6 Հուլիս, Բշ, Վարդավառի պահքի Ա օր

Ուղի, որ օգնում է վերագտնել ինքդ քեզ

  Ուղի, որ օգնում է վերագտնել ինքդ քեզ |   Oghi Or Ognum E Veragtnel Inqd Qez

Ժամանակակից աշխարհի տեղեկատվական հեղեղը, սոցիալական ցանցերն ու բազմաթիվ մարտահրավերներ երիտասարդի կյանքը շատ հաճախ լցնում են անհանգստությամբ ու տագնապով՝ հեռվացնելով նրան ինքն իրենից: Տեղեկատվական հորձանուտի մեջ կանգ առնելու, աստվածատուր կյանքը վերարժևորելու և ներքին խաղաղություն ձեռք բերելու լավագույն միջոցներից է հոգևոր ճամփորդությունը՝ ուխտագնացությունը: Հուլիսի 5-ին «Զորավոր» երիտասարդաց միությունը հոգևոր ճամփորդության մեկնեց ՝ նախ Տերունի օրը նշանավորելով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ Պատարագին մասնակցությամբ: Երիտասարդները, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեցին Ակունք գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի և Ս.Պողոս-Պետրոս մատուռ-սրբավայր:

Ակունքի Ս. Աստվածածին եկեղեցում երիտասարդ ուխտավորներին դիմավորեց և ողջունեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աբգար քահանա Մարգարյանը, մաղթեց, որ Տերն ի կատար ածի իրենց ուխտը և ուխտագնացության կարևորության մասին խոսելով՝ այն նմանեցրեց ծիածանի, որ կամրջում է մարդուն և Աստծուն: Ապա Տեր Հայրը հյուրասիրեց երիտասարդներին քաղցրավենիքով և, իր օրհնությունը տալով նրանց, «Պահպանիչ» աղոթքով արձակեց: Հաջորդ սրբավայրում՝ Ս. Պողոս մատուռում, երիտասարդները, Տեր Վահանի գլխավորությամբ, միասնաբար աղոթք վերառաքեցին առ Տեր՝ Հայոց ազգի, եկեղեցու և  հոգևոր վերելքի համար, «Տեր ողորմեա» շարականը երգեցին, իսկ Ս. Պետրոս մատուռում ուխտավորները ընթերցեցին սբ. Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» աղոթաշարը: Այնուհետև «Զորավոր» երիտասարդաց միությունը համախմբվեց սիրո ճաշի շուրջ, հոգեշահ զրույց ունեցավ և Տեր Վահանը պատասխանեց երիտասարդներին հուզող հարցերին:

Հոգենորոգ ուխտի օրը նպաստեց, որ նույն գաղափարի և նպատակի շուրջ համախմբված երիտասարդների միջև ձևավորվի անկեղծ ու մտերիմ միջավայր, հնարավորություն տվեց երիտասարդներին կանգ առնել արագընթաց աշխարհում, վերագտնել հոգևոր արմատները, կոփել կամքը և կյանքին նայել նոր՝ ավելի լուսավոր ու իմաստավորված հայացքով։ «Զորավոր» երիտասարդաց միությունը Երևան վերադարձավ հոգևոր մեծ լիցքերով, խաղաղությամբ և հոգեշահ գործեր ձեռնարկելու պատրաստակամությամբ։

 

Կարինե Սուգիկյան

05.07.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․