Քրիստոսահիմն եկեղեցին լոկ կառույց չէ, այլ Քրիստոսի Մարմինն է (Եփես. 1:22), հոգևոր օրգանիզմ է, որի անդամները միայն հնարավորություն ունեն հաղորդակից լինելու եկեղեցական կյանքին, որի անդամներից է կազմվում հոգևոր ընտանիքը: Այս ընտանիքում չի գործում ես-ը, այլ մենք-ը, քանի որ նրանում կյանքը կխարխլվի, եթե յուրաքանչյուր ոք ապրի ինքն իրենով: Այս ընտանիքն ամրանում ու զորանում է միասնական և միմյանց համար կատարված աղոթքներով, միմյանց հետ հաղորդակցությամբ, փոխօգնությամբ, ուխտագնացությամբ:
Օգոստոսի 2-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու մեծ ընտանիքը աղոթքի ճանապարհ անցավ, որպեսզի մեծ ընտանիքով միասնաբար աղոթք հնչեցնի առ Տեր Գուգարաց թեմի մի շարք սրբավայրերում: Առաջին սրբավայրը, որ հյուրընկալեց ուխտավորներին, Գարգառի Ս. Հովհաննես եկեղեցին էր: Ուշ միջնադարյան սրբավայրում ուխտավորները միասնաբար աղոթեցին Հայոց ազգի և եկեղեցու համար՝ հայցելով օրվա հիշատակելի սրբերի՝ սբ. Թադեոսի և սբ. Սանդուխտի բարեխոսությունը:
Տիրոջ հետևորդի համար կարևոր է ամեն օր իր հայացքն ուղղել դեպի երկինք: Եկեղեցու հայրերից Սիմեոն Աթոսացին ասել է. «Ինչպես որոշ մարդկանց ձգում է երկիրը, այդպես էլ մյուս մարդկանց ձգում է երկինքը»: Ուխտավորներն իրենց հայացքը դեպի երկինք ուղղեցին Գյուլագարակ գյուղից դեպի հարավ մոտ 2 կմ հեռավորության վրա գտնվող խոնարհված Տորմակավանքում (5-6-րդ դդ.): Այնուհետև Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը միասնաբար աղոթեց Ստեփանավանի Ս. Սարգիս (12-րդ դդ.), Հոբարձիի Ս. Գևորգ (5-6-րդ դդ.) և Վարդաբլուրի Ս. Աստվածածին եկեղեցիներում (19-րդ դդ.): Օրվա վերջին սրբավայրը, ուր այցելեցին ուխտավորները, Կուրթանի Ս. Աստվածածին եկեղեցին էր (5-6-րդ դդ.):
Քրիստոնյայի ամբողջ կյանքը հաղորդակցություն է իր Արարչի հետ, քանի որ Աստծու կողմից արարված մարդը չի կարող լիարժեք ապրել առանց Արարչի: Տիրոջ խոսքի համաձայն՝ ողջամիտ է, երբ մարդը երեխայի նման տեսնում է իր տկարությունը և հուսալով առ Աստված՝ զորանում Նրանով. «Իմ շնորհը բավ է քեզ, որովհետև իմ զորությունն ամբողջապես հայտնվում է մարդու տկարության մեջ» (Բ Կորնթ.12:9):
Քրիստոնյան իր կյանքի ընթացքում ջանում է ընդօրինակել Քրիստոսին, ընթանալ Նրա մատնանշած ուղով՝ հաստատապես իմանալով, որ Քրիստոսով ինքն առավել լեցուն կյանք ունի (Հովհ. 10:10) և որ Քրիստոս իր կողքին է միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20):
Կարինե Սուգիկյան