26 Նոյեմբեր, Գշ
Մարտի 1-ին Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միությունը, ԱՀԹ երիտասարդաց միությունների հոգևոր պատասխանատու Տեր Պետրոս ավագ քահանա Մայիլյանի և Նոր Նորքի Ս. Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանի օրհնությամբ, ուխտի էին եկել Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի։ Երիտասարդներին ուղեկցում էր եկեղեցու սպասավոր Տիգրան սարկավագ Հակոբյանը: Եկեղեցում երիտասարդ ուխտավորներին ողջունեցին «Զորավոր» երիտասարդաց միության պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանը և միության անդամները: Տեր Հայրը երիտասարդներին փոխանցեց ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությունը, ապա ներկայացրեց եկեղեցու կառուցման պատմությունը, «Զորավոր» անվան բացատրությունը և թե ինչ սրբություններ, ուխտի օրեր ունի Երևանի հնագույն սրբավայրը: Այնուհետև եկեղեցուն կից Ս. Անանիայի մատուռ-դամբարանում ուխտավորները խոնարհվեցին սրբի շիրիմի առջև՝ հայցելով նրա բարեխոսությունը: Տեր Հոր մաղթանքն էր երիտասարդներին, որ Տերն ի կատար ածի նրանց բոլորի ուխտը: Ապա երիտասարդները երիցատան դահլիճում «Զորավոր» երիտասարդաց միության կողմից պատրաստած հյուրասիրության սեղանի շուրջը հոգեշահ զրույց ունեցան, խոսեցին իրենց անելիքների մասին՝ ծրագրելով իրենց հաջորդ հանդիպումը: Զրույցից հետո Տիգրան սարկավագը անդրադարձավ օրվա աստվածաշնչյան ընթերցումներին և դրանց մեկնություններին:
«Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության անդամ Վարդուհին տպավորված էր ուխտագնացությամբ. «Նախկինում այցելել էինք Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի, բայց եկեղեցու մասին չունեինք այսքան տեղեկություն: Կարևորում եմ եկեղեցիների երիտասարդաց միությունների հետ հանդիպումն ու շփումը՝ որպես Հայ Առաքելական Սուրբ եկեղեցու անդամների»: «Որդիք Լուսոյ» երիտասարդաց միության ատենապետուհի Մերինե Նիկողոսյանը նշեց, որ այս տարվա մեջ սա իրենց երրորդ ուխտագնացությունն է ԱՀԹ-ի եկեղեցիներ: «Մեր նպատակը Երևանում բնակվող եկեղեցասեր երիտասարդների միջև ջերմ և բարեկամական հարաբերությունների ստեղծումն ու ամրապնդումն է։ Լիահույս ենք, որ նմանօրինակ փոխայցելությունները մեր թեմում կլինեն շարունակական և կտան սպասված բարի պտուղները»,- ասաց նա:
Արարատյան Հայրապետական թեմից ներս երիտասարդաց միությունների կողմից իրականացվող ուխտագնացություններով երիտասարդները, իրենց հավատքի ուղին զորացնելով, հավատքի ընկերներ են ձեռք բերում և Պողոս առաքյալի խոսքի համաձայն՝ միասին ընթանում դեպի նպատակակետ. «Ուշադիր վազում եմ դեպի նպատակակետը, որպեսզի իբրև մրցանակ ստանամ հավիտենական կյանքը, որին Աստված հրավիրում է մեզ Հիսուս Քրիստոսով» (Փիլ. 3:14):
Կարինե Սուգիկյան