26 Դեկտեմբեր, Եշ
Ինչպես ծառի վրա միանման տերևներ չենք գտնի, այնպես էլ աշխարհի բոլոր մարդիկ, տարբեր լինելով հանդերձ, միավորվելու կարևորագույն պատճառներ ունեն, այն որ արարված են Աստծու պատկերով և նմանությամբ, ունեն մեկ Երկնավոր Հայր, մկրտությամբ, ազատվելով նախածնողներից ժառանգած ադամական մեղքից, Աստծու որդիներ են դառնում, Սուրբ Հոգու շնորհներին և քրիստոնյա անվանն արժանանում, իսկ Հաղորդությամբ, հաղորդակից դառնալով Քրիստոսի Մարմնին և Արյան, փրկության հնարավորություն ունենում: Միավորող այս պատճառները բնական կերպով տրամադրում են քրիստոնյաներին փոխադարձ սիրո, համերաշխության և միաբանության:
Աստծով այս միաբանության լավագույն օրինակները եկեղեցական համայնքներն են, որոնք հոգևոր սպասավորների առաջնորդությամբ և ուղեկցությամբ, միմյանց օգնելով և աջակցելով, ձգտում են դեպի Երկնային Արքայություն: Մարդն արարված է երկնքի համար և այնտեղ է մարդու հավիտենական կացարանը, ուր հանգստանալու է իր բոլոր վշտերից ու տառապանքներից: Դեպի Երկինք տանող ճանապարհին համայնքները հաճախ են միավորվում աղոթքի շուրջ:
Հունիսի 12-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սարկավագ Դոխոլյանի առաջնորդությամբ, հերթական անգամ միավորվեց աղոթքի շուրջ՝ անցնելով ուխտի ճանապարհ: Ուխտավորները ճանապարհին աղոթեցին, ապա Վաչագան սարկավագը հոգևոր զրույց անցկացրեց՝ անդրադառնալով կյանքում կայացրած որոշումներին և ընտրություններին. «Վաղվա օրը կերտում ենք այսօր՝ մեր պատմությունը գրելով: Եթե գոհ չենք մեր պատմությունից, ապա այն կարող ենք փոխել ճիշտ հարցադրումներ տալով՝ արդյո՞ք ազնիվ եմ իմ որոշումների մեջ, ի՞նչ պատմություն եմ գրելու այսօր և այն ուրախությամբ կպատմեմ, թե՞ կցանկանամ այն ջնջել: Այն գիրքը, որ այսօր գրում ենք, մի օր Աստծու և հրեշտակների առջև է կարդացվելու, փառք Աստծու, ունենք հնարավորություն ապաշխարությամբ և խոստովանությամբ ջնջելու այն, ինչը կցանկանանք ջնջել: Ուստի հարկ է հետևել Քրիստոսին և ճիշտ որոշումներ կայացնել՝ դառնալով մեր պատմության հերոսը»:
Աղոթքով և հոգևոր զրույցով հագեցած ուխտի հերթական ուղին համայնքին առաջնորդեց Շիրակի թեմի Անիպեմզա ավանի տարածքում գտնվող Երերույքի տաճար (4-7-րդ դ.): Վաղ միջնադարյան, կիսախոնարհված սրբավայրում ուխտավորները մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը: Այնուհետև համայնքը միասնական աղոթքի մասնակցեց նաև Թալինի Կաթողիկե Ս. Աստվածածին (7-րդ դ.) և Արուճի Ս. Գրիգոր (7-րդ դ.) եկեղեցիներում: Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքն իմաստավորեց իր օրն ուխտի ճանապարհով՝ այդկերպ կերտելով իր վաղվա օրն Աստծով:
Մարդու կյանքն այն ժամանակ է իմաստավորվում, երբ կա ձգտում դեպի Աստված և դեպի մարդիկ: Մարդ չի կարող ընթանալ դեպի Աստված՝ հեռու մնալով մարդկանցից: Մարդը միայնակ է մեղք գործում, բայց չի կարող փրկվել միայնակ՝ առանց եկեղեցու: Աստծով այս միասնության մեջ է անմահության գրավականը:
Կարինե Սուգիկյան