23 Նոյեմբեր, Շբ
Գնաց մի անգամ Նիկոպոլսի եպիսկոպոս հայր Ադելփիոսը հայր Սիսոյի մոտ` հայր Անտոնի լեռը: Երբ պատրաստվում էր ելնել այնտեղից, նախքան ճանապարհ ընկնելը՝ հայր Սիսոն նրանց առավոտյան նախաճաշ մատուցեց. պահքի օրեր էին: Երբ սեղան դրեցին, այդ պահին փարանացիք բախեցին դուռը: Եվ հայր Սիսոն ասաց իր աշակերտին. «Մի քիչ փոխնդապո՛ւր տուր նրանց, քանզի հոգնած են»: Ասաց նրան հայր Ադելփիոսը. «Պետք չէ այդպես, հա՛յր, որպեսզի չասեն, թե Սիսոն առավոտյան ճաշակում է»: Ծերը նայեց նրան ու ասաց. «Գնա՛ և տո՛ւր նրանց»: Եվ երբ տեսան փոխնդապուրը, նրան ասացին, թե օտար մարդիկ կան այստեղ, և ծերը ճաշակում է նրանց հետ: Եվ նա նրանց ասաց` այո՛: Իսկ փարանացիք սկսեցին տառապել և ասել. «Թող ների ձեզ Աստված, քանի որ ծերին ստիպեցիք ճաշակել այս ժամին. չգիտեք, թե հետո որքան պիտի ճգնի դրա համար»: Այս լսելով` եպիսկոպոսը ընկավ ծերի առաջ և ասաց. «Թողությո՛ւն շնորհիր ինձ, հա՛յր, քանի որ մարդկայնորեն խոսեցի, իսկ դու Աստվածայինն ես խորհում»: Ասաց նրան հայր Սիսոն. «Թող Աստվա՛ծ փառավորի մարդուն. մարդկանց փառքը ոչինչ է և երբեք հաստատուն չէ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016