«Ողորմության առաքինության մեջ գտնվողն ամեն անգամ բազումողորմ Աստծուց արժանանում է այն փրկարար օղակին, որը՝ որպես կենարար հոգևոր օդ, փրկում է մարդուն իր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Կարիքավորին օգնության ձեռք մեկնողը Տիրոջից մի յուրօրինակ լույս ու թեթևություն, ուժ ու եռանդ է ստանում առաջ շարժվելու և առաքինությունների մեջ հարստանալու համար: Եվ մարդն այն սքանչելի զգացումն է ապրում, որ կրկին մոտեցել է Աստծուն, քանի որ մերձավորի նկատմամբ տածած սերը մարդուն ակնթարթորեն մոտեցնում է Բարձրյալին և հենց դա է, որ մարդու մեջ ապրելու և հոգևոր ուրախության ծարավ է առաջացնում»,- ասաց Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը:
Հոգևոր այս ուրախության ծարավն է, որ ողջ աշխարհում մեկտեղում և համախմբում է քրիստոնյա անհատներին՝ հավատից թելադրված բարեգործության շուրջ: Ամեն անգամ այդքան բաղձալի ուրախությամբ է հագենում և լիանում Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու համայնքը, երբ իրագործում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Հերթական այցը համայնքն ունեցավ հոկտեմբերի 12-ին՝ Տեր Գրիգորի գլխավորությամբ այցելելով Արտաշիսյան 37/18 հասցեում բնակվող Համբարձումյան ընտանիքին: Բազմազավակ ընտանիքին ուրախություն էր պատճառել համայնքի այցը: Կարիքավոր ընտանիքն ամեն տարի ձմռանը ջեռուցման հետ կապված խնդրի առջև է կանգնում, սակայն վեց զավակների հայրը՝ 61-ամյա Ռուբեն Համբարձումյանն, ասաց, որ այսօր ընտանիքի համար մեծ ցավն իր երկու տղաների առողջական խնդիրներն են: Տղաներից մեկը երիկամային լուրջ խնդիր ունի, մյուսն էլ տառապում է «Պարբերական» հիվանդությամբ: Ընտանիքում միայն աշխատում են Ռուբեն Համբարձումյանը, նրա կինը և ավագ որդին:
Բազմազավակ ընտանիքի խնդիրներին ծանոթանալուց հետո, Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց և նրանց հանձնեց ամերիկաբնակ Կարեն Վարդանյանի կողմից տրամադրած դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար): Բազմազավակ ընտանիքն իր երախտագիտությունը հայտնեց Տեր Գրիգորին, համայնքին և աջակից անձին՝ սրտացավ և հոգատար վերաբերմունքի ու աջակցության համար:
Կարինե Սուգիկյան