13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Օրենքը, որ գիր է, սպանում է, իսկ հոգին կենդանացնում» (Բ Կորնթացիներ 3:6):
Սիրելի՛ հավատացյալներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու. Այս տողերը քարոզիս բնաբան եմ ընտրել Սուրբ Պողոս առաքյալի՝ կորնթացիներին ուղղված նամակից: Օրվա սուրբգրային ընթերցվածքից տեսնում ենք, որ շաբաթ օրով Քրիստոսի աշակերտները հասկեր էին պոկել և ուտում էին: Այդ քայլով նրանք արժանացան փարիսեցիների մեղադրանքին, որ շաբաթ օրով գործ անել օրինավոր չէ: Հիսուս Քրիստոս՝ մարդացյալ Աստված, նրանց համար օրինակ է բերում Դավիթ թագավորի արարքը, որն իր հետ եղողների հետ կերել էր առաջավորության հացերը, որը քահանաներին էր միայն թույլատրվում ուտել: Տերը նույնացնում է արգելված երկու իրողությունները՝ շաբաթ օրն աշխատելը և առաջավորության հացերն ուտելը, որովհետև, ինչպես շաբաթ օրն է մարդու համար և ոչ թե մարդը՝ շաբաթ օրվա, այնպես էլ օրենքը մարդու համար է և ոչ թե մարդը՝ օրենքի համար: Օրենքի տառից կառչելով՝ փարիսեցիներն ու օրենսգետները մոռանում էին Աստվածային պատվիրանների միտքն ու հոգին: Փարիսեցիների քննադատության պատճառը սիրո և ողորմածության պակասն էր, որով առաջնորդվելով նրանք քննադատում էին Քրիստոսին և Նրա աշակերտներին: Ավետարանական այս հատվածի շարունակության մեջ պատմվում է, որ փարիսեցիները շտապեցին տեսնել, թե արդյո՞ք Քրիստոս շաբաթ օրով կբուժի գոսացած ձեռքով մարդուն: Աստծո Որդին հարց է ուղղում նրանց, թե արդյո՞ք նրանք շաբաթ օրով իրենց ոչխարը փոսից դուրս չեն հանի: Իսկ Մարդասեր Աստծո համար մի՞թե մարդը ոչխարից առավել չէ: «Ապա ուրեմն, պետք է շաբաթ օրը բարիք գործել» (Մատթեոս 12:12), – եզրափակում է Իր խոսքը Հիսուս: Քրիստոս Հիսուս Ինքն է ասում, որ օրենքը կամ մարգարեներին ջնջելու չեկավ, այլ՝ լրացնելու (Մատթեոս 5:17): Չնայած հարկ է նշել, որ հինկտակարանյան օրենքում անգամ Աստված խոսում է ողորմության և ոչ թե զոհաբերությունների առաջնայնության մասին: Դա է վկայում այսօրվա ընթերցվածքը Եսայու մարգարեությունից. «Իմ ինչի՞ն են պետք ձեր բազմաթիվ զոհերը, – ասում է Տերը, – Ես կշտացել եմ ձեր խոյերի ողջակեզներից. ձեր գառների ճարպը, ցուլերի ու նոխազների արյունը չէ, որ ուզում եմ, և ոչ էլ այն, որ գաք ու կանգնեք Իմ առաջ: Ո՞վ խնդրեց դա ձեզնից. Մի՛ շարունակեք կոխոտել իմ գավիթները: Եթե ազնիվ ալյուրի հաց մատուցեք ինձ, զուր է լինելու. ձեր խնկերն էլ պիղծ են Ինձ համար. ձեր ամսամուտները, շաբաթները և տոնական մեծ օրը ևս անընդունելի են Ինձ. ձեր պահեցողությունն ու հանգիստը, ձեր ամսամուտներն ու տոները ատեց Իմ հոգին: Կշտացել եմ ձեզնից, այլևս չեմ ների ձեր մեղքերը: Երբ աղոթքի համար դեպի վեր բարձրացնեք ձեր ձեռքերը, երես եմ դարձնելու ձեզանից, և եթե բազմապատկեք ձեր աղոթքները, չեմ լսելու ձեզ, որովհետև ձեր ձեռքերը լի են արյունով» (Եսայի 1:11-15): Այս խոսքերում մենք տեսնում ենք, որ Երկնային Դատավորը չի հանդուրժում ձևական արարողությունները. «Եթե իմանայիք, թե ինչ է՝ ողորմություն եմ կամենում և ոչ զոհ» (Մատթեոս 12:7): Հովհաննես առաքյալն ասում է. «Եթե մեկն ասի, թե սիրում է Աստծուն, և ատի իր եղբորը, սուտ է խոսում. ով չի սիրում իր եղբորը, որին տեսնում է, ինչպե՞ս կարող է սիրել Աստծուն, որին չի տեսել» (Ա Հովհաննես 4:20): Աստված մեզանից մաքուր և ողորմած սիրտ է ակնկալում. «Լվացվեցե՛ք, մաքրվեցե՛ք, Իմ աչքի առաջ ձեր չար արարքները թոթափեցե՛ք ձեզնից, վե՛րջ տվեք ձեր չարագործություններին: Սովորեցե՛ք բարիք գործել, արդարություն