Թագավորի խորհրդատուն հանդիպում է մի գյուղացու, ով անջրդի վայրում ջրհոր էր գտել և արքայի նվիրած արծաթափայլ դույլերով ոգևորությամբ ջուր էր կրում և ծովի մեջ լցնում: Խորհրդատուն հանդիմանում է. «Բարի գործ անելու համար անտեղի ոգևորությունդ քեզ անխոհեմության և անմտության է հասցրել և փոխանակ ցամաքած վայրերում չորացող ծառերի ու ծաղիկների ծարավը հագեցնես, դույլերով ծովի մեջ ես ջուր լցնում` պարծենալով, թե արքայի համար ծովի ջուրն ես ավելացնում...»:
Լինում են դեպքեր, երբ մարդիկ ոգևորված աղոթում են Աստծուն, որպեսզի իրենց հնարավորություններ և կարողություններ տրվեն աստվածահաճո գործ անելու համար, սակայն Աստված լռում է` այդպիսով կոչ անելով խոհեմության և համբերատարության, քանի որ տեսնում է, թե տվյալ անձինք վերոհիշյալ գյուղացու նման անխոհեմ ոգևորությամբ ինչպես են ծովի մեջ ջուր լցնելու, այլ ոչ թե չորացող ծառերի ու ծաղիկների ծարավը հագեցնելու...
Հովհաննես Մանուկյան