«Պատրաստվեցի և չվախեցա պահել Քո պարտվիրանները» (Սաղմոս 118:60):
Սաղմոսերգուի խոսքի համաձայն՝ Քրիստոսի հետևորդը նախանձախնդիր է պատվիրանապահությանը: Պատվիրաններից գլխավորը հորդորում է գործով սիրել մերձավորին, և ով չի դանդաղում պատվիրանապահության մեջ, նա շտապում է բարին գործել, ով ձգտում է կատարելության, նա շտապում է ողորմել: Կյանքի արագընթաց ռիթմի մեջ կարևոր է ճիշտ գործածել աստավածատուր ժամանակը, ինչի մասին մեզ հիշեցնում է Ս. Պողոս առաքյալը. «Ուրեմն ուշադրությո՛ւն դարձրեք ձեր ապրելակերպին: Մի՛ ապրեք անմտորեն, այլ իմաստունների նման: Օգտագործեցե՛ք ժամանակը, քանզի այս օրերը չար են» (Եփես. 5:15-16):
Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը և բազմաթիվ հավատավոր հայորդիներ, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, սոցիալական ծրագրերի շրջանակում, փորձում են աստվածատուր յուրաքանչյուր օր լուսավորել Տիրոջ պատվիրանների լույսի ներքո: Հոկտեմբերի 23-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Պետրոսյան Արևիկին (54 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Արևիկի ամուսինը մահացել է տասներեք տարի առաջ, նա իր 18-ամյա դստեր հետ բնակվում է սկեսուրի կողմից տրամադրած փոքրիկ սենյակում, որ գտնվում է Արարատի մարզի Արարատ գյուղի Դեմիրճյան 23/1 հասցեում: «Առողջական խնդիրների պատճառով մշտական աշխատանք չունեմ, աղջիկս ավարտել է վարսավիրության դասընթացը, բայց նա էլ դեռ աշխատանք չունի»,- ասաց Արևիկը, ով զգացված էր այն ուշադրություն համար, որ ցուցաբերեց եկեղեցին իր ընտանիքի հանդեպ:
Կարինե Սուգիկյան