26 Դեկտեմբեր, Եշ
Յոթը տարի է, ինչ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սուրբ հարկից ներս, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի գլխավորությամբ, գործում է սիրիահայ համայնքը, որ սիրո և նվիրումի ճանապարհ անցնելով՝ իրականացնում է իր եկեղեցանվեր ծառայությունը: Համայնքի «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ազգային-եկեղեցական տոներին և ավանդույթներին հավատարիմ, ամեն տարի՝ մարտի 21-ին, նշում է մայրերի տոնը: Տոնին ընդառաջ՝ մարտի 19-ին, տիկնանց օժանդակ միությունը, Տեր Գրիգորի հովանավորությամբ, ուխտի մեկնեց Մխչյանի Ս. Հովհաննես եկեղեցի: Աղոթական ուղին ուխտավորներին առաջնորդեց ուխտավայրում մասնակից դառնալու Մեծ պահքի ընթացքում կատարվող Արևագալի ժամերգությանը, որի ընթացքում տիկնանց միության անդամները շարականներ երգեցին, իսկ ժամերգության ավարտին, Աստվածամոր և Ս. Հովհաննես Մկրտչի բարեխոսությանը դիմելով, աղոթք վերառաքեցին առ Տեր ողջ աշխարհի խաղաղության և հայ մայրերի համար, առավել ևս Տիրոջից ուժ և համբերություն խնդրելով այն հերոսածին մայրերի համար, որոնց որդիներն Արցախյան երկրորդ պատերազմի ժամանակ իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի:
Ընդհանրական աղոթքից հետո Ս. Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Պալգևորգյանը հոգևոր զրույց ունեցավ ուխտավորների հետ՝ անդրադառնալով Մեծ պահքի Գալստյան կիրակիի խորհրդին: Այնուհետև տիկնանց միության անդամները սիրո ճաշ ունեցան, Տեր Պարգևը շնորհավորեց մայրերին՝ իր բարեմաղթանքը հղելով նրանց: Միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանը մայրերին շնորհավորական բացիկներ նվիրեց: Ապա ուխտավորները, կրկին աղոթքի կանգնելով եկեղեցում, մասնակից եղան հսկման արարողությանը, որի ընթացքում շարականներ երգեցին և աղոթեցին «Հավատով խոստովանիմ» աղոթաշարից: «Հույս միավոր» տիկնանց օժանդակ միությունը հոգեպես նորոգված ու զորացած վերադարձավ Երևան:
Կարինե Սուգիկյան