25 Նոյեմբեր, Բշ
Ոմն եղբայր ծերին ասաց. «Ճանապարհակից եղա մի կնոջ և կամեցա խառնակվել նրա հետ, սակայն երկյուղեցի Աստծուց: Բայց սիրտս չի ամոքվում, քանզի պղծեցի իմ խորհուրդները»: Ծերն ասաց. «Մի վանական վանքի գործերով գնաց մի գյուղ և հինգ տարի պատերազմելով պիղծ խորհուրդների դեմ` հաղթեց և մնաց անարատ: Վանք գալով՝ պատմեց վանահորը, թե ընկավ պոռնկության մեջ: Եվ հայրը նրան ասաց. «Մի՛ ստիր, որդյա՛կ, քանզի հինգ պսակ տեսա քո գլխին (քանզի հայրը տեսանող էր): Մի՛ տրտմիր, որդյա՛կ, որովհետև չհաղթվեցիր. մի՞թե չգիտես, որ մինչ տիկինը լլկում էր Հովսեփին, Քրիստոս Փրկիչն ու իր ողջ զորքն կանգնած էին նրա աջակողմում, իսկ Բելիարն ու իր զորքը` ձախակողմում, և հետևում էին իրադարձությանը (Ծննդ. ԼԹ 7-13): Երբ հաղթեց սուրբ Հովսեփը, հրեղենների ողջ զորքը երկրպագեցին Քրիստոսին և ասացին. «Փա՜ռք քեզ, Թագավո՛ր անմահ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016