«Ուր ձեր գանձերն են, այնտեղ էլ կլինի ձեր սիրտը»

Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնի հետ համատեղ, շարունակում է իր սոցիալական ծրագրերը՝ աջակցելով Դաունի համախտանիշ ունեցող երեխաներին: Նոյեմբերի 14-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Դաունի համախտանիշ ունեցող Հարությունյան Գրետային (16 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄն դոլար), որ տրամադրել էին արտերկրում բնակվող Պէնկլիան և Կյունպէրկ ընտանիքներն՝ իրենց թոռնուհու՝ Լուսին Մարոյի մկրտության առթիվ: Գրետան իր մայրիկի և քրոջ հետ վարձակալությամբ բնակվում է Նոր Նորքի 2-րդ զանգվածի Ն. Ստեփանյան 11 շ., 7 բն. հասցեում: Արև աղջնակը սովորում է Երևանի Գ. Ստեփանյանի անվան թիվ 135 հիմնական դպրոցում, շատ է սիրում պարել:

Երեք ամիս առաջ մահացել է Գրետայի հայրը, մայրը՝ Հարությունյան Մանուշակը (53 տ.), առողջական խնդիրներ ունենալով հանդերձ, աշխատում է, բայց իր նվազագույն աշխատավարձով չի կարողանում հոգալ իրենց նվազագույն կարիքները:

«Իմ ուրախությունն ու լույսն է իմ արև Գրետան: Նա անմիջապես նկատում է, որ ընկճված եմ, վատ եմ զգում, գրկում է ինձ և փորձում ուրախացնել: Աստված պահպանում է իմ ընտանիքին, Նրա լույսն ու օրհնությունն անմիջականորեն զգում եմ Գրետայի միջոցով»,- ասաց տիկին Մանուշակը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից ընտանիքներին և «Արև-երեխաներ» երեխաների առողջության և զարգացման կենտրոնին, որի միջոցով Գրետան կարևոր բուժհետազոտություններ է անցնելու:

Մանուկ Կակոսյան Կյուրինցին «Երկնքի ճանապարհը» գրքում նշում է, որ մարդն իր ունեցվածքից ոչինչ չի կարող տանել, իր թափած այդքան աշխատանքից միայն մի պատանք է հասնում իրեն, որն էլ առնելով մտնում է հողի տակ: Հեղինակն անդրադառնում է այն ունեցվածքին՝ հոգևոր հարստությանը, որ մարդը կարող է իր հետ տանել, բայց կարող է տանել մինչև իր մահը և այն էլ ուրիշների միջոցով: Նա մատնանշում է, որ դեպի երկինք գնացող ճամփորդների թիվը պակաս չէ, թե ժամանակ գտնես, կարող ես միշտ էլ ունեցվածք ուղարկել. «Դեպի երկինք ընթացող ճամփորդները աղքատներն են, խեղճերը, կույրերը, մերկերն ու կաղերը, եթե ունեցվածքդ նրանց հանձնես, նրանք անվնաս կերպով կտանեն և կհանձնեն Քրիստոսին: Այնտեղ կպահվի ունեցվածքդ և ահեղ դատաստանի օրը ետ կվերցնես: Այդ խեղճերը քո ունեցվածքը ոչ թե պիտի շալակեն ու երկինք բարձրանան, այլ այստեղ կուտեն և կհագնեն, բայց Քրիստոս, այդ ամենն Իրենը համարելով, դատաստանի օրը կհատուցի քեզ: Ուստի, երբ քո ունեցվածքը աղքատների միջոցով երկինք առաքես ու այնտեղ պահ տաս, նախ և առաջ երկյուղդ կվերանա, չես վախենա ո՛չ գողից և ո՛չ էլ ցեցից, ո՛չ ջրից և ո՛չ կրակից, ո՛չ բռնավորից և ո՛չ էլ զրպարտողներից, որովհետև Քրիստոս վկայեց. «Ո՛չ ցեցը կարող է ուտել, և ոչ էլ գողերը կարող են գողանալ» (Մատթ. 6:20): Մահից նույնպես երկյուղ չես ունենա, քանզի ա՛յն մարդն է վախենում մեռնելուց, ով ունեցվածք և հույս չունի երկնքում, և մահանալուց տխրում է, որ պիտի բաժանվի այս աշխարհի իր սիրելի ունեցվածքից, որի վրա էր դրել իր հույսը»:

 

Կարինե Սուգիկյան

14.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․