Ողջ աշխարհի ցավն ես զգում, երբ խաչված ես, մաս 2

Հայր Սոֆրոնին շատ լավ է ասել, որ երբ տառապանք ես զգում, սովորաբար փակվում ես քո մեջ՝ մենակ մնալով տառապանքներիդ ու խնդիրներիդ հետ: Բայց այլ ուղի էլ կա՝ կարող ես ուրիշների մասին մտածել, այն մասին, որ հենց այդ պահին միլիոնավոր մարդիկ Երկրի վրա՝ չգիտեմ որտեղ, միգուցե հարևան բնակարանում, վերևի հարկում, դիմացի տանը, հարևան շրջանում, ուրիշ քաղաքում, ուրիշ երկրում, ուրիշ մայրցամաքում, ամբողջ աշխարհում, ողջ մոլորակով մեկ նույնպիսի մեծության փորձության միջով են անցնում, ինչպես դու: Իսկ ուրիշները շատ ավելի մեծ փորձությունների են ենթարկվել: Եվ սա ինչ-որ կեղծ սփոփանք չէ, սուտ չէ, ճշմարտություն է:

Այժմ, երբ ինձ քո վշտի մասին ես պատմում, հազարավոր մարդիկ նույնիսկ չգիտեն, թե որտեղ մխիթարություն գտնել, ում դիմել, ում հետ խոսել, ուր զանգել, ինչ աղոթք կարդալ… Նույնիսկ չգիտեն, թե Ով է Աստված, գոյություն ունի՞ արդյոք, ինչ է Նրա անունը, որ դուռն է պետք թակել: Նստած տառապում են:

Բավական է միայն մտածես նրանց մասին և մեծ մխիթարություն կստանաս: Սիրտդ ավելի կմեծանա և այլևս մենակ չես լինի՝ ինքնաբերաբար միլիոնավոր մարդկանց ընկերը կդառնաս, որոնց անձամբ ծանոթ չես, բայց սիրտդ շատ լավ է ճանաչում: Եթե այն ծաղկի պես նուրբ, փափուկ ու զգայուն դառնա, ապա կհասկանաս նրանց ողջ ցավը, կմխիթարվես, կկարողանաս գոնե մի փոքր ուժ գտնել ու տրտնջալու փոխարեն կաղոթես այն անծանոթ մարդկանց համար, ովքեր քեզ պես և քեզնից ավելի են տառապում:

Հայր Սոֆրոնիի գրքում կարդացել եմ, որ մարդկային սիրտը մեծանում է, երբ ուրիշի տառապանքն իր մեջ է առնում և ունակ է զգալ այն, ինչ ուրիշն է զգում:

Այլ կերպ ասած, Աստված ինձ «զբոսանքի» է վերցրել ամբողջ աշխարհով, մարդկային համաշխարհային տառապանքի միջով և դա պատիվ է ինձ համար՝ հաղորդակից լինել համայն մարդկության ապրումներին: Եվ ահա, իր տնակում ապրող միայնակ էակից՝ ինձնից, Նա համաշխարհային էակ է դարձնում, որն ի զորու է ողջ Տիեզերքը, ողջ աշխարհի ու բոլոր մարդկանց տառապանքն իր գիրկն առնել: Որովհետև տառապանքն ու վիշտն ընդհանուր են բոլոր մարդկանց համար:

Դու հարազատ ես կորցրել, նա ամուսնալուծվել է, երրորդը՝ հիվանդ է, չորրորդը՝ միայնակ, բայց այս ամենը տառապանք է, որ տարբեր ձևեր է ընդունում:

Ուրիշների տառապանքը կիսելը մեզ իսկապես հարուստ է դարձնում, և երբ դու դա հասկանաս, այնժամ տառապանքը քեզ չի ստիպի ամփոփվել քո մեջ, թաքնվել կեղևիդ տակ, այլ այդ ճանապարհորդության պատճառը կդառնա, հնարավորություն կտա աղոթքի տրամադրվել՝ Գեթսեմանիի պարտեզի աղոթքին, որ Տերը Ձիթենյաց լեռան վրա արեց:

Դա տառապանքի աղոթք է, մեծ տառապանքի՝ այն պահին, երբ Տերն Իր սրտում ողջ մոլորակի տառապանքն առավ՝ Ադամից մինչև աշխարհի վերջին մարդը: Եվ դու Տիրոջ աղոթքի ալիքը քո մեջ ես առնում, գրկում ես ողջ աշխարհը և ապրում ես՝ սրտումդ «լալիս եմ արտասվողների հետ» խոսքերով:

Այժմ կարող ես լաց լինել լացողների հետ ու հասկանալ ուրիշի ցավը: Եվ այնժամ ասում ես. «Իմ տառապանքն ի՞նչ է ուրիշների ցավի համեմատ: Ամեն ինչ այնքան էլ սարսափելի չէ: Այո՛, դժվար է ինձ համար, բայց որքա՜ն են ուրիշները տառապում»:

Եվ երբ կհանգես այն եզրակացությանը, որ ուրիշները քեզնից ավելի են տառապում, կնշանակի, որ հաջողել ես, հասունացել, ուժեղ ես դարձել, որ տառապանքը քեզ դաս է տվել, սովորեցրել է սիրել, մեծահոգի լինել, ամեն բան ներել: Սովորեցրել է շնորհակալ լինել, փառաբանել, աղոթել: Եթե քո ցավով ու Խաչով կարողանաս փառաբանել ու երախտագիտություն հայտնել, ապա ավելի կուժեղանաս ու կասես. «Այսպես եմ ապրելու»:

Որովհետև գոյություն չունի այնպիսի մի պահ, երբ փորձությունները կավարտվեն, ուղղակի փոփոխություն կլինի՝ մի ալիքն անցնում է, մեկ ուրիշն է գալիս դրա փոխարեն: Երբ ծովում լողում ենք, կարո՞ղ ենք հուսալ, որ ալիք չի լինի: Նման բան չի լինում:

Գիտեմ, որ երբ քեզ հետ խոսում եմ այդ մասին՝ գորովով ես լցվում և միգուցե նույնիսկ արտասվում ես, բայց միանշանակ հարց ես տալիս ինքդ քեզ. «Այո՛, խոսքով ամեն ինչ հեշտ է, բայց ինչպե՞ս կյանքի կոչել»:

Կյանքի կոչել… կատարիր այն, ինչ հոգեհարազատ է քեզ: Մի անգամ կսայթաքես, մի ուրիշ անգամ հավատդ մի փոքր կկորցնես… Բայց Աստված սիրում է քեզ: Եվ երբ հավատդ կորցնում ես, միևնույն է, Աստված սիրելու է քեզ:

Մի մարդ ինձ ասաց.

- Ինձ բաժին հասած Խաչից հետո հավատս կորցրեցի:

Ես պատասխանեցի.

- Լավ:

- Ի՞նչը լավ: Ի՞նչ անեմ:

- Կրկին հավատի կդառնաս:

- Բայց ես այլևս չեմ հավատում:

- Դա խոչընդոտ չէ: Ուզո՞ւմ ես խոսել:

- Բայց…

- Եթե քեզ պատմեմ, թե ինչ եմ վերապրել ու հիմա ինչ եմ զգում, ապա քեզ ավելի լավ կզգա՞ս:

- Իհարկե, ավելի լավ կզգամ:

- Լավ, արի՛ խոսենք: Եվ եթե ինձ, որպես Աստծո մարդու և հոգևորականի, չես հավատում և տատանվում ես, ապա դա խոչընդոտ չէ: Արի՛ որպես երկու ընկեր խոսենք: Ուղղակի ինչպես ընկերներ:

- Շնորհակալություն, որ չմերժեցիր ու չնախատեցիր ինձ:

- Ինչպե՞ս կարող եմ նախատել քեզ, եթե գիտեմ, որ տառապում ես: Ոչ ոք չի կարող քեզ ստիպել ինչ-որ բան զգալ, եթե դա ինքն իրեն քեզ մոտ չգա:

Սա էլ կանցնի, նա էլ կանցնի, կյանքդ էլ կանցնի և ուրիշը կգա, որ հավիտենական խաղաղություն, ուրախություն ու ցնծություն կլինի: Որքա՞ն մարդիկ են տառապել և այժմ որտե՞ղ են նրանք: Արդեն այս աշխարհում չեն, մահացել են: Արդեն չեն լալիս, ցավից չեն բղավում:

Այն պահին, երբ քեզ հետ դժբախտություններ են պատահում, դրանք սարսափելի են թվում քեզ և իսկապես սարսափելի են, բայց այնուհետև Հարությունն է գալիս:

Մի օր քո հարությունն էլ կգա, անհնար է, որ նման բան չլինի: Մարդու կյանքում տառապանք կա, բայց ուրախություն, լույս, հույս էլ կա, և այնժամ ոչ մի ցավ չի կարող տիրել մեզ:

Այդ ամենը պատահում է մեզ, որպեսզի խոնարհություն ձեռք բերենք, սիրենք, որպեսզի այլոց հետ միավորված զգանք մեզ: Շատ կարևոր է, երբ տառապանքի պահին կողքիդ այնպիսի մարդ կա, ում հետ կարող ես խոսել: Բայց ավելի կարևոր է, երբ կարող ես Աստծո կողքին լինել ու Նրա հետ խոսել:

Պատմել ես, որ չունես մի այնպիսի մարդ, ով քեզ մի երկու խոսք կասեր, ում հետ կկարողանայիր ցավդ կիսել:

Բայց Տերը մեկ այլ շատ կարևոր դաս էլ է տալիս: Նա ասում է քեզ. «Զավա՛կս, եթե նույնիսկ բոլորը լքեն քեզ, ուզում եմ ցույց տալ, թե ինչ հզոր ուժով եմ քեզ օժտել: Գիտե՞ս, թե ինչ ուժ է: Առանց կողմնակի օգնության, սեփական ոտքերի վրա կանգնելու ուժն է: Եվ դու ընդունակ ես դրան, Ես կապացուցեմ քեզ»:

Հանկարծ կորցնում ես բոլոր ընկերներիդ ու ծանոթներիդ, որ օգնում էին քեզ, մենակ ես մնում ու խելագարվում ես: Բայց Քրիստոս ասում է քեզ. «Մի՛ վախեցիր: Հիմա կտեսնես, թե ինչ ուժ է ծաղկելու քո մեջ: Այդպես եմ անում, որ տեսնես, որ կարող ես»:

Եվ հանկարծ տեսնում ես, որ կողմնակի օգնության կարիք չես զգում: Որ կարող ես Քրիստոսին վստահել ու քայլել ինչպես այն անդամալույծը, որին ասաց. «Վե՛ր կաց»:

Բայց ինչպե՞ս վեր կենամ, եթե անդամալույծ եմ:

- Վե՛ր կաց ու քայլի՛ր, ասում եմ քեզ:

- Բայց ուրիշներն էին ինձ օգնում:

- Թո՛ղ ուրիշներին: Ուրիշները քեզ ուժ ու արժանապատվությո՞ւն են տալու: Ե՛ս եմ քեզ արժանապատվություն տալիս, Ե՛ս եմ քեզ ուժ տալիս, Ե՛ս եմ կենարար հյութերը տալիս: Ես քեզ լույս եմ տալիս, որպեսզի ցույց տամ այն գեղեցկությունը, որը քո հոգում եմ դրել:

Դա խորհուրդ է, Խաչի խորհուրդը: Խաչակնքվիր ու աղոթիր Աստծուն, խնդրիր ու ասա.

- Ինչո՞ւ, Տե՛ր: Ասա՛ ինձ, խնդրում եմ: Ուզում եմ լսել Քեզ:

Եվ Նա կպատասխանի.

- Գիտե՞ս, թե ինչու, զավա՛կս: Որովհետև Իմ սերն ուզում է սովորեցնել քեզ:

Մենք ուզում ենք ամեն ինչի պատասխանը ստանալ, բայց հաշվի առ, որ մեր «ինչու»-ներից մեծամասնության պատասխանն այս կյանքում այդպես էլ չենք ստանալու:

Հոգին ունայնացնող այնքա՜ն հարցեր կան… Վերցնենք, օրինակ, փոքրիկ երեխաներին: Հիվանդանոց ես գնում, տեսնում հիվանդ երեխաների ու հարցնում ես. «Ինչո՞ւ: Ինչո՞ւ է նրա հետ նման բան տեղի ունենում: Իսկ ուրիշներն ընդհանրապես երեխա չունեն… Ինչո՞ւ: Ինչո՞ւ այսքան Խաչ կա»:

Որովհետև դրախտում չենք, այլ Երկրի վրա: Երկրի վրա, որտեղ տառապանք ու վիշտ կա: Ցավ ես զգում, երբ փոքր ես, ցավ ես զգում, երբ ծերանում ես: Մի կին ինձ ասաց. «Բոլոր հոդերս ցավում են, ողջ մարմինս է ցավում»:

Երիտասարդ տարիքում մի ցավ էիր զգում, հիմա՝ մեկ այլ: Այդ պատճառով էլ, երբ մեկը մահանում է՝ երգում ենք. «որտեղ չկա հիվանդություն, թախիծ, տրտունջ, այլ՝ կյանք հավիտենական»: Այնտեղ Խաչ չկա, ցավ չկա: Իսկ այս կյանքում կա: Ի՞նչ անել: Ցավդ գրկիր, համբուրիր Խաչդ, պսակդ, զարդարանքդ, հպարտությունդ ու գեղեցկությունդ պահիր և Քրիստոսին խնդրիր, որ Իր գաղտնիքը բաց անի քեզ համար: Ծնկի իջիր: Տերը Գողգոթա գնաց ու ծնկի իջավ: Դու էլ ծնկի եկ: Կեցցե՛ս, մեկ անգամ էլ ծնկիր: Եվ եթե որևէ մեկին վիրավորական ինչ-որ բան ես ասել, ապա խոստովանիր: Ասա՛. «Տե՛ր, նյարդերս կրկին տեղի տվեցին, կրկին տրտնջացի Քեզնից, նյարդայնացա ու մոռացա խոստմանդ ու սիրուդ մասին»:

Խաչ… Մի անգամ Տիրոջ Սուրբ Խաչի ծաղիկներն էի բաժանում եկեղեցում և հերթի վերջում կանգնածների համար համարյա չմնաց: «Քիչ եմ տալիս ձեզ, բայց ձեզ բաժին հասած ծաղիկը որքան քիչ լինի, այնպիսին էլ ձեր Խաչը կլինի»,- ասացի:

Մի մարդ պատասխանեց. «Այո՛, սքանչելի խոսքեր ու մաղթանքներ են, լավն են ու հաճելի, բայց ոչ միշտ են իրականանում»:

Աշխարհում չկա մի մարդ, որ իր կյանքում տառապանքի միջով անցած չլինի: Եվ գիտե՞ս, թե ինչ ծանրություն կա ամենահարուստների սրտերին: Մի՛ կարծիր, թե նրանք ցավ չունեն: Նրանք էլ իրենց ընտանեկան խնդիրներն ու հառաչանքն ունեն, չիրականացված երազանքներ, լարվածություն ու սթրես:

Այսպիսով, եկեք ցավի միջոցով մեզ միավորված ու փոխկապակցված զգանք Քրիստոսով ու Քրիստոսի հետ, գիտակցաբար մոտենանք այդ իրողությանը: Եթե ես Խաչ ունեմ, ապա ուրիշին հասկանում եմ, և տառապող խոստովանահայրեր, ուսուցիչներ, հոգևորականներ, ծնողներ ունենալը լավ է, որովհետև, եթե մենք տառապել ու ցավ ենք զգացել, ապա ուրիշներին էլ ավելի լավ կհասկանանք: Ով ծանր պատանեկություն է ունեցել, բարոյախրատական ճառեր չի կարդում իր զավակին, այլ նեցուկ է հանդիսանում նրան: Հասկանում է:

Ըմբռնողությունը կարևոր բան է: Հասկանում եմ քեզ, որովհետև ինքս եմ անցել դրա միջով: Կարեկցանք… Առանց Խաչի չես զգա: Չես կարող ուրիշների հանդեպ ողորմածություն, բարի տրամադրվածություն ունենալ ու կարեկցանք զգալ, քեզ նրանց տեղը դնել:

Եվ կյանքդ այդպես կանցնի: Մեկը մյուսին պետք է նեցուկ կանգնի, ձեռք-ձեռքի տված առաջ ընթանան: Եվ եթե ձեռքերը, որ բռնել ենք, բաց թողնեն մեզ կամ փուշ դարձած վնասեն, ապա Քրիստոսի ձեռքերին հպվենք: Մի ձեռքը պետք է ազատ լինի, որ Քրիստոսի ձեռքը բռնի: Ձեռք, որ երբեք քեզ չի դավաճանի ու լքի: Ծանոթ ու ծանր խոսքեր ենք ասում: Եվ ցավալի է լսել, երբ ամեն մեկն իր ցավի մասին է խոսում: Քեզ իմ տեղը դիր: Բայց ես չեմ կարող քո տեղը լինել, ինչպես որ դու չես կարող իմ տեղը լինել:

Դա քո Խաչն է, քո պատիվը, քո գեղեցկությունը, այն, ինչ մեջքիդ ես դրել:

Աղաչում եմ Քրիստոսին, որ քեզ արիություն տա, ուժ, որ հնարավորինս ազատի քեզ քո բեռից: Որպեսզի սիրտդ ավելի գեղեցկանա ու անուշաբույր ռեհաններ թողնի այնտեղ, որտեղով անցնում ես:

Երբ եկեղեցի ես մտնում Սուրբ Խաչի տոնին, ապա ինքդ քեզ ասում ես. «Ռեհանի բույր է գալիս, այստեղ Տիրոջ Սուրբ Խաչի տոնն են նշել»: Եվ աղոթում եմ Քրիստոսին, որպեսզի դու ցավով լի սուրբ ու հարություն առած անձ դառնաս:

 

Ծայրագույն վարդապետ Անդրեյ (Կոնանոս)

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

21.12.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․