Հայր Մովսեսի մասին լսեց ոմն իշխան և գնաց Սկիտե` նրան տեսնելու: Այդ մասին ոմանք տեղեկացրին ծերին, իսկ նա փախավ և գնաց դաշտ: Եվ հանդիպեցին նրան իշխանը և իր հեծյալները, մինչ գնում էր ծերը դաշտով, և ասացին նրան. «Ասա՛ մեզ, ծե՛ր, որտե՞ղ է հայր Մովսեսի սենյակը»: Ծերն ասաց. «Ինչո՞ւ եք փնտրում նրան, քանի որ նա մոլագար է»: Եվ երբ իշխանը եկավ եկեղեցի, նրան ընդառաջ ելան եղբայրները: Իշխանը նրանց ասաց. «Լսեցի ես հայր Մովսեսի մասին և եկա տեսնելու նրան: Մեզ հանդիպեց մի ծեր, որ գնում էր Եգիպտոս, և հարցրինք նրան հայր Մովսեսի մասին, իսկ նա մեզ ասաց` ինչո՞ւ եք փնտրում նրան, քանի որ նա հիմար է և մոլագար»: Եվ երբ եղբայրները լսեցին այս, սաստիկ տխրեցին և ասացին. «Ինչպիսի՞ն էր այդ ծերը, որ նման բաներ ասաց մեր սուրբ հոր մասին»: Նրանք ասացին. «Ալևոր էր, հնոտի զգեստներով, մեծահասակ ու սև»: Իսկ նրանք ասացին. «Դա հենց նույն ինքը հայր Մովսեսն է եղել, որ չի կամեցել իրեն ճանաչեք, դրա համար էլ այդպես է ասել»: Եվ հոգեպես մեծ շահ ստացած՝ իշխանը վերադարձավ իր տեղը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016