Օգտակար խրատներ պոռնկությունից զգուշանալու մասին

Սկիտեում՝ հայր Պափնոտիոսի մոտ, մի եղբայր էր բնակվում, որը պոռնկության այնպիսի պատերազմ ուներ իր մեջ, որ մինչև ան­գամ ասաց. «Եթե տասը կին էլ ունենամ, չեն կարողանա բավարարել իմ ցանկությունը»: Իսկ ծերը նրան ասաց. «Մի՛ արա այդ, որդյա՛կ, քանզի դա դևերի պատերազմ է»: Սակայն նա չհնազանդվեց, այլ գնաց Եգիպտոս և միացավ կնոջ հետ: Մի անգամ հայր Պափնոտիոսը, ինչ­ ինչ գործերով գալով Եգիպտոս, հանդիպեց նրան, որ կավե անոթներ էր բարձած տանում: Ծերը, սակայն, չճանաչեց նրան, քանզի հույժ աղքատ էր, ընկճված, մերկ, բոկոտն և ամբողջովին փոշեկոլոլ: Սակայն նա ճանաչեց ծերին և լալագին ասաց. «Ես քո աշակերտն եմ»: Երբ ծերը տեսավ նրան այդչափ անարգ տեսքով, ողբաց և ասաց. «Ինչ­պե՞ս թողեցիր քո պատվական վիճակն ու ընկար այդ անարգ վիճակի մեջ: Իսկ հիմա ճիշտն ասա՛ ՝ ունեցա՞ր տասը կին»: Իսկ նա, ի խորոց սրտի հառաչելով, ծերին ասաց. «Թո՛ղ այդ, հա՛յր, մի կին ունեցա, և մեծամեծ չարիքների մեջ եմ, որովհետև չկարողացա հացով կշտացնել նրան»: Ծերը նրան ասաց. «Ե՛կ դարձյալ իմ հետևից»: Երիտասարդն ասաց. «Ինձ ապաշխարության հնար կա՞»: Ծերն ասաց. «Այո՛, այն էլ շատ մեծ»: Երբ եղբայրը լսեց այս, ընկավ ծերի հետևից և գնաց. և դարձավ ընտիր ճգնավոր:

 

«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016

25.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․