փնտրեցե՛ք, փրկեցե՛ք զրկվածին, արդարադա՛տ եղեք որբի հանդեպ, իրավո՛ւնք տվեք այրուն» (Եսայի 1:16,17): Նույնպես և ձևական պահեցողությունն է ունայն Աստծո համար. Արդ, ձեր ծոմապահության օրերին ձեր ցանկություններն եք կատարում և կսկիծ պատճառում բոլոր նրանց, ովքեր ենթակա են ձեզ: Հակառակության և կռիվների մեջ եք պահում և բռնցքահարում տկարին: Իսկ Իմ ինչի՞ն է պետք այդպիսի ծոմապահության օրը. Դուք պիտի գաք բողոքեք Ինձ, և Ես չպիտի լսեմ ձեզ: Այդպիսի ծոմապահությունը չէ, որ ես ընտրեցի, և ոչ էլ այնպիսի օրը, երբ մարդ իր անձն է տանջում: Եթե պարանոցդ կորացնես օղակի նման ու տակդ քուրձ ու մոխիր տարածես, այդ էլ, սակայն, չեմ համարի ծոմ և ընդունելի օր. այդպիսի ծոմապահությունը չէ, որ Ես ընտրեցի, – ասում է Տերը: – Քանդի՛ր անիրավության հանգույցը, խորտակի՛ր քո վաճառականական խարդախությունն ու բռնությունը, ների՛ր ու արձակի՛ր նեղյալներին և պատռի՛ր բոլոր անիրավ մուրհակները: Քաղցածներին բաժանի՛ր քո հացը և անօթևան աղքատներին տա՛ր քո տունը. եթե մերկ մարդ տեսնես, հագցրո՛ւ նրան, բայց քո ընտանիքի զավակին մի՛ անտեսիր (Եսայի 58:3-7): Մենք կարող ենք ամեն ինչ անել, սակայն պետք է սեր ունենանք, ողորմություններ անենք՝ ողորմած սիրտ ունենալով: Սուրբ Պողոս առաքյալը կորնթացիներին ուղղված նամակում բացատրում է բարի գործեր անելու կարևորագույն պայմանը. «Եթե խոսեմ մարդկանց լեզուները և հրեշտակներինը, բայց սեր չունենամ, կնմանվեմ մի պղնձի, որ հնչում է, կամ ծնծղաների, որ ղողանջում են: Եվ եթե մարգարեություն անելու շնորհ ունենամ և հասկանամ բոլոր խորհուրդներն ու ամբողջ գիտությունը, և եթե ունենամ ամբողջ հավատը՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ: Եվ եթե իմ ամբողջ ունեցվածքը տամ աղքատներին և իմ այս մարմինը մատնեմ այրվելու, բայց սեր չունենամ, ոչ մի օգուտ չեմ ունենա» (Կորնթացիներ 13:1-3): Մենք մեր իսկ վարքով և առաքինություններով պիտի դառնանք Աստծո խոսքի քարոզիչները, մեր քրիստոնեական պարտականությունները, գործերն ու բարիքները հարկ է, որ մշտապես առկա լինեն մեր կյանքում:
Երկու հարուստ մարդ գնում են Երուսաղեմ՝ Հիսուսի գերեզմանին ուխտի: Ճանապարհին նրանք հյուրընկալվում են մի աղքատ մարդու տանը, որն անգամ ուտելիք չուներ նրանց հյուրասիրելու, բայց շատ ջերմ վերաբերմունք է ցուցաբերում նրանց հանդեպ: Քնելուց առաջ ուխտավորներից մեկը տեսնում է, թե ինչպես այդ մարդը սենյակի մի անկյունում աղոթում է Աստծուն, որ ընդունելի անի իր հյուրերի ուխտը: Շատ է ազդվում ուխտավորը և իր ունեցած ողջ գումարը, որ նախատեսել էր ճանապարհածախսի համար, առավոտյան նվիրում է տանտիրոջը, այնուհետև ընկերոջը հայտնում, որ ինքը այլևս չի ցանկանում գնալ Երուսաղեմ և ուրախությամբ վերադառնում է իր տուն: Նրա ընկերը Երուսաղեմում մոմ վառելիս տեսնում է իր ընկերոջը, որ նույնպես մոմ է վառում և նրա գլխին լույսի մի գեղեցիկ շող կա: Զարմանում է և հետ դառնալով՝ գնում ընկերոջ մոտ և հարցնում, թե ինչո՞ւ իր հետ չցանկացավ գնալ, այլ մենակ այլ ճանապարհով գնաց Երուսաղեմ: Ընկերն էլ է զարմանում այս մեղադրանքի վրա: Գյուղացիներն էլ վկայում են, որ նա վաղուց է տուն եկել: Այսպես ավարտվում է այս պատմությունը: Սիրելինե՛ր, ժողովուրդն ասում է. «Ամեն մարդու վարձքը իր առջևից է գնում»: Այնպես որ եկեք ողորմած սրտով, ներողամտությամբ, չդատելով, չբամբասելով, չկռվելով, սիրով և հոգատարությամբ հավաստենք մեր հավատն առ Աստված: Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն. Ամեն:
Տեր Վահան քհն. Առաքելյան