Գրքեր

Օգնի՛ր իմ անհավատությանը

Հավատացյալ, անհավատ. ըստ էության`  ինչպիսի՜ վերացական բառեր: Կարծես թե, հավատացյալը միշտ, անդադար հավատում է:  Կարծես թե, անհավատն էլ անընդհատ ապրում է իր անհավատությամբ: Ահա Ավետարանում հիվանդ երեխայի հայրը դիմում է Քրիստոսին՝ աղաղակելով. «Հավատում եմ, օգնի՛ր իմ անհավատությանը» (Մարկոս 9:23), և այս խոսքերում շատ ավելի ճշմարտություն կա մարդու մասին՝ խորը, անեղծ ճշմարտություն, քան հավատի և անհավատության մասին բոլոր վերացական վեճերում: Ահա հարյուրապետի պարտեզում Պետրոս առաքյալը երեք անգամ ուրանում է Քրիստոսին: Եվ երբ Քրիստոսը նայում է նրան,  Պետրոսը հիշում է Հիսուսի խոսքը, որ Նա ասել էր, թե՝ դեռ աքաղաղը չկանչած՝ երեք անգամ ինձ պիտի ուրանաս։ Եվ դուրս ելնելով՝ դառնապես լաց եղավ (Մատթ. 26:75): Եվ վերջապես, հենց Ինքը՝ Քրիստոս, վերահաս մահվամբ տրտմած՝ դիմում է Աստծուն այս սարսափելի խոսքերով. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ թողեցիր ինձ» (Մատթ 27:46): Այս օրինակների համեմատ ի՞նչ նշանակություն կարող են ունենալ բոլոր գիտական ապացույցները:

Հավատացյալը, որպես ինքնին հասկանալի երևույթ, ապացուցում է իր հավատը: Անհավատը  նույնպես, նույնքան անհողդողդ կերպով, որպես ինքնին հասկանալի երևույթ, ապացուցում է իր անհավատության ճշմարտացիությունը: Սակայն հավատացյալը, եթե անկեղծ է ինքն իր հետ, գիտի, որ ինքը շատ հաճախ ապրում է այնպես, կարծես ոչ մի Աստված էլ գոյություն չունի, այդպիսով կյանքի խառնաշփոթում և աղմուկում ինչ-որ տեղ կորցնում է, վատնում իր հավատը: Իսկ մեկ այլ անհավատի մոտ շատ ավելի թախիծ կա Աստծու հանդեպ, կարոտ` Լույսի և Ճշմարտության, քան որևէ ինքնահավան փարիսեցի-հավատացյալի մոտ: Այդ իսկ պատճառով էլ այդքան դատարկ, իրենց խորքում այդքան անառարկա են հավատի և անհավատության մասին վեճերը: Քանի որ երբևէ որևէ մեկի մոտ հավատ չի ծնվել ապացույցներից և փաստերից, ոչ էլ, անգամ, հրաշքներից:

Ավետարանը լի է Քրիստոսի գործած հրաշքների մասին պատմություններով, բայց այդ ինչպե՞ս ստացվեց, որ վերջին հաշվով բոլորը լքեցին և դավաճանեցին Նրան: Իսկ ահա երբ ոչ մի հրաշք տեղի չէր ունենում, երբ բոլորի կողմից լքված` Նա մահացավ խաչի վրա, Նրան խաչած հարյուրապետը աղաղակեց. «Արդարև, Աստծու Որդի էր սա» (Մատթ.  27:54):

Հիշում ենք աստվածաշնչյան մեկ այլ պատմություն Եղիա մարգարեի մասին, որին ասվել էր, որ նա տեսնելու է Աստծուն: Եվ սկզբում հողմ եղավ, բայց հողմի մեջ չէր Աստված, իսկ հետո կրակ թափվեց, բայց կրակի մեջ էլ չէր Աստված, և վերջապես, ինչպես հրաշալի կերպով ասված է Աստվածաշնչում,  «մեղմ օդի ձայն» եղավ (Գ. Թագ. 19:12), և այնտեղ էր Աստված: Այլ կերպ ասած, եղել էր մեղմ ձայն, նման հովի, նման մարդկային հոգուն ինչ-որ բանի կամ ինչ-որ մեկի հպման: Տեղի էր ունեցել խորհրդավոր հանդիպում: Եվ ահա այսպիսի հավատի մասին է խոսում ողջ քրիստոնեությունը: Դրանում է նրա էությունը. այն որոտի մասին չէ, հողմի մասին չէ, կրակի մասին չէ: Եվ իրապես այն հասնում է միայն նրան, ով կարող է, ինչպես կրկին Ավետարանում է ասվում, ընկալել, այսինքն ընդունել, այս խորհրդավոր խոսքերը. «քամին ուր ուզում է՝ փչում է, և նրա ձայնը լսում ես, բայց չգիտես որտեղից է գալիս կամ ուր է գնում» (Հովհ 3:8): Ո՞վ է ընդունակ լսել ծառայի տեսքով Երկնային Հոր մասին չլսված լուրը, խոնարհ Աստծու մասին անհնարին ավետիսը:

Այսպիսի մտքեր են ծնվում, երբ կարդում կամ լսում ես վեճեր կրոնի մասին: Երկու կողմից էլ հորդում են պարծենկոտ պատմություններ սեփական հաղթանակների և տոնախմբությունների մասին. ուժ՝ ուժի դիմաց, քարոզչություն`քարոզչության դիմաց, ատելություն՝ ատելության դիմաց, և ի վերջո, ինչպես դա հաճախ է լինում, չարություն՝ չարության դիմաց: Սակայն ամբողջ քրիստոնեությունը հաստատում է, որ չարությամբ չարիքը չես կործանի, ատելությամբ ատելությանը չես հաղթի. այդ ամենն այս աշխարհից են, որի մասին վաղուց ի վեր ասվել է, որ այն « չարի մեջ է» (Ա.Հովհ  5:19):

Եվ ժամանակը չէ արդյոք, որ մենք`մեզ հավատացյալ անվանողներս, հիշենք քրիստոնեության այդ հիմնարար պարադոքսը, որ նրանում հաղթում է միայն խաչը, նրա անհաղթելի, անգերազանցելի ուժը, նրա միակ գեղեցկությունը, նրա հոգեզմայլ խորությունը: Քրիստոսը եկավ մեզ փրկելու ո՛չ ուժով, ո՛չ արտաքին հաղթանակով, այլ պատվիրեց մեզ, որ մենք իմանանք ինչ հոգուց ենք, որ մեր մեջ լինի խաչի զորություն: Եվ ահա ապշեցուցիչ է, որ այսօր ևս, այնտեղ, ուր րնթանում է պայքար ընդդեմ կրոնի, հաղթանակում են նրանք, ովքեր ուժին հակադրում են միայն ճշմարտությունը, ատելությանը՝ միայն սեր և զոհաբերություն, քարոզչության աղմուկ-աղաղակին՝ հենց այն նույն «մեղմ օդի ձայնը»՝ ճշմարիտ հավատի խաղաղությունն ու լույսը: Եվ ահա այդ աղմուկի միջից միայն նրանց ձայնն է հնչում, մթության մեջ միայն նրանց լույսն է վառվում. ճշմարտացի այդ լույսը խավարն ի զորու չէ ծածկել:

Ժամանակին Վլադիմիր Սոլովյովը մի գիրք է գրել «Բարու արդարացումը» պարադոքսալ վերնագրով». դրանում նա շատ վառ կերպով ներկայացրել է, որ քրիստոնյաների թուլությունը գրեթե միշտ կայանում է նրանում, որ նրանք ինքները չեն հավատում իրենց բարուն, և երբ գալիս է չարի դեմ պայքարելու ժամանակը, դրան հակադրում են նույնպիսի չարիք, նույնպիսի ատելություն և վախ: Այսպիսով՝ ժամանակն է, ժամանակն է արդարացնել բարին, և դա նշանակում է կրկին հավատալ դրա ուժին, դրա ներքին Աստվածային անպարտելիությանը:

Ժամանակն է «չարի մեջ» գտնվող աշխարհին հակադրել ոչ թե հրաշք, ոչ թե հեղինակություն և ոչ էլ հաց, ինչպես Դոստոևսկու Մեծն ինկվիզիտորի մասին լեգենդում է, այլ բարու, սիրո, հույսի ու հավատի այն ցնծացող կերպարները, որոնց բացակայությունից մարդկությունը շնչահեղձ է լինում: Եվ միայն այն ժամանակ, երբ մենք ինքներս մեր մեջ կարդարացնենք բարին և կհավատանք նրան, կսկսենք կրկին հաղթել:

Այս հետզատկական օրերին եկեղեցում դեռևս երգվում է. «Քրիստոս յարեաւ ի մեռելոց, մահուամբ զմահ կոխեաց եւ յարութեամբն իւրով մեզ զկեանս պարգեւեաց»: Մահով հաղթեց մահվանը, քանի որ մինչև հարությունը Նա չարիքներից մեծագույնը, որն է մահը, կործանումը, լցնում է բարիքով, սիրով, զոհաբերությամբ, անձնազոհությամբ: Մահը լիացնում է Կյանքով, և երբ Նա կործանում է մահը, այնժամ, միա՛յն այնժամ է բացվում հարության լուսաբեր առավոտը: Այնժամ, և միա՛յն այնժամ է նրանց, ովքեր տալիս են Նրան իրենց երկրային ողջ սերը և, ոչնչի հույս չունենալով, մոտենում են գերեզմանին, որպեսզի օծեն Նրա մարմինը, Նա արտասանում է միակը բոլոր խոսքերից. «Ողջու՜յն ձեզ» (Մատթ  28:9), և այնժամ սկսվում է քրիստոնեությունը…

Այս մասին ես մտածում, այս մասին ես թախծում ատելության, վախի և ստորության հաղթարշավի մեր օրերում:

 

Ավագերեց Ալեքսանդր Շմեմանի «Հավատի և անհավատության մասին» գրքից

Ռուսերենից թարգմանեց՝ Անի Բրուտյանը

10.12.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․