13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Ասում եմ ձեզ, որ այսպես ուրախություն կլինի երկնքում մի մեղավորի համար, որն ապաշխարում է, քան իննսունինը արդարների համար, որոնց ապաշխարություն պետք չէ» (Ղուկ. 15:7):
Ի Տեր Հիսուս Քրիստոս միավորված սիրելի հավատացյալներ.
Տերունական այս խոսքերը պատասխանն էին փարիսեցիների և օրենսգետների այն տրտունջի, թե՝ ինչո՞ւ է նա ընդունում մեղավորներին և ուտում նրանց հետ: Ղուկասի ավետարանում գրի առնված ամբողջական պատասխանն իր մեջ կորստի և ապա վերագտնելու մասին երեք պատմություն է ներառում, որոնք միավորված են միևնույն գաղափարով և ուղղված յուրաքանչյուր մարդու:
Դրախտի դարպասներից անդին ձևավորված մահկանացու կյանքի անբաժանելի մասն է կորուստը: Լույս աշխարհ եկած և ոչ մեկն անմասն չէ այս կամ այն կորստից ու դրա պատճառած ցավից: Եվ ցավի ուժգնությունն էլ կախված է նրանից, թե կորցրածն ինչ արժեք ուներ անձամբ քեզ համար: Ամենահաճախ հանդիպող կորուստների ցանկում են՝ ժամանակը, առողջությունը, դրամը, պատիվը, խիղճը, ամոթը, հույսը, հավատը, կյանքը… Մեր ազգի համար այս ամենը, ցավոք, խտացավ և բազմապատկվեց նաև հայրենիքի, հաղթանակների, զավակների ու ձեռքբերումների կորստով: Թող Բազումողորմ Տերն Իր անծայրածիր ողորմածությամբ ամոքի մեր ազգի զավակների և անգին հայրենիքի վերքերն ու բոլոր սրբերի բարեխոսությամբ ապաշխարության ու դարձի ոգի ուղարկի մեր ազգին: Եվ որպեսզի սա կատարվի, կրկին դառնանք Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի խոսքերին, ու յուրաքանչյուրը թող մտորի ամենակարևոր կորստի մասին, որն Աստծու պատկերով դրոշմված մարդկային հոգու կորուստն է:
Աշխարհի արարումից ի վեր Աստծու և բանսարկուի, բարու և չարի, լույսի ու խավարի կռիվը սրա մասին ու սրա համար է. Հայրը պաշտպանում է Իր զավակներին ոխերիմ թշնամուց, Բարի Հովիվն Իր հոտին՝ արնախում գայլից: Եվ ինչպես Տեր Հիսուս է ասում՝ չկա ավելի մեծ ուրախություն երկնքում, քան մոլորյալի դարձն է կամ կորսված հոգու գտնվելը: Այս աննկարագրելի ուրախությունը տեսնում ենք և՛ կորուսյալ ոչխարի, և՛ անառակ որդու, և՛ կորցրած դրամի առակներում, և տկար ու մեղավոր մարդու համար չկա ավելի մեծ հույս ու ոգևորություն, քան գիտակցելը, որ իր նման թշվառ մեկն այդքան գնահատելի ու կարևոր է Բարձրյալն Աստծու համար: Այսօր, երբ տուն գնաք, սիրելինե՛ր, վերընթերցեք այս առակները, սակայն կորուսյալ ոչխարի կամ անառակ որդու փոխարեն ձեր անունը կարդացեք: Թո՛ւյլ տվեք, որպեսզի ձեր պաղած ու վախվորած հոգին զգա Բարի Հովվի ուսերին գտնվելու անվտանգության ու հուսալիության անպատմելի զգացումը: Փորձեցե՛ք որդիական նոր ու մաքուր պատմուճանը և զգացե՛ք այն մեծագույն պատիվը, որ Երկնավոր Հայրն է ձեզ անում: Թո՛ւյլ տվեք, որպեսզի ձեր օտարացած հոգին մի փոքր մնա Հոր ջերմ գրկում, և թող որ սիրտը տակնուվրա անող այն բոլոր զգացումների փոթորիկը, որ անպատճառ կզգաք, այնպիսի ուժգին սիրով կապի ձեզ Արարչին, որ այլևս ոչինչ և ոչ մեկն ի զորու չլինի ձեզ Նրանից բաժանելու:
Սիրելի՛ հավատացյալներ, կյանքը բարդ բան է՝ ծուղակներով ու փորձություններով լի: Այն նման է ականապատ դաշտի, որտեղ հատուկ գիտելիքներ, պատրաստվածություն ու քարտեզ չունենալու դեպքում մի քայլն անգամ կարող է քեզանից խլել ամենաթանկը: Իր Արարչից, իր Փրկչից, իրեն Սիրող Հորից հեռացած, նրան մերժած մարդը նման է այդ դաշտում քայլել պատրաստվող անմիտ բախտախնդրի, որ հույսը միայն սեփական ուժերի վրա դնելով, որոշել է կտրել-անցնել այն՝ առանց գիտակցելու իր ողբալի վիճակի ողջ լրջությունը: Իսկ մեր Սիրող Հայրը նույնն է երեկ, այսօր ու վաղը: Նա անսահմանորեն սիրում է մեզ, ամեն վայրկյանի սպասում ու մինչև վերջ պայքարում է յուրաքանչյուրիս հոգու փրկության համար՝ տալով ամեն ինչ, որ այդ նպատակին կծառայի: Այդ մենք ենք հեղհեղուկ, կույր և անհուսալի, որ աշխարհի փչացած ու փուչ վազքի մեջ կորելով՝ անտեսում կամ չտեսնելու ենք տալիս այն ամենազոր Աջը, որ մշտապես ուղղված է դեպի մեզ: Եթե դուք այսօր այստեղ եք, ապա կարող ենք ասել, որ գոնե մեկ անգամ արդեն արձագանքել եք ձեզ կանչող Հովվի ձայնին և Նրա հարազատ ու ապահով ուսերին հայտնվել: Փա՜ռք Ամենակալին, դարձի եկած յուրաքանչյուր հոգու համար: Միայն Նրան է հայտնի, թե որտեղ, որ ճահճում կամ անհատակ փոսում է գտել նա մեզնից յուրաքանչյուրին: Որ մահաբեր կիրճից ու որ գազանի երախից է մեզ դուրս բերել Քաջ Հովիվն ու ուրախությունից՝ Իր ուսերին առել: Միայն մեր Երկնավոր Հորն է հայտնի, թե մեզնից յուրաքանչյուրի համար որքան է թեժացրել Իր տան ճրագները, որպեսզի հեռու խավարից կարողանանք տունդարձի ճամփան գտնել: Քանի սպասավորի է ուղարկել մեզ փնտրելու և հարազատ տուն բերելու: Եվ հայրական սիրող սրտի անթիվ-անհամար քանի կտոր է զոհաբերել, որպեսզի մեր մեռած սիրտը վերակենդանանա ու հիշի, որ իրական կյանքն ու փրկությունը միայն Հոր տանն է՝ Նրա սիրող գրկում:
Աստծու ճրագներն անմար են, սիրելինե՛ր: Սուրբ Գիրքը, Եկեղեցու վարդապետությունը, հայրերի գրվածքներն այն հավերժ լույսն են, որ աննվազ լուսավորում են դեպի Արքայություն տանող յուրաքանչյուրիս ուղղին, միայն թե օգտվենք դրանցից: Փրկվելու առաջին քայլը հստակ գիտակցումն է, որ մոլորվել ես ու կորել: Հաջորդ քայլը փրկվելու ցանկությունն է և ապա՝ որոշումը: Փրկարարը չի կարող խեղդվողին փրկել, եթե վերջինս նրան ընդառաջ լողալու կամ գոնե չհակառակվելու փոխարեն ամեն ինչ անում է սուզվելու համար: Կամ հրշեջը չի կարող ձեզ դուրս բերել այրվող տնից, եթե դեպի ելքը շարժվելու փոխարեն տան ամենահեռավոր ու անմատչելի անկյունը մտնեք: Մենք պիտի վստահենք Քրիստոս Աստծուն, սիրելինե՛ր, և թույլ տանք, որ գտնի ու փրկի մեզ: Իսկ գտնվելուց, Հոր մոտ վերադառնալուց հետո էլ պիտի փոխվենք ու վերանայենք մեր կյանքը, արժեքները: Հինը մնալ չենք կարող: Երանելի Սարգիս Շնորհալին ասում է. «Տերը մեզ գեհենի սպառնալիքն է տվել և խոստացել է Իր Արքայությունը, որպեսզի կա՛մ հանուն այդ Արքայության սիրենք, կա՛մ էլ գեհենի սարսափից՝ երկնչենք։ Իսկ մենք այդ երկուսի ընտրության առջև անշարժ կանգնած ենք, ինչի պատճառով էլ մեզ վրա եկան-հասան տրտմությունները, որոնք հանդերձյալ տանջանքների «առհավատչյան» են»։
Նա ով գիտակցում է իր անկյալ վիճակից ազատվելու, վեր բարձրանալու գինը, և խորապես ապրում է կորուսյալ վիճակից փրկվելու ուրախությունը, դժվար թե հետագայում թեթևամտորեն վերաբերվի ձեռք բերածին՝ Սիրող Հոր ու Բարի Հովվի սիրուն, հոգատարությանը, պաշտպանությանը: Մենք պիտի ամեն ինչ անենք մեզ շնորհված կարգավիճակին, մեզ պարգևված դիրքին համապատասխանելու համար, սիրելի՛ հավատացյալներ: Յուրաքանչյուրս մեր տեղում պիտի ձգտենք ավելի լավը դառնալու՝ Տիրոջ լույսով, Նրա քաղցր ձայնին ու իմաստուն խրատներին հետևելով: Պիտի ընթանանք Աստծու մատնանշած ճանապարհով՝ Նրա օրինակին ու պատվիրաններին հետևելով: Պիտի հրաժարվենք կեղծավորությունից ու դադարենք դատելուց և փոխարենը պարզության ու մաքրության ձգտենք, որպեսզի աղտեղության ծովում խեղդվող աշխարհի աղմուկի մեջ չմոլորվելու համար միշտ կարողանանք լսել Փրկչի ձայնն ու տեսնել Նրա լույսը: Աստծու կամքը ընդհանուր առմամբ բոլոր մարդկանց նկատմամբ նույնն է, սիրելի՛ հավատացյալներ, և հաճախ ինչ-որ հատուկ, հենց անձամբ մեզ ուղղված ինչ-ինչ նշաններ, միայն մեզ հատկացված առանձնահատուկ դեր փնտրելն ու կեղծ ուսմունքների ու մարգարեների հետևից գնալը խոսում է մեր մեծամտության և այն մասին, որ մեզ ուրիշներից վեր դասելով՝ ուղղակի չենք ուզում կատարել հիմնական, ընդհանուր պատվիրանները և խորամանկություն բանեցնելով՝ պարզապես ցանկանում ենք շրջանցել դրանք: Ճշմարիտ Աստված մեկն է՝ Տեր Հիսուս Քրիստոս, միակ ճշմարտությունը՝ Սուրբ Գիրքն ու Քրիստոսահիմն Եկեղեցին, Աստծու միակ նպատակը՝ մեր փրկությունը: Արդ, հավատարիմ մնանք աստվածային ճշմարտությանն ու փրկչական ծրագրին: Աղոթքով, սիրով ու խոնարհությամբ մաքուր պահենք մեր հոգին՝ ունակ աստվածային լույսը չարածին խավարից տարբերելու, որպեսզի չպատահի հանկարծ, որ հեռանանք Կյանքի Աղբյուրից ու հայտնվենք թշնամու տիրապետության ներքո: Թող Տերն իմաստություն շնորհի ամբողջ հայ ազգին և նրա յուրաքանչյուր զավակին: Հիշեցնի, որ մենք շառավիղն են Քրիստոսի լույսով ազգն առաջնորդողների՝ սուրբ Գրիգոր Լուսավորչի, Մաշտոցի, Նարեկացու, Վարդան Զորավարի և այլոց, և որ դժվարին ժամանակներում չկորչելու, այլ հաղթականորեն առաջ ընթանալու համար անհրաժեշտ է հավատարիմ մնալ նրանց ավանդին ու գծած շավղին: Թող Բարի Հովիվն Իր անսահաման գթության ծովի մի կաթիլն ուղարկի մեզնից յուրաքանչյուրին, որպեսզի ապաշխարության ոգի առնելով՝ հետ դառնանք մեր չար գործերից ու ընթացքից դեպի Խաչի փրկարար ուղի և մեկընդմիշտ հիշենք, որ Աստված «….ոչ թե դատավոր է, այլ բժիշկ, ոչ թե սպանող դահիճ է, այլ՝ գորովագին Հայր: Քեզ ընդառաջ է ելնում, ինչպես անառակ որդուն, քո պարանոցով է ընկնում, որ դարձար դեպի ապաշխարություն, երկնավոր Հայրը համբուրում է քեզ՝ բերանը հպելով աչքերիդ, հրամայում է քեզ հագցնել անմեղության առաջին պատմուճանը, ամրացնում է քեզ կոշիկներով՝ թշնամու հետագա թույների դեմ: Կերակրվում ես Որդու Մարմնի Պատարագով, քեզ հետ պատարագից վայելում են ընտրյալ ծառաները, քո անառակությունից դառնալու առթիվ բոլոր սուրբերը երգում և պարում են, որից սարսափած փոքր-ինչ նախանձում է առաջին թլպատված ժողովուրդը` չմտնելով Աստծո Որդու զենման ուրախության մեջ. որոնց մոտ ելավ ու եկավ էական Աստված Մարմնով՝ աղաչելու Հորը հավատացող հրեային, հավատի կոչելու ապաշխարող հեթանոսին և ուրախ լինելու իր անառակ եղբոր դարձով, միասին վայելելու Աստծո Որդու զենումից և ժառանգելու անանց բարիքների վայելչությունը Հոր, Որդու և Սուրբ Հոգու հետ. Նրան փառք և պատիվ հավիտյանս հավիտենից: Ամեն» (Հովհան Մանդակունի):
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան