22 Նոյեմբեր, Ուր, Հինանց պահքի Ե օր

Օրենքի պահպանությունը

«Ով պահում է օրենքը, նա երանելի է» (Առակ 19։18):

Անուրանալի ճշմարտություն է այն, որ մարդ որքան ապրում ու շնչում է այս աշխարհում, իր համար իբրև առաջնորդ և ուղեցույց պիտի ունենա գերագույն ու վսեմ մի օրենք կամ կանոն, որի առաքելությունը պետք է լինի այդ մարդու կամքին իշխելը։ Այդ օրենքը, որ անձեռնմխելի, անփոփոխ ու տիեզերական է, որևէ փոփոխության կամ այլակերպության ենթակա չէ, քանի որ այն մարդու պարկեշտության և ուղղամտության բնածին սկզբունքն է։

Եթե մի օրենք համընդհանուր ճանաչում ունի, ապա բոլորը պարտավոր են հնազանդվել դրան՝ հանձն առնելով կատարել այդ օրենքի էական ու կենսական տարրերը հանդիսացող բոլոր պատվիրանները։

Այդ պայմաններում որևէ բացառություն ներելի չէ, քանի որ մարդ իր բովանդակ կատարելությունն օրենքի կիրառության և գործադրության մեջ է տեսնում։ Այլապես եթե մեկն իրեն ազատ համարի այդ պատասխանատվությունից, չարաչար կմեղանչի իր համոզմունքների դեմ։

Բացարձակ ու անխուսափելի այս ճշմարտության գոյությունն ուրացողը և մերժողը երբևէ չի կարող հաշտվել անգամ սեփական էության ու բնության հետ։

Մեր բանականությունը և նույնիսկ բազմադարյա փորձառությունը մեզ ցույց են տալիս, որ այդ գերբնական օրենքը ինչպես հին աշխարհում, այդպես էլ նորում գործել և գործում է մեծ ազդեցություն, որն իր բնույթով ամբողջովին բարոյական է։ Եվ այն ժամանակահատվածներում, երբ այդ բարոյական գիտությունը գործնական կիրառություն է ունեցել, մարդկային հասարակությանն օժտել ու զարդարել է բարձր դիրքի և ազնվագույն բարիքի սքանչելի դրսևորումներով։

Մի խոսքով՝ այդ օրենքը տիեզերական բարիք ու շնորհներ է պարգևել բոլոր նրանց, ովքեր իմացել են իրենց պերճ ու վսեմ կարողությունները օրինական շրջանակներում վայելչորեն կիրառելու եղանակն ու կերպը։ Եվ իմաստունն անշուշտ այդպիսիների մասին է ասել այս խոսքը․ «Ով պահում է օրենքը, նա երանելի է»:

Սակայն դժբախտաբար շատ նորարարներ ու ազատախոհներ, անտեսելով և սքողելով օրենքի այդ սքանչելի նկարագիրն ու միաժամանակ նրա բարերար և փրկարար ազդեցությունը, անխոհեմաբար զանազան այլևայլությունների հետևից են ընկել։

Այդ ընդդիմախոսների գլխավոր առարկությունն այն է, որ օրենքի պահանջները հույժ ծանր ու անտանելի են, և որ այդ օրենքին ըստ ամենայնի հպատակվելը հակասում է մեր բնույթին և իմացականությանը՝ բարոյական վտանգների ենթարկելով այն։

Այդ անտեղի պատճառաբանությունն ու նկատառումը ինքնին չի կարող մեծ արժեք ունենալ, եթե օրենքն իր ամբողջականությամբ կիրառվի։ Այո՛, օրենքը բացարձակ հնազանդություն է պահանջում, և այն բացարձակ չի վնասում մարդու առանձնաշնորհյալ կարողությունները։ Չէ՞ որ այդ բարձրագույն օրենքը հիմքն ու սիրտն է պարտքի և իրավունքի գաղափարի, որ մեծ դեր է կատարում մեր կյանքում։

Պարտականության և իրավունքի այդ հանրածանոթ լծակը մշտապես հավասարակշռության ու ներդաշնակության մեջ է պահում օրենքը՝ մարդուն հավասարապես պարտականություն և իրավունք խոստանալով։

Քաջ գիտենք, որ երբ օրենքը հրամայում է, մարդ, իր առանձնաշնորհումների և բանականության զույգ կարողություններով օժտված, պարտավոր է հնազանդվել այդ օրենքին՝ կատարելով այն ամենը, ինչ հրամայում է օրենքը, և խուսափելով այն ամենից, ինչն արգելված է։

