Ուխտի օրհնյալ օրը եկեղեցու համայնքն ու հոգևոր դասը նշեց նաև Տեր Վահանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակը

Սեպտեմբերի 27-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշեց Վարագա Սուրբ Խաչի տոնը: Արդեն չորրորդ տարին է, որ Խաչի տոներից ազգային համարվող Վարագա Սուրբ Խաչի տոնը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, հայտարարվել է որպես Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող Տիրոջ խաչափայտի մասունքակիր խաչի ուխտի օր: Ուխտի օրհնյալ օրը համընկել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանի քահանայական ձեռնադրության տասնհինգ ամյակի հետ: Տեր Հայրը ուխտի Սուրբ Պատարագ մատուցեց և քարոզին, անդրադառնալով տոնի խորհրդին, մասնավորաբար ասաց. «Յուրաքանչյուր քրիստոնյա պայքարում է իր քրիստոնեական էության և գաղափարների համար, մեղքեր չգործելու համար, հոգու, սրտի, մտքի, խորհուրդների մաքրության, Աստծո պատվիրաններին հավատարիմ մնալու համար՝ միշտ իր աչքի առջև ունենալով Աստծո սերն ու պահպանությունը։ Ահա թե ինչու է պետք հոգին հանձնել խաչի պահպանությանը, ապավինել Խաչյալի զորությանը։ Խաչը մեզ համար պահպանիչ զորություն է և նրա իրական արժեքը հասկանալով՝ կկարողանանք խաչը կրել մեր սրտում, և Խաչյալին ունենալ մեր հոգիներում։ Քրիստոսի խաչափայտը հավիտենական կյանքի ծառ է, ուստի ապավինենք Նրան՝ առանց երկմտելու, հենվենք Նրան՝ հանուն մեր հոգիների փրկության, հանուն այն սիրո, որ Նա ցույց տվեց մեզ խաչի վրա։ Թող Սուրբ Խաչից բխող կենսատու լույսը լուսավորի մեր անցնելիք ճանապարհը, մաքրի ու պայծառացնի մեր հոգիները և հարատև առաջնորդի մեզ»:

Սուրբ Պատարագի ավարտից մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Սուրբ Խաչի զորությանը ապավինելով, հաղորդակից եղան Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչից բաշխվող օրհնությանը և հայցեցին Տիրոջ զորակցությունն ու պահպանությունը Հայոց և Արցախ աշխարհների ու Հայոց բանակի անսասանության և հաղթական ընթացքի համար: Ինչպես նշում է եռամեծ վարդապետ Ս. Գրիգոր Տաթևացին. «Աղոթքը հաղթում է պատերազմը, ինչպես Մովսեսն աղոթքներով հաղթեց Ամաղեկին, Դավիթը՝ այլազգի Գողիաթին, և Հոբը՝ թշնամի սատանային: Այսպես և մենք ենք աղոթքներով հաղթում, երբ թե՛ հոգևոր, թե՛ մարմնավոր պատերազմ է լինում»:

Օրհնառատ արարողության ավարտին եկեղեցու հոգևոր դասը և համայնքն իրենց սրտագին շնորհավորանքները հղեցին Տեր Վահանին՝ մաղթելով, որ Տերը օգնական ու աջակից լինի Տեր Հորն իր հոգևոր կոչման մեջ՝ շարունակելու իր ծառայությունն՝ ի շինություն և պայծառություն մայր եկեղեցու, պարգևի քաջառողջություն, արևշատություն և հանապազ օրհնի իր կյանքը երկնատուր պարգևներով:

Ամեն մի քրիստոնյա, իր խաչն ունենալով, փորձում է անցնել խաչի՝ սիրո և զոհողության այն ուղիով, որ առաջնորդում է դեպի Երկինք: Իսկ Բարձրյալ Աստծու սպասավորը՝ քահանան, կոչված է առաջնորդելու Երկինք ընթացողներին և օգնելու, որ քաջաբար կրեն իրենց խաչերը:

 

Կարինե Սուգիկյան

28.09.20
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․