Օգոստոսի 31-ին Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, երկրորդ անգամ այցելեց Աշխեն Սարգսյանին (45 տ.), ով իր 8-ամյա դստեր՝ Դիանա Ավետիսյանի հետ բնակվում է Երևան քաղաքի Մուրադյան 1/82 հասցեում: Համայնքի երկրորդ այցը նպատակ ուներ հոգալ փոքրիկ Դիանայի նոր ուսումնական տարվա հետ կապված դպրոցական ծախսերը: Արդեն չորս ամիս է, ինչ Դիանային միայն մայրն է խնամում, հայրը՝ նախկին ազատամարտիկ Արթուր Ալբերտի Ավետիսյանը (55 տ.) որպես կամավոր, մասնակցելով ապրիլյան պատերազմին, ապրիլի 19-ին զոհվել է Ջաբրաիլի դիրքերում: Աշխենի համար դժվար է հոգալ ընտանիքի ծախսերը, քանի որ առայժմ չի աշխատում:
Տեր Գրիգորն օրհնեց փոքրիկ Դիանային և նրան հանձնեց դպրոցական պայուսակ և դրամական օգնություն (50 000 դրամ)՝ համայնքի անդամ Մոնթե Գրիգորյանի կողմից տրամադրած: Տեր Հայրը փոքրիկին մաղթեց ջանադրորեն սովորելով մեծ արդյունքների հասնել՝ ուրախացնելով մայրիկին, հարազատներին և իրեն ծանոթ բոլոր մարդկանց:
Տեր Գրիգորի համար շատ կարևոր է, որ քրիստոնյան՝ որպես Երկնավոր Հոր զավակ, ճանաչի և հնազանդվի իրեն սիրող Հոր կամքին: «Իսկ Երկնավոր Հայրը կամենում է, որ Իր զավակները՝ եկեղեցու կենդանի քարերը, իրենց ունակությունների և կոչման համապատասխան, բարեպաշտությամբ ապրեն Աստծո պարգևած յուրաքանչյուր օրը՝ հարստանալով բարեպաշտության գանձերով և ունենան կենդանի հավատք՝ բարի գործերով և իրական հարստություն, որ ենթակա չէ ցեցից և ժանգից փչանալու և ոչ էլ գողերի կողմից հափշտակվելու» (Մատթեոս 6:19),- նշեց Տեր Հայրը:
Կարինե Սուգիկյան