26 Դեկտեմբեր, Եշ
Հունիսի 19-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբեց մեր հավատքի հայր և Հայոց առաջին հայրապետ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը: Հայ եկեղեցու պատկառելի հայրապետն իր կենդանության օրոք Հայաստան աշխարհի Լուսատու և Լուսավորիչ հանդիսանալուց բացի, իր մահվամբ բնակակից է երկրի վրա՝ իր խնկելի նշխարներով, երկնքի մեջ՝ իր լուսեղեն հոգով, և հայի սրտի մեջ՝ իր անջնջելի հիշատակով:
Սուրբ մասունքներով հայտնի Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցին երկու տարի առաջ հարստացավ ևս մեկով. եկեղեցուն նվիրաբերվեց Ս. Գրիգոր Լուսավորչի մասունքակիր ճաճանչը և ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու ուխտի օրերին համալրվեց ևս մեկը՝ Ս. Գրիգոր Լուսավորչի նշխարների գյուտի տոնը, որ դարձավ եկեղեցու հինգերորդ ուխտի օրը:
Տոնի օրը Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում խորհրդակատար Տեր Վահան քահանա Առաքելյանն ուխտի Ս. Պատարագ մատուցեց՝ հանուն Հայոց ազգի ու եկեղեցու շինության ու պայծառության, հանուն Հայոց երկրի ու պետականության անսասանության:
Ս. Պատարագի ավարտից մինչ Երեկոյան ժամերգությունը հավատավոր հայորդիները, Ս. Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը հայցելով, հաղորդակից դարձան առաքելաշավիղ հայրապետի մասունքակիր ճաճանչի օրհնությանը: Դեռևս առաջին դարից առաջին նորադարձները սրբերի հանդեպ իրենց հարգանքը մատուցել են աղոթքով ու սաղմոսերգությամբ, Սուրբ Պատարագին մասնակցությամբ և սրբերի օրինակի համաձայն՝ խոնարհության և հոգևոր սխրանքների մեջ առաջադիմելով, ինչը ցանկալի ու հաճելի է Աստծուն:
Սրբերի նշխարների հանդեպ եկեղեցու առանձնահատուկ երկյուղածության ու մեծարանքի վերաբերյալ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանն ասաց. «Աստված միշտ հոգ է տանում Իր նվիրյալների մարմինների մասին, որպեսզի դրանք երբևէ չկորչեն, այլ արժանավայել պատվի արժանանան: Աստված է, որ հրաշագործ ու բուժիչ ուժով է օժտում այդ երանելիների մասունքներն ու մեծ փառքի արժանացնում: Չէ՞ որ հանուն արդարների է, որ Աստված մինչ այժմ խնայում է մեր այս մեղավոր աշխարհը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հայրապետի անդադար աղոթքները շարժեցին հայ ժողովրդի և Եկեղեցու հանդեպ Բարեգութ Երկնակալի ողորմածությունը, Աստծու կենարար լույսը սփռվեց հայոց հողի վրա, և փրկության հույսն ավետվեց ամենքիս, այսօր այս տոնի կապակցությամբ մենք էլ խնդրենք Սուրբ Գրիգոր Լուսավորչի բարեխոսությունը նախ՝ Հայոց աշխարհի խաղաղության ու բարգավաճման, այնուհետև՝ ամենքիս հոգևոր աճի համար»:
Կարինե Սուգիկյան