Մի մենակյաց շուրջ երեք տարի շնության մեջ էր. թեև վանահայրը հոգետես էր, սակայն չէր կարողանում իմանալ այդ: Եվ մի օր հայրն իմացավ նրա չար գործը, կանչեց նրան իր մոտ և ասաց. «Ասա՛ ինձ` ո՞ւր էիր այս գիշեր և ինչո՞ւ բարկացրիր Աստծուն»: Եվ եղբայրն, ընկնելով նրա ոտքերը, ասաց. «Մեղանչեցի Աստծո առաջ: Արդեն երեք տարի է, ինչ աղտեղի գործերի մեջ եմ»: Հայրն ասաց. «Եվ ի՞նչ էիր անում, որ Աստված ինձնից ծածկում էր այն չարիքները, որոնց մեջ էիր»: Եվ նա ասաց. «Իմ սովորությունն էր, որ ամեն գիշեր գնայի աղտեղության գործին, ութ կանոն սաղմոս և ապաշխարության շարական ասեի լալով` թե՛ գնալիս և թե՛ ետ դառնալիս, սակայն այս գիշեր ծուլացրեց ինձ չար դևն ու անհույս թողեց: Շշնջաց, թե անօգուտ են իմ աղոթքները, և ես բոլորովին ո՛չ Աստծուն հիշեցի, ո՛չ էլ սաղմոսեցի»: Եվ հայրն ասաց. «Օրհնյալ է Աստծո քաղցրությունն ու ողորմությունը, որ չի կամենում մարդու կորուստը: Եվ արդ, քանի որ Աստված չի հիշում քո երեք տարվա աղտեղի գործերը, ես նույնպես ներում եմ քեզ Աստծո ողորմությամբ»: Եվ նա դարձավ դեպի Աստված և հասավ կատարելության` ապաշխարությամբ և բարեգործությամբ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016