25 Նոյեմբեր, Բշ
Հովակիմը և Աննան երկար ժամանակ զավակ չունեին և աղոթքներով խնդրում էին, որ Աստված իրենց ևս զավակ պարգևի: Եվ աստվածային նախախնամությամբ լույս աշխարհ եկավ մի մանկիկ, ով հետագայում, ինչպես մեր գեղեցիկ շարականներից մեկն է շատ պատկերավոր կերպով ասում, արևելք էր դառնալու աստվածային Արեգակի համար, այսինքն` լինելու էր Աստծո Միածին Որդու մայրը: Աստվածաշնչյան իմաստունն ասում է. «Տիրոջ օրհնությունն արդարների գլխին է, և նա էլ հարստացնում է նրանց և չի ավելացնում նրանց սրտի տրտմությունը» (Առակ. 10.22): Երբեք սխալ չի լինի այս իմաստուն արտահայտությունը հասկանալ նաև մարդու հոգևոր աշխարհի կամ էլ հենց զավակներով հարստության իմաստով:
Մեզ երբեմն հուզում է այն հարցը, թե ինչու որոշ ամուսնացած մարդիկ երկար ժամանակ անզավակ են մնում, ինչպես որ էին Սուրբ Աստվածածնի ծնողները: Եվ մենք փորձում ենք այս հարցի պատասխանը գտնել միայն բժշկության տեսակետից ելնելով: Սակայն տեսնենք, թե Աստվածաշնչում ինչ է ասվում այս մասին: Ծննդոց գրքից հայտնի է, որ Աբրահամը Իսահակին ունեցավ Աստծո խոստման համաձայն (Ծննդ. 18.14): Երբ սատանայի փորձության պատճառով վախճանվեցին երանելի Հոբի զավակները, նա ասաց. «Իմ մոր որովայնից ես մերկ դուրս եկա, մերկ էլ կվերադառնամ: Տերը տվեց, Տերն էլ հետ առավ» (Հոբ 1.21): Այսինքն` Հոբը ևս շեշտում էր այն փաստը, որ Տիրոջից էր ստացել իր զավակներին: Սրա հակառակ իրողությունը նույնպես առկա է Աստվածաշնչում, երբ Աստված տարբեր նպատակներով ոմանց որոշ ժամանակ զրկում է որդեծնությունից: Այսպիսին է Ծննդոց գրքում Ռաքելի ու Հակոբի պատմությունը: Երբ Ռաքելը տեսավ, որ ինքը որդի չի ունենում, իր ամուսնուն` Հակոբին ասաց. «Ինձ զավակներ պարգևիր, այլապես կմեռնեմ»: Եվ շատ հետաքրքրական է Հակոբի պատասխանը. «Մի՞թե Աստծո փոխարինողն եմ ես, որ զրկել է քեզ ծննդաբերելուց» (Ծննդ. 30.1-2): Այնուհետև Աստվածաշունչն ասում է, որ որոշ ժամանակ անց Աստված հիշեց Ռաքելին, անսաց նրա թախանձագին աղոթքներին և բեղմնավոր դարձրեց նրա արգանդը (Ծննդ. 30.22): Հետևաբար, այս հարցում մեծ դեր ունի նաև հավատը, ինչը և տեսնում ենք հատկապես Աստվածածնի ծնողների` Հովակիմի և Աննայի պարագային:
Երկիր մոլորակի վրա կենդանությունը, կյանքը պահպանում է ամենակարևոր տարրերից մեկը` ջուրը: Այն կյանք է տալիս բույսերին և ապահովում է նաև մարդկանց ու կենդանիների գոյությունը: Գիտնականներից մեկի խոսքերով` ջրի զարմանալի հատկություններից մեկն այն է, որ մեկ կաթիլ ջրի մեջ այնքան ատոմ կա, որքան որ ջրի կաթիլ կա Միջերկրական ծովում: Սակայն կարո՞ղ է արդյոք որևէ մեկն ասել, թե որքան զորություն կա մեկ կաթիլ հավատքի մեջ: Եվ եթե ջուրը կենդանություն է տալիս, ապա որքան առավել ևս կենդանություն կարող է տալ առ Աստված հրաշալի հավատքը:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից