Ողորմած մարդն Աստծո տվածը վերադարձնում է Աստծուն

Ապրիլի 18-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, հերթական այցով եղավ Դավթաշեն գյուղի 9-րդ փողոցի 27/4 տանը բնակվող Մուսեսյանի ընտանիքում: Սոցիալապես անապահով այս ընտանիքը ժամանակավորապես է ապրում մեկ սենյականոց բնակարանում, որ զուրկ է կոմունալ տարրական պայմաններից. հյուրասենյակը ծառայում է թե՛ որպես ննջասենյակ, թե՛ խոհանոց և թե՛ լողասենյակ: Տանիքի անսարքության պատճառով տունն անընդհատ խոնավանում է, միջատներ են թափանցում ներս և բնակարանային այս պայմաններում է 32-ամյա Արմինե Մուսեսյանը խնամում և մեծացնում իր երկու որդիներին, որոնցից մեկը տառապում է ԴՑՊ (մանկական ուղեղային կաթված) հիվանդությամբ: Առողջական խնդիներով հանդերձ՝ Արմինեն օրվա ընթացքում մի քանի ժամ աշխատում է, բայց իր վաստակածը, ընտանեկան նպաստը և երեխայի հաշմանդամության գումարը բավարարում է միայն կոմունալ և ամենօրյա ծախսերը հոգալու համար: Միայնակ մայրը մտահոգված է, թե ինչպես է առաջիկայում հոգալու իր երեխայի ընթացիկ բուժման ծախսերը:

 

Արմինեն նշեց, որ երբեմն իր ընտանիքի սոցիալապես անապահով լինելը շահագործվում է որոշ «բարեգործների» կողմից, ուստի նա օգնության խնդրանքով դիմել էր Հայ Առաքելական Սբ. եկեղեցու ԱՀԹ-ի բարեգործական գրասենյակին: Արմինե Մուսեսյանը շնորհակալ է իր ընտանիքի նկատմամբ եկեղեցու ցուցաբերած աջակցությունից, նա նաև իր երախտիքը հայտնեց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքին, Տեր Գրիգորին, ով իր ընտանիքի մասին տեղեկացել էր ԱՀԹ-ի բարեգործական գրասենյակից:

Տեր Հայրը բժշկության աղոթք կարդաց ընտանիքի համար, երեխաներին նվիրեց «Աշակերտի Աստվածաշունչ», որի գունազարդ նկարները և խաղերն արդեն գրավել ու ոգևորել էին երեխաներին, ապա հանձնեց սննդի փաթեթներ՝ գնված IDT-ARM ՍՊԸ-ի աջակցությամբ:

 

Քրիստոնյայի համար բարեգործությունը ոչ այնքան սոցիալական ծառայություն է, որքան ծառայություն Աստծուն: Օգնության դիմաց ստացած երախտագիտությունը քրիստոնյան ոչ թե իր անձին, այլ Աստծուն է վերագրում: Հավատավորը կարիքավորին բառացիորեն տալիս է այն, ինչ Աստված է իրեն պարգևել, քանի որ նա իր ունեցածին վերաբերվում է որպես Աստծո տված պարգևի:

Ողորմությունը քրիստոնյայի համար դա գոհաբանական մի զոհաբերություն է` ուղղված Տիրոջը կյանքի և այն բարիքների դիմաց, որն ունի ինքը: Այսպիսով, ողորմած մարդն Աստծո տվածը վերադարձնում է Աստծուն: Թե՛ ողորմություն տվողը և թե՛ ստացողը հավասար են Աստծո առջև և նրանցից յուրաքանչյուրը ծառայում է Աստծուն, ինչպես որ կարողանում է: Սբ. Պաիսիոս Աթոսացին առաջարկում է ողորմության մասին այս կերպ մտածել, եթե աղքատի փոխարեն լիներ հենց Ինքը Քրիստոսը, ի՞նչ կտայինք Իրեն, անխոս, ամենալավը:

 

 

Կարինե Սուգիկյան

18.04.16
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․