25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այսօր որոշեցի խոսել մի թեմայի մասին, որ ճշմարիտ քրիստոնյայի կյանքի անբաժան մասն է կազմում: Դա աստվածահաճո այն առաքինություններից մեկն է, որ սրբում ու մաքրում է մարդու հոգին, մոտեցնում է Երկնային Բարեգութ Հորն ու լիովին համապատասխանում է «սիրիր մերձավորիդ» պատվիրանին: Սիրելիներ, խոսքս ողորմության մասին է և վստահեցնում եմ ձեզ, որ չկա մեկը՝ ում այն չվերաբերվի: Եթե կան մարդիկ, ովքեր կամենում են լռեցնել իրենց խիղճը կամ արդարացնել իրենց` ասելով, որ հենց իրենք են կարիքի մեջ գտնվում և ի վիճակի չեն ուրիշներին օգնել, ապա պետք է հիշեցնեմ նրանց հայտնի ավետարանական պատմությունն այրի կնոջ ու երկու լումայի մասին. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այդ չքավոր այրին ավելի շատ գցեց, քան գանձանակի մեջ մյուս բոլոր դրամ գցողները, քանի որ ամենքը իրենց ավելորդից գցեցին, իսկ նա, իր չքավորությունից, գցեց ամեն ինչ, որ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (Մարկ. 11:41-44)։ Այսինքն, երբ մարդ իր ունեցած քչից է քիչ տալիս, ապա Աստված դա շատ ավելի է գնահատում, քան մեծահարուստների տված առատ ողորմությունները: Որովհետև ինչպես Սուրբ Հովհան Ոսկեբերանն է ասում. «Ողորմության մեծությունը որոշվում է ոչ թե տրված ողորմության չափով, այլ ողորմացողների հոժարությամբ ու տրամադրվածությամբ: ...Հետևաբար, մեզանից պահանջվում է ոչ թե առատաձեռնություն, այլ ջերմեռանդություն»: Այստեղ մեկ կարևոր հանգամանք ևս պետք է նշեմ, սիրելի հավատացյալներ: Մեր Տերը Մատթեոսի Ավետարանում ասում է. «Զգո՛ւյշ եղեք, որ ձեր ողորմությունը մարդկանց առջև չանեք, որպես թե այն լիներ ի ցույց նրանց. այլապես վարձ չեք ընդունի ձեր Հորից, որ երկնքում է։ Այլ երբ ողորմություն անես, փող մի՛ հնչեցրու քո առջև, ինչպես անում են կեղծավորները ժողովարաններում և հրապարակներում, որպեսզի փառավորվեն մարդկանցից։ Ճշմարիտ եմ ասում ձեզ, ա՛յդ իսկ է նրանց վարձը։ Այլ երբ դու ողորմություն անես, թող քո ձախ ձեռքը չիմանա, թե ինչ է անում քո աջը» (Մատթ. 6:1-3): Այսինքն շատ հեշտությամբ մեր դրսևորած առաքինությունը զրոյի կհավասարեցնենք, եթե դա հպարտությամբ ու փառասիրությամբ անենք: Եթե նույնիսկ ներքուստ հիանանք մեր առատաձեռնությամբ կամ ի ցույց դնենք մարդկանց, ապա կզրկվենք երկնային այն անգին վարձքից, որ սրտերը քննող Տերն էր պատրաստել մեզ համար:
Սիրելիներ, այն հավատացյալներն ովքեր անհատական խոստովանության են գնում կամ տարբեր խնդիրներով մոտենում են հոգևորականներին՝ խորհուրդ հարցնելու, բազմիցս լսած կլինեն, որ զանազան բարդ ու խճճված իրավիճակներում կամ դառնությունների ժամանակ, որպես լուծում, եկեղեցու սպասավորները հորդորում են ողորմություն անել: Քրիստոնեական դավանաբանության մեջ ողորմությունը համեմատվում է «հոգևոր օդի» հետ, իսկ օդն, ինչպես հասկանում ենք, կարևորագույն բաղադրիչն է հանդիսանում կյանքի շարունակականության: Հիմա ավելի մանրամասն փորձեմ բացատրել, թե խոսքս ինչի մասին է: Անկատար ու մեղավոր էություն ունենալով՝ մարդը հակված է մեղքեր գործելու և երբ նա տրվում է չարի գայթակղություններին ու մեղք է գործում, և թույլ է տալիս, որ հոգին խոցոտվի մեղքի մահացու վերքերով, ապա ինքնաբերաբար հեռացնում է իրեն Կենարար Լույսի Աղբյուրից՝ Աստծուց: Իսկ դա հոգու համար հավասարազոր է մահվան՝ արդեն իսկ այս կյանքում: Սակայն ինչպես ամեն պարագայում, այստեղ ևս, Բազումողորմ Աստված Իր փրկարար օղակն է նետում մեզ, որն էլ ողորմությունն է: Իսկ ինչպե՞ս է ուրիշին արված ողորմությունը փրկում մեզ, կհարցնեք դուք: Կասեմ, որ ողորմությունն այն կենարար հոգևոր օդն է, որ փրկում է մեզ մեր սեփական կրքերի ու մեղքերի մեջ խեղդվելուց: Չէ՞ որ, երբ մենք օգնության ձեռք ենք մեկնում դրա կարիքն ունեցողներին, ապա Աստված մեր սրտերին մի յուրօրինակ լույս ու թեթևություն է պարգևում: Մեր հոգիները նորից ուժ ու եռանդ են ստանում առաջ շարժվելու և ավելի մեծ առաքինություններ գործելու համար: Մենք նորից այն սքանչելի զգացումն ենք ապրում, որ կրկին մոտեցել ենք Աստծուն: Քանի որ մերձավորի նկատմամբ տածած սերն ակնթարթորեն Աստծուն է մոտեցնում քրիստոնյային և հենց դա է, որ մարդու մեջ ապրելու և հոգևոր ուրախության ծարավ է առաջացնում: Այսպիսով, ողորմությունն այն հրաշագործ սպեղանին է, որ Գորովալից Հայրը դնում է բազմաթիվ մեղքերից ու կրքերից տառապած ու վիրավոր մեր հոգու վերքերին: Եվ բազում անգամներ մենք չենք էլ հասկանում, որ ի սրտե գործած մեր բարեգործությունների միջոցով Ողորմած Աստված հենց մե՛զ է բժշկում՝ այդ ճանապարհով տանելով մեզ դեպի հավիտենական փրկության: «Քո ունեցվածքից ողորմություններ կանես. ողորմություն անելիս թող քո աչքը ագահ չլինի. երեսդ չդարձնես բոլոր աղքատներից, և Տեր Աստվածն էլ ի՛ր երեսը չի դարձնի քեզանից։ Ինչքան շատ ունենաս, ըստ այդ շատության կանես քո ողորմությունները, եթե քիչ ունենաս՝ ըստ քչի։ Չհապաղես ողորմություններ անել, քանի որ դրանով բարիքներ կգանձես քո կյանքի օրերին։ Արդարև, ողորմությունները փրկում են մահվանից և թույլ չեն տալիս մտնել խավարի մեջ.» (Տոբ. 4:7-11) ուսուցանում է Աստծո Խոսքը:
Սակայն սիրելիներ, գրեթե ամեն օր մեզ պատահում են մարդիկ, ովքեր ողորմություն են խնդրում մեզանից և շատ հաճախ հարց ենք տալիս ինքներս մեզ, թե արդյո՞ք ողորմություն ենք տալիս նրան, ով իսկապես դրա կարիքն ունի: Շատ հաճախ էլ լսում ենք, թե ինչպես են մարդիկ կողքից ասում, որ պետք չէ օգնել այդ մարդուն, որովհետև նա հարբեցող է, ստախոս կամ ամենևին էլ այն մարդը չէ, ինչ ձևանում է: Բայց պետք է հիշեցնեմ ձեզ, սիրելիներ, որ Սուրբ Գիրքը մեկ հստակ պատասխան ունի այդ ամենին. «Տո՛ւր նրան, ով քեզնից խնդրում է.» (Մատթ. 5:42): Հետևաբար, երբ մենք լսում ենք մեզ ուղղված խնդրանքը՝ պետք է պատասխանենք: Հնարավոր է դա չլինի ճիշտ այնքան, որքան խնդրում են մեզանից, բայց պետք է տանք այնքան, որքան կարող ենք, քանի որ, եթե սրտանց ենք անում այդ ողորմությունը, ապա այն ի զորու է նաև արթնացնելու նրանց խիղճը, ովքեր խաբում են մեզ և դա կարող է մի հրաշալի միջոց լինել մարդկանց դարձի բերելու համար: Հավատացեք, սիրելի քույրեր և եղբայրներ, որ բազմաթիվ են այն դեպքերը, երբ թեկուզ մի փոքր օգնություն ստանալուց հետո, մարդիկ իսկապես զղջացել են, որ խաբել են այն մարդկանց, ովքեր օգնության ձեռք են մեկնել իրենց: Սիրելի հավատացյալներ, միշտ հիշենք, որ լինի դա նյութական, թե հոգևոր օգնություն, մեծ կամ փոքր խնդրանք, ապա ամենակարևորը դրան սրտի պարզությամբ, ազնվությամբ ու սիրով պատասխանելն է: Ոչ ոք չի պարտադրում մեզ մեր ուժերից վեր բան գործելու, պարտքեր անելու կամ ի վնաս մեր ընտանիքների՝ ուրիշներին օգնելու: Ամեն ինչ ի խորոց սրտի, բայց և իմաստությամբ պետք է արվի: Մշտապես և մանավանդ ողորմության պարագայում պետք է մեր սրտերում պահենք մի ճշմարտություն, որ ամենքս ժամանակավոր ենք այս աշխարհում, որ ամենքս տնտեսներ ենք միայն այստեղ, որ կարգված ենք Տիրոջ ունեցվածքը կառավարելու: Հետևաբար, այն ամենն ինչն ունենք՝ մերը չէ, այլ՝ Ողորմած Աստծո շնորհներն են, որ պարգևվել են մեզ, որպեսզի Աստծո մյուս զավակներին էլ բաժին հասցնենք: Կրկին վերադառնանք Սուրբ Հովհան Ոսկեբերանին, ով ասում է. «Մի՞թե ունեցվածքդ քեզ է պատկանում: Քեզ վստահված է աղքատների հասանելիքը, թեկուզև դրանք ձեռք ես բերել արդարների աշխատանքով, թեկուզև ժառանգություն ես ստացել հորիցդ: ...Մի՞թե Աստված քեզնից չի կարող ամեն ինչ խլել: Բայց Նա դա չի անում՝ քո կամքին թողնելով կարիքավորների նկատմամբ քո ունեցած առատաձեռնությունը»:
Արդ այս գեղեցիկ տողերով էլ եզրափակեմ խոսքս, սիրելիներ, և մաղթեմ ամենքիս, որ ողորմության գեղեցիկ առաքինությունը մաքրի մեզ անտարբերությունից, նյութական աշխարհից կախվածությունից, ժլատությունից և ուրիշներին դատելու չար սովորությունից և դրա փոխարեն պարգևի մեզ ճմարիտ հոգատարություն և սրտացավություն այլոց հանդեպ, սովորեցնի պատրաստակամ լինել ուրիշներին օգնության ձեռք մեկնելու և մեր սրտերը լցնի զոհաբերության ոգով: Թող Ողորմած Աստված բնակություն հաստատի մեր հոգիներում և ուղղորդի մեր գործերը դեպի հավիտենական փրկություն: Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան