25 Նոյեմբեր, Բշ
Միաբանության եղբայրներից մեկը զրպարտվեց շնության մեղադրանքով և վեր կենալով եկավ հայր Անտոնի մոտ: Միաբանության մի քանի եղբայրներ եկան, որպեսզի նրան համոզեն և տանեն այնտեղից. սկսեցին հանդիմանել նրան և ասել, թե` «Կատարեցիր այդ բանը»: Իսկ նա պատասխանեց. «Անտեղյակ եմ դրանից»: Այդ ժամանակ հայր Պափնոտիոսն էլ էր այնտեղ, և այսպիսի առակ պատմեց. «Տեսա մի մարդու, որ գետեզերքին մինչև ծնկները խրվել էր տիղմի մեջ, և մի քանիսը եկել էին նրան դուրս քաշելու, սակայն մինչև պարանոցն ընկղմեցին նրան»: Եվ հայր Անտոնը հայր Պափնոտիոսի մասին ասաց. «Ահա իսկապես Աստծո մարդն է, որ կարող է ապրեցնել և առողջացնել հոգիները»: Եվ եկողները, ծերի խոսքերից զղջում ապրելով, ընկան եղբոր առջև, և ծերից մխիթարված` եղբորը տարան միաբանություն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016