22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Ոմն եղբայր ընկավ պոռնկության պատերազմի մեջ: Երբ անց­նում էր եգիպտական մի գյուղով, տեսնելով հեթանոսների մի քուրմի աղջկա` սիրահարվեց նրան և նրա հորն ասաց. «Քո դստերը կնու­թյան տո՛ւր ինձ»: Քուրմն ասաց. «Չեմ կարող նրան քեզ տալ, մինչև չհարցնեմ իմ աստվածներին»: Գնալով դևի մոտ` նրան ասաց. «Ա­հա մի մենակյաց իմ դստերն ուզում է կնության առնել»: Դևն ասաց. «Քննի՛ր նրան, տես՝ կուրանա՞ իր Աստծուն, մկրտությունը և մենակե­ցության ուխտը»: Եվ քուրմը գալով՝ հարցրեց. «Կուրանա՞ս մենակե­ցության ուխտդ և քո Աստծուն»: Եվ մենակյացը հանձն առավ: Քուր­մը դարձյալ հարցրեց. «Կուրանա՞ս մկրտությունը, որով մկրտվեցիր»: Նա ասաց` այո՛: Եվ նույն պահին էլ քուրմը տեսավ, որ սուրբ Հո­գին՝ ինչպես աղավնի, ելավ նրա բերանից և թռավ երկինք: Եվ քուր­մը, գնալով դևի մոտ, ասաց նրան. «Քո երեք պահանջներն էլ հանձն առավ»: Դևն ասաց. «Քո դստերը մի՛ տուր նրան, քանզի նրա Աստ­վածը չի հեռացել նրանից, այլ այժմ էլ օգնում է նրան և կընդունի նրա ապաշխարությունը»: Քուրմը գալով՝ նրան ասաց. «Չեմ կարող իմ դստերը տալ քեզ, որովհետև քո Աստվածը այժմ էլ քեզ հետ է և չի հեռացել քեզանից, այլ օգնում է քեզ»: Եվ եղբայրը, լսելով այս, ինքն իր մեջ ասաց. «Այսքա՜ն բարություն ունի Աստված իմ հանդեպ, իսկ ես` երախտամոռս, ուրացա թե՛ Նրան, թե՛ սուրբ մկրտությունը, թե՛ մենակեցության ուխտս, սակայն բարերար Աստված դարձյալ օգնում է ինձ»: Եվ իր հոգու մեջ զգաստացած՝ զորացավ եղբայրը, գնաց անա­պատ՝ մի մեծն ծերի մոտ, և պատմեց նրան ողջ եղելությունը: Եվ ծերը նրան ասաց. «Նստի՛ր այստեղ՝ ինձ մոտ, երեք շաբաթ պահեցողություն արա՛, և ես քեզ հետ միասին քեզ համար կաղաչեմ Աստծուն»: Եվ ճգնեց ծերը եղբոր համար, աղաչեց Աստծուն և ասաց. «Աղաչում են քեզ, Տե՛ր Աստված, շնորհի՛ր ինձ այս հոգին և ընդունի՛ր նրա ապաշ­խարությունը»: Եվ Աստված լսեց նրան: Առաջին շաբաթն ավարտելուց հետո եկավ ծերը եղբոր մոտ և հարցրեց նրան. «Տեսա՞ր որևէ բան, թե՞ ոչ»: Եղբայրն ասաց. «Այո՛, տեսա աղավնուն վերին բարձունքներում, որ գալիս էր դեպի իմ գլուխը»: Ծերն ասաց. «Նայի՛ր քո հոգու մեջ և անդադար աղաչի՛ր Աստծուն»: Երկրորդ շաբաթ դարձյալ եկավ ծերը և հարցրեց. «Տեսա՞ր ինչ­որ բան»: Եղբայրն ասաց. «Տեսա աղավնուն, որ իմ գլխին մոտ էր եկել»: Ծերը կրկին պատվիրեց. «Արթո՛ւն կաց և անդադար աղո՛թք արա»: Երրորդ շաբաթի ավարտից հետո, երբ ծերը դարձյալ եկավ և հարցրեց, թե` ի՞նչ տեսար, նա ասաց. «Տեսա աղավնուն, որ եկավ և նստեց իմ գլխին, ձգեցի ձեռքս, որ բռնեմ նրան, իսկ նա՝ թևելով մտավ իմ բերանը»: Եվ ծերը, գոհանալով Աստծուց, եղբորն ասաց. «Ահա Աստված ընդունեց քո ապաշխարությունը. այսուհետև պահպանի՛ր քո հոգին»: Եվ եղբայրն ասաց. «Այսուհետև ես քեզ հետ եմ, եղբա՛յր և հա՛յր իմ` մինչև իմ վախճանը փառավորելով Հիսուս Քրիստոսին հավիտյանս հավիտենից»:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

15.12.24
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․