խոսում նաև սուրբ Պողոս առաքյալը՝ ասելով․ «Իսկ եթե մեռելները հարություն չեն առնում, ապա Քրիստոս էլ հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս հարություն չի առել, իզուր է ձեր հավատը, և տակավին նույն մեղքերի մեջ եք: Իսկ արդ, նրանք, որ ննջեցին ի Քրիստոս, կորա՞ն արդյոք: Եթե միայն այս կյանքի համար ենք հույս դրել ի Քրիստոս, ողորմելի ենք, քան բոլոր մարդիկ» (Ա Կորնթ․ 15․16-19), ինչպես նաև․ «Քանզի մենք բոլորս Քրիստոսի ատյանի առաջ պիտի ներկայանանք, որպեսզի յուրաքանչյուրն ստանա, ինչ որ արել է ավելի առաջ իր մարմնով՝ թե՛ բարի և թե՛ չար» (Բ Կորնթ․ 5։10):

Չարությամբ և անբարոյությամբ ապականված այս աշխարհում, որտեղ ճշմարտությունն ու արժեքները, բարու և չարի հասկացությունը գլխիվայր են շրջվել, այսօր շատ դժվար, համարյա անհնար է մարդ մնալ առանց Աստծու օգնության, սիրելի՛ հավատացյալներ։ Ուստի ամո՛ւր կառչեք Քրիստոսի հավատից, որ ձեր փրկության ճանապարհի ջահն է, ձեզ գոտեպնդողն ու զորացնողը։ Այն իսկական փրկօղակ է փորձությունների ծովում, որ ձեզ է տրվել Մարդասեր Աստծու կողմից։ Դուք այն երանելիների թվում եք, որ հարության ու հավիտենական կյանքի անմար հույսն ունեն համատարած անհուսության մեջ, որ երբեք մենակ չեն, քանի որ սիրող Երկնային Մայր ու Հայր ունեն, որ ասում է՝ մի՛ վախեցեք, ես ձեզ հետ եմ բոլոր օրերում (հմմտ․ Ղուկ․ 12։32, Մտթ․ 28։20)։

Մենք հավատում ենք Քրիստոս Աստծուն, որ մեզ սիրելով Երկիր իջավ, խաչվեց ու հարություն առավ, որպեսզի մենք՝ Իր սիրելի զավակներն, այլևս մշտապես Ի՛ր կողքին լինենք, այլ ոչ թե մարդատյաց թշնամու, որ միայն մեր կործանումն է տենչում։ Սա գիտակցելով՝ պիտի որ անսահման սիրով ու երախտագիտությամբ լցվենք առ Տեր Հիսուս Քրիստոս, և ամեն ինչ անենք մեզ հույս պարգևող հավատի մեջ ամրանալու և դրանում առաջադիմելու համար։ Առնվազն ամեն կիրակի ներկա լինենք սուրբ Պատարագներին։ Հնարավորության դեպքում նաև շաբաթվա մյուս օրերին մասնակցենք առավոտյան կամ երեկոյան աղոթքներին՝ ժամերգություններին։ Ամեն օր կենդանի հաղորդակցության մեջ լինենք մեր սիրելի Քրիստոսի, Սուրբ Աստվածածնի և սրբերի հետ Աստվածաշնչի, հոգևոր գրականության ընթերցանության ու աղոթքի միջոցով։ Մեր հավատը բորբոքենք ու կենդանի պահենք մեր հավատակիցների ընկերակցության, համատեղ հոգևոր զրույցների ու քննարկումների միջոցով, այն մարդկանց հետ հաճախակի հաղորդակցվելով, որոնցում զգում ենք Աստծու լույսը, ներկայությունը կամ անկեղծ մղումը Նրան ավելի լավ ճանաչելու և աստվածահաճո կյանքով ապրելու համար։ Ուշադի՛ր եղեք ձեր մերձավորների նկատմամբ, սիրելինե՛ր, գտե՛ք գոնե մի մարդու, ով ձեր կարիքն ունի և որին կարող եք օգնել՝ լինի ուղղակի սրտացավ զրույցով, նյութական փոքրիկ օգնությամբ, ինչ-որ հարցում աջակցելու կամ հոգատարության որևէ այլ դրսևորմամբ, բայց ջանացեք օգտակար լինել ձեզ շրջապատող մարդկանց, քանի որ նրանք էլ, ձեզ պես, միշտ սիրո և խնամքի կարիք ունեն։ Եվ արեք այդ առանք փոխադարձության ու երախտագիտության ակնկալիքի, այլապես ձեր սիրո և բարության դրսևորումը կվերափոխվի առևտրի։

Ձգտեք ամենուր ու մշտապես տեսնել Քրիստոսին և այնժամ ավելի քիչ մեղք կգործեք, որն էլ կնպաստի ձեր հավատի ամրացմանը, քանի որ մեղքն է, որ թուլացնում է մարդու հավատը։ Հետևաբար փնտրեք, թե որտեղ եք սխալվել, երբ զգում եք, որ ձեր հավատը տկարացել է և դուք՝ հեռվացել Երկնքից։

Մաղթում եմ ձեզ, սիրելինե՛ր, որպեսզի հնարավորինս մոտ լինեք նրան և միշտ լսելի՝ Երկնավոր Հոր կողմից։ Որ աչքի լույսի պես պահպանեք ձեր անգին գանձը՝ կենդանի հավատը, քանի որ միայն դրա առկայության դեպքում կարող եք հուսալ, որ Քրիստոս «չի կորցնի» ձեզ, այլ հավիտենական կյանքի կարժանացնի․ ամեն։

 

Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան

30.01.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․