25 Նոյեմբեր, Բշ
Աբբա Կրոնիոսը պատմեց մեզ և ասաց. «Իմ վարդապետից փախա և գնացի հասա այնտեղ, ուր նստում էին Մակարիոսը և սուրբ Անտոնի աշակերտ Մանգիսը: Այնտեղ հանդիպեցի նաև Եվագրոս մենակյացին, եկավ նաև Պաքմոն անունով մեկը, որը լեռան մյուս կողմում էր նստում և յոթանասուն տարեկան էր: Այդ ժամանակ եկավ մի ծեր, ընկավ ծերերի ոտքերը և ասաց. «Դառնության դևն ինձ հարվածեց և ինձ նեղում է կանանց ցանկությամբ. այսպես մահու չափ նեղում է ինձ գիշեր ու ցերեկ»: Եվ հայրերը նրան ասացին. «Իսկ դու քեզ պահքի և աղոթքի մեջ դի՛ր, և տե՛ս` ինչից է դա լինում»: Պաքմեոս մենակյացն ասաց. «Ես հասկանում եմ քեզ, որովհետև ինքս էլ մի ժամանակ այդ վիճակում հայտնվեցի. դա ուրիշ ոչ մի բանից չի լինում, այլ միայն` ծուլությունից: Ահա տեսնում ես ինձ ծերացած: Քառասուն տարի է` ծերանում եմ այս խրճիթում և միայն իմ փրկության մասին եմ հոգ տանում, և փորձիչը մինչև հիմա չի հեռանում ինձնից: Տասներկու տարի օր ու գիշեր ինձ դադար չտվեցին իմ խորհուրդները, և արդեն կարծում էի, թե Աստված թողեց ինձ ձեռքից: Ես դրի իմ մտքում` լավ է մեռնել, քան մարմնիս կամքը կատարել: Ելա խրճիթիցս ու գնացի անապատ, այնտեղ գտա մի քարայր ու նրա ներսում տեսա ինձի երկու կորյուններ, մերկ ընկա մուտքի առջև` մտածելով, թե երբ դուրս գան, կուտեն ինձ: Եվ երբ երեկո եղավ, ինչպես և գրված է` «Արեգակը իմացավ իր մուտքը. առյուծների կորյունները մռնչում են և իրենց կերակուրը փնտրում և արևածագին հավաքվում են և հանգչում իրենց որջերում» (Սաղմ. ՃԳ 21-22), ուրիշ ինձեր ևս եկան հավաքվեցին դրսում, ներսիններն էլ դուրս եկան: Կեսն այս կողմում էր, կեսն` այն, և ես` մեջտեղում: Նրանք սկսեցին հոտոտել ինձ ոտքից մինչև գլուխ, մի մասն սկսեց լիզել, և մինչ սպասում էի, որ ինձ կուտեն, թողին և հեռացան ինձանից: Ես այդպես մերկ մնացի երեք օր ու գիշեր, և չմոտեցան ինձ: Եվ ես հասկացա, որ Աստված պահեց ինձ: Այնժամ վեր կացա և վերադարձա իմ խուցը, և դադարեցին չար խորհուրդները: Իսկ հետո դարձյալ այլ խորհուրդներ սկսեցին խռովահույզ անել ինձ` ավելի չար, քան նախորդները. քիչ էր մնում ինձ հայհոյել տային Աստծուն: Դևը, մի աղջկա կերպարանքով, որին տեսել էի իմ մանկության շրջանում, եկավ և նստեց ինձ մոտ, և թվաց` իմ ազգականն է: Երբ տեսա նրան՝ իմ կողքին նստած, ապտակեցի նրան, և նա ի չիք եղավ իմ առջև: Եվ դարձյալ, խորհուրդներից խռովահույզ՝ ելա անապատ, շրջեցի և գտա մի օձի ճուտ, վերցրի և գցեցի ծոցս, որպեսզի թերևս խայթեր ինձ, և մեռնեի: Այնքան ճմռեցի նրա գլուխը, որ սպունգի պես փափկեց, սակայն չխայթեց ինձ: Սրանից հետո ձայն լսեցի, որ ինձ ասաց. «Այսուհետև գնա՛, դադարի՛ր և այլևս մի՛ հպարտացիր, անձնապաստան մի՛ եղիր և քո անձի զորությանը մի՛ հուսա, այլ Աստծո օգնականության վրա դի՛ր հույսդ»: Դարձա այնտեղից և նստեցի իմ խրճիթում, քաջալերվեցի, և մոլորությունն այլևս չմերձեցավ ինձ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016