Ահավասիկ դա է պարտականության սահմանը։ Բայց մարդ իր պարտականությունները կատարելու համար անշուշտ պետք է ունենա անհրաժեշտ միջոցներ և հնարավորություններ․ ահա դա էլ մարդու իրավունքն է։ Ուրեմն օրենքը չի սահմանափակում մարդու իրավունքները, այլ «պահանջում» է, որ մարդ անի այն ամենը, ինչ նրա իրավունքների պաշտպանությանն է միտված։

Օրենքի այդ գաղտնիքներն իմանալն անշուշտ մեծ իմաստություն է․«Օրենքի իմացությունը մտքի հարստություն է» (Առակաց 9։10)։ Միայն սանձարձակ և դյուրին կյանքով ապրել ցանկացող թեթևամիտներն ու անմիտներն են հակառակվում այդ ճշմարտությանը։ Սակայն օրենքն այդպիսիներին անպատիժ չի թողնում, այլ, իբրև դաստիարակ և ուսուցիչ, առաջինն է մարդուն սովորեցնում իր ունեցածները գործածելու կերպն ու եղանակը, որպեսզի մարդ չբախվի որևէ դժվարության ու խոչընդոտի։

Իսկ երբ մարդ անուշադիր է գտնվում օրենքի պատվիրանների և հրահանգների հանդեպ, օրենքն՝ իբրև անաչառ դատավոր, պատժում է այդ մարդուն, որպեսզի վերջինս զգաստանա և շիտակ ճանապարհին վերադառնա։

Համաձայն այս տեսության՝ օրենքը պաշտպանում է այն, ինչ բարի, ճշմարիտ ու օգտակար է, և հարվածում ու սպառնում է դրանց հակասող երևույթներին։ Ինչպես նշեցինք, իմաստունը երջանիկ ու երանելի է կոչում օրինապահներին․ «Ով պահում է օրենքը, նա երանելի է»։

Իսկ այդ երանությունն ու երջանկությունը մշտնջենապես վայելելու միակ միջոցը մտքին և կամքին իշխելն ու դրանց տիրելն է, ըստ այն խոսքի, թե՝ «ով պահում է օրենքը, իշխում է իր մտքերին» (Սիրաք 21։12)։

Որքան էլ դժվարին ու ծանր թվա մտքին և կամքին իշխելը, առանց դրա անհնար է այս աշխարհում ապահով ու անխռով ապրել։ Չէ՞ որ արտաքին չարիքներին դիմագրավելու և միաժամանակ նախախնամության՝ մեզ պարգևած շնորհներին տեր կանգնելու համար անհրաժեշտ է, որ մեր մտածումներն ու իղձերը կառավարելու իմաստությունն ունենանք՝ ապավինելով մեր կամքի անձեռնմխելի ապաստանին։

Իսկապես, կան բաներ, որ կախում ունեն մեզնից, և կան բաներ, որ մեր կամքից անկախ են։ Ինչ որ մեզնից է կախված՝ գլխավորապես մեր մտքի խորհուրդներն են, իսկ մեզնից անկախ են առողջությունը, հարստությունը և արտաքին մյուս հանգամանքները։

Եթե մենք մշտապես մեր ուշադրությունը սևեռենք մեզնից կախում ունեցող հանգամանքին, այդժամ մեզ որևէ վնաս չի լինի։ Ինչպես գիտենք, կամքի ազատությունը մեր ամենապատվական ունեցվածքն է, և դա ոչ թե այն պատճառով, որ ազատ կամքը մեզ ազատում է մեր կարծիքի հղացրած ամեն տեսակի չարությունից, այլ որովհետև առանց բանականության որևէ քայլ չի ձեռնարկում։

Այն, ինչ պատվիրում է օրենքը և ինչը որ սիրելի ու պաշտելի է մարդու համար՝ բարին է, որի արդյունքն են երջանկությունը և ապահովությունը։ Միայն նա կարող է հասկանալ, թե ինչ է բարին, ով լավ գիտե բարուց բխող շահն ու օգուտը։ Բարեբաստիկ և երջանիկ կյանք ունենալու լավագույն ճանապարհը բարի ու առաքինի լինելն է, որ ինքնին մի գիտություն է, և այն գերազանցապես օգտակար է ամեն մարդու համար։

Մեզ համար բարի է այն, ինչ ապահովում է մեր փառքն ու փարթամությունը, իսկ սին հաճույքն ու բաղձանքները բնավ բարի չեն։ Բարությունը բարոյական անհատ լինելու սկզբնապատճառն ու նախաշավիղն է, և բարի մարդու կյանքի նպատակը իմացականության մեջ չէ, այլ զգացումի, որ գործնական կյանքի վեհագույն սկզբունքն է։ Այն, ինչ զգացում է, հետո դատողության պիտի վերածվի։

Ուրեմն օրենքը պահանջում է, որ մարդ բարի լինի և բարոյական կյանքով ապրի այս աշխարհում ու ոչ թե լինի չար և անբարո։ Եվ որովհետև հստակ է, որ մարդու արարքները մերթ բարուն են հակամիտվում, մերթ չարին, այդ իսկ պատճառով կարող ենք եզրակացնել, որ այն մարդիկ, որոնք ընդունում են օրենքը, ապրում են բարոյական կյանքով, իսկ նրանք, ովքեր օրինազանց կյանքով են ապրում, անբարո ուղով են ընթանում։

Օրենքը, ընդհանրական բնույթ ունենալով, հավասարապես «դատում» է այս երկու դասակարգերին պատկանող մարդկանց։ Եվ բնական է, որ օրինապահներին ու ճշտապահներին անվարձ թողնելը, իսկ օրինազանզներին չպատժելը հակասում են խղճին ու գիտակցությանը։

Ընդսմին, օրենքը ի հայտ է բերում արժանավորի ու անարժանի տարբերությունները, և ըստ այդմ ոմանց պարգևներ ու վարձատրություն է խոստանում, իսկ ոմանց՝ պատիժ ու պատուհաս։ Այս սկզբունքը մի կողմից հավասարակշռության մեջ է պահում օրենքը, մյուս կողմից էլ խթանում ու օժանդակում է աճելու և զարգանալու միտում ու ձգտում ունեցողներին։

Այո՛, օրենքի հատուցման գաղափարը բազմակողմանի դյուրություններ է ստեղծում մարդու համար։ Եվ հենց հատուցման այդ գաղափարն է, որ մշտապես ապահովում է աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների շարունակական ընթացքը, և որ ամենակարևորն է՝ հավատացյալին անդրշիրիմյան կյանքի հուսալից ապագա է խոստանում։ Չէ՞ որ հատուցումը երջանկության իրականացումն է։ Վերցրո՛ւ այդ սպասումը, և ամեն բան սոսկ մի անհետաքրքիր իրադարձության կվերածվի։ Այստեղ՝ վիշտ ու զրկանք, իսկ այնտեղ՝ հաճույք և բարեկեցություն, որ ամեն մարդու երազանքի առարկաներն են։

Ինչպես այս գերբնական օրենքը, այդպես էլ այն բոլոր օրենքները, որ միտված են ապահովելու մեր բարեկեցությունը, բարօրությունն ու ունեցվածքային ապահովությունը, համահավասար արժեք և զորություն ունեն։

Նա, ով պարտաճանաչ ու ինքնաճանաչ է, թող բոլորովին անձնատուր լինի օրենքներին ըստ այն համոզումի, որ երանելի պիտի լինի՝ համաձայն իմաստունի խոսքի։ Օրինասիրության ու պարտքի գիտակցումը արդեն իսկ մանուկ հասակից, առտնին կյանքում յուրաքանչյուր ոք պիտի ուսանի, որպեսզի հետագայում դժվարություն չունենա այնպիսի մեծամեծ պարտականություններ կատարելիս, որոնք պիտի նպաստեն նրա՝ պատվավոր քաղաքացի լինելուն։

Ծնողները պետք է նկատի ունենան այս կարևոր հանգամանքը և ըստ այդմ կրթեն իրենց զավակներին՝ շարունակ կրկնելով իմաստունի այս նշանավոր խոսքը․ «Որդյա՛կ, պահի՛ր հորդ օրենքը և մի՛ մերժիր մորդ խրատը: Ընդունի՛ր դրանք հոգուդ մեջ, մշտապես պահի՛ր քո գլխում և, իբրև մանյակ, գցի՛ր քո պարանոցին:

Երբ ճանապարհ գնաս, հե՛տդ տար, և թող դրանք քեզ հետ լինեն. երբ քնած լինես, պիտի քեզ պահպանեն, երբ արթնանաս, պիտի զրուցակից լինեն քեզ: Օրենքի պատվիրանը ճրագ է, հանդիմանությունը և խրատը լույս են և կյանքի ճանապարհ»։

 

Խոսրով եպս. Պեհրիկյան

 

31.10.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․