Ուխտավորները մասնակից եղան ուխտի Սուրբ Պատարագին

Սեպտեմբերի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի առաջնորդությամբ, ուխտագնացության մեկնեց Գեղարքունիքի թեմի սրբավայրեր: Ուխտավորները նախ այցելեցին Ծովինար գյուղի Ս. Աստվածածին եկեղեցի՝ մասնակիցը լինելու ուխտի Սուրբ Պատարագին: Եկեղեցում ուխտավորներին ողջունեց հոգևոր հովիվ Տեր Գևորգ քահանա Տեր-Բարսեղյանը և ներկայացրեց եկեղեցու վերակառուցման ու վերաօծման պատմությունը: Վեց տարի առաջ սեպտեմբերի 22-ին վերաօծվել է Ս. Աստվածածին եկեղեցին և առ այսօր այդ օրը նշվում է որպես եկեղեցու ուխտի օր: Եկեղեցին կառուցվել է 1900 թ-ին Մշից ներգաղթած ժողովրդի կողմից, սակայն խորհրդային տարիներին այն վերածվել էր թունաքիմիկատների պահեստի, որի հետևանքով անհնարին էր դառնում եկեղեցում երկար գտնվելը: 2012 թ-ին եկեղեցին հիմնովին վերակառուցվել է նույն ոճով՝ վերականգնման կանոնների համաձայն:

Ս. Աստվածածին եկեղեցում ուխտի Սուրբ Պատարագը մատուցեց Տեր Գրիգորը: Ուխտավորների թվում էին նաև «Գանձեր» երգչախումբը, ովքեր իրենց երգեցողությամբ մասնակից եղան Սուրբ Պատարագին: Ապաշխարության թեմայի շուրջ քարոզխոսեց Գեղարքունիքի թեմի առաջնորդական տեղապահ Տ. Կիրակոս վարդապետ Դավթյանը: Քարոզի ավարտին Հայր Սուրբն իր օրհնության և շնորհակալական խոսքը հղեց եկեղեցու բարերարներին, թեմի հոգևորականներին, Ս. Պատարագին ներկա զինվորներին, ուխտավորներին և համայնքի անդամներին: Տեր Գրիգորն էլ իր հերթին շնորհակալություն հայտնեց թեմի առաջնորդական տեղապահին՝ օրհնության և ուխտի Ս. Պատարագ մատուցելու թույլտվության համար:

Ուխտի Սուրբ Պատարագի ավարտին եկեղեցու բարերար Հակոբյան ընտանիքի կողմից ուխտավորները սիրո ճաշի հրավիրվեցին, ապա մասնակցեցին խաչքարի օրհնությանը և օրվան նվիրված մեծ տոնախմբությանը:

Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջը փառաբանելու շարունակական մի շղթա է: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտավորների ուղին առ Աստված փառաբանության ուղի էր: Հաջորդ սրբավայրում, որտեղ նրանք Երեկոյան ժամերգությանը մասնակցեցին և միասնական փառաբանական աղոթք հնչեցրին առ Տեր, Վանեվան վանական համալիրն էր: Ուխտավորները հաղորդակից եղան գեղատեսիլ բնությամբ պարուրված միջնադարյան վանքի օրհնությանը: Վանքի հոգևոր հովիվ Տեր Տիրատուր քահանա Հովհաննիսյանը ողջունեց և օրհնության խոսք հղեց ուխտավորներին՝ մաղթելով, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը: Ապա Տեր Տիրատուրն ուխտավորներին հաղորդակից դարձրեց վանքի հզոր պատմությանը: Վանքի գլխավոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցին, կառուցել է Հայոց սպարապետ Շապուհ Բագրատունին, իր քրոջ` Սյունյաց իշխանուհի Մարիամի տեսչությամբ: Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբելյանի՝ Վանեվանում 914 թ-ին թաղվել է Հայոց թագավոր Սմբատ Ա Բագրատունին, իսկ 980 թ-ին վանքը նորոգել և, հավանաբար, երկու եկեղեցիների միջի գավիթը կառուցել է Հայոց թագավոր Աշոտ Գ Ողորմածի որդի Գագիկը (ապագա Գագիկ Ա Բագրատունի թագավորը): Թուրքական արշավանքներից երեք դար անց՝ 19-րդ դարում, վանքը վանահայր Թեոդորոս Շիրակացու կողմից նորոգվելուց հետո սկսել է գործել: Վանեվանը վերջին անգամ վերանորոգվել է 1985 թվականին՝ Խորհրդային Միության տարիներին:

«Մենք գոհություն պիտի մատուցենք Քո սուրբ անվանը և պիտի պարծենանք Քո օրհնություններով» (Սաղմ. 105:47),- սաղմոսերգուի փառաբանական աղոթքն իրենց շուրթերին ուխտավորները հաղորդակից եղան նաև Հայրավանքի (9-13-րդ դդ.) բազմադարյան օրհնությանը: Նրանց աղոթքին այստեղ ևս իրենց երգեցողությամբ միացան «Գանձեր» երգչախումբը՝ ուխտավորների հոգին լիացնելով հոգևոր երգի քաղցրահնչուն ելևէջներով:

 

Կարինե Սուգիկյան

22.09.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․