23 Դեկտեմբեր, Բշ
21-րդ դարում, տեխնոլոգիաների մշտական արդիականացման պայմաններում, համացանցի միջոցով կարդում ենք գրություններ, տեսնում և լսում ենք աղոթասրահներում քարոզներ, որոնք քննադատում և մեղադրում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու սուրբ խորհուրդներն ու հոգեպարար արարողությունները՝ անդաստանը, տնօրհնեքը, ջրօրհնեքը, խաղողօրհնեքը, ճաշի սեղանը օրհնելը, եկեղեցու սպասքի օրհնելը, զույգի նշանախոսության մատանիների օրհնելը, խաչ օրհնելը և այլն:
Այս հոդվածի նպատակն է խորանալ Աստվածաշնչի մեջ, որպեսզի՝ 1. իմանանք Աստվածաշնչում եղող օրհնությունների տեսակները, 2. առավել կառչած մնանք մեր հոգևոր մոր՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դավանանքին, 3. մերժենք մոլորված քարոզիչների սխալ ուսուցումները:
Աստվածաշնչում գոյություն ունեն տարբեր տեսակի օրհնություններ, որոնցից կարելի է նշել՝
Կենդանիների օրհնություն: Առաջին օրհնությունը Աստվածաշնչում տեսնում ենք Ծննդոց գրքի առաջին գլուխի մեջ, երբ Աստված օրհնեց ձկներին․ «Աստված օրհնեց դրանց ու ասաց. «Աճե՛ք, բազմացե՛ք և լցրե՛ք ծովերի ջրերը» (Ծննդ. 1:22):
Մարդու օրհնություն: Աստված օրհնեց մարդուն՝ Ադամին և Եվային, նրանց տվեց երկրի վրա բազմանալու պատվիրանը և բոլոր կենդանիների վրա իշխելու իշխանությունը՝ ասելով. «Եվ օրհնեց նրանց Աստված՝ ասելով. «Աճե՛ք, բազմացե՛ք, լցրե՛ք երկիրը, տիրե՛ք դրան, իշխե՛ք ծովի ձկների, երկնքի թռչունների, բոլոր կենդանիների և ողջ երկրի, ինչպես նաև երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա» (Ծննդ. 1:28):
Յոթերորդ օրվա օրհնություն: Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը և յոթերորդ օրն օրհնեց ու սրբեց. «Աստված օրհնեց յոթերորդ օրը, սուրբ դարձրեց այն, քանի որ այդ օրը Աստված հանգստացավ արարման իր բոլոր գործերից» (Ծննդ. 2:3): Ճիշտ է, Հին կտակարանը ցույց է տալիս, որ շաբաթ օրն օրհնված էր Աստծու կողմից, սակայն Նոր կտակարանը ապացուցում է, որ կիրակի օրն առավել օրհնված է, որովհետև այդ օրը Մարմնացյալ Բանն Աստված՝ Քրիստոս հարություն առավ փակ և պահակներով հսկվող գերեզմանից. «Շաբաթ օրը՝ երեկոյան, երբ կիրակին էր սկսվում, Մարիամ Մագդաղենացին ու մյուս Մարիամը եկան գերեզմանը տեսնելու» (Մատթ. 28:1), և Տիրոջ հրեշտակը նրանց ասաց. «Նա այստեղ չէ, որովհետև հարություն առավ, ինչպես ասել էր» (Մտթ. 28:6):
Ազգերի օրհնություն: Հետաքրքրական է, որ Աստվածաշնչում գոյություն ունի ազգերի օրհնություն: Աստված հայտնեց, որ հայր Աբրահամով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը, որովհետև նա հորդորելու է իր որդիներին և հետևորդներին, որ մնան Տիրոջ ճանապարհում. «Տերն ասաց. «Ես իմ ծառա Աբրահամից մի՞թե գաղտնի կպահեմ այն, ինչ անելու եմ։ Աբրահամը մեծ և բազմանդամ ազգ է լինելու անշուշտ, և նրանով կօրհնվեն երկրի բոլոր ազգերը. որովհետև գիտեի, որ նա իր որդիներին ու իր հետնորդներին պատվիրելու է Տիրոջ ճանապարհով ընթանալ և արդարությունն ու իրավունքը գործել» (Ծննդ. 18:17-19):
Տան օրհնություն: Չարաչար սխալվում են նրանք, որոնք անարգում կամ արժեզրկում են Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու տնօրհնեքի կարգը: Աստված հանուն Հովսեփի օրհնեց Պետապրեսի տունը, այսինքն՝ տեղի ունեցավ տնօրհնեք. «Այն օրվանից, երբ տերը (Պետափրեսը) վերակացու կարգեց նրան (Հովսեփի) իր տան և իր ունեցած ամեն ինչի վրա, Աստված օրհնեց եգիպտացու տունը հանուն Հովսեփի, և այդ օրհնությունը տարածվեց նրա տանն ու դաշտում եղած ամբողջ ունեցվածքի վրա» (Ծննդ. 39:5): Այսօր Աստված ևս Իր ծառայի՝ քահանայի միջոցով օրհնում է մեր տները տնօրհնեքի արարողությամբ:
Հացի և ջրի օրհնություն: Տեսնում ենք Ելից գրքում հացի ու ջրի օրհնություն: Ամենօրհնյալ Աստված պատվիրեց Իսրայելի ժողովրդին, որ պաշտի Իրեն, որպեսզի օրհնի նրանց հացն ու ջուրը. «Պաշտի՛ր Տիրոջը՝ քո Աստծուն, և ես կօրհնեմ քո հացը և քո ջուրը և ձեզնից կվանեմ հիվանդությունները» (Ելք 23:25):
Ժողովրդի օրհնություն: Հին կտակարանի առաջին քահանայապետը՝ Ահարոնը, ձեռքերը բարձրացնելով օրհնեց Իսրայելի ժողովրդին. «Ահարոնը, ձեռքերը վեր բարձրացնելով, օրհնեց ժողովրդին և իջավ՝ մեղքերի քավության, ողջակեզի ու փրկության զոհաբերությունները կատարելուց հետո» (Ղևտ. 9:22): Ինչքա՛ն հոգեպարար պահ է, երբ ամեն կիրակի՝ Սուրբ և Անմահ Պատարագի ավարտին, ավագ կղերականը կամ պատարագիչ քահանան ավետարանով, խաչով կամ