Մի վանական ամուսնացած որդի ուներ և ստեպստեպ գնում էր նրա մոտ: Վանահայրն ասաց. «Գյուղ մի՛ գնա, եթե ոչ` սատանան կգտնի քեզ»: Ծերն ասաց. «Գրքին հմուտ եմ և ծեր եմ, որդուս մոտ եմ գնում միայն»: Վանահայրն ասաց. «Դու ծեր չես և ոչ էլ՝ Գրքին ավելի հմուտ, քան սատանան»: Եվ երբ վանականը չանսաց, բերեց նրան եղբայրների առջև և ասաց. «Ձեր վկայությամբ անպարտ եմ ես այս ծերի արյունից: Եթե կամենա նշխար վերցնել, չեմ արգելի, սակայն Աստծո առջև պատասխանատու չեմ սրա համար, քանզի վկա չեմ սրա գործերին»: Մի օր ծերը, գնալով տուն, հարսին մենակ գտավ, ցանկացավ նրան և ասաց. «Եղի՛ր ինձ հետ»: Հարսն ասաց. «Աստծուց երկյուղի՛ր և կարգիդ նայի՛ր, չկա ավելի չար բան, քան այն, ինչ ասում ես: Խաչի՛ր զգայարաններդ և հեռացրո՛ւ սատանային»: Եվ երբ չենթարկվեց ծերին, սա սրով սպանեց հարսին և ինքն էլ կուրացավ: Եկան դրացիները և տեսան կատարվածը: Ծերն ասաց. «Վա՜յ ինձ, հանուն պոռնկության սպանեցի որդուս և ինքս կուրացա»: Տարան նրան իշխանի մոտ, սաստիկ տանջեցին և բանտ գցեցին: Լուրը հասավ վանք. վանահայրը եկավ և վանք տարավ ծերին, իսկ սուրբ հարսին մեծ պատվով թաղեցին իրենց գերեզմանում: Եվ տեսիլքի մեջ ասացին վանահորը. «Երբ չար խորհրդով նեղվի եղբայրներից մեկը, ուղարկի՛ր նրան Քրիստոսի աղախնի գերեզմանին, այնտեղ թո՛ղ աղոթի և կառողջանա»: Եվ այդպես էլ անում էին. և մեծ ուրախություն եղավ: Ծերը երկու տարի ապաշխարելով` մեծաջան ճգնությամբ և արտասուքներով լվաց իր մեղքը: Եվ աղջիկը երևալով վանահոր տեսիլքում՝ ասաց. «Ասա՛ ծերին, թե` մի՛ տրտմիր, Աստված հաշտվեց քեզ հետ, որովհետև ես աղաչեցի նրան»: Եվ դրանից հետո վանահայրը ոչ մի կրոնավորի չէր թողնում որևէ տեղ գնալ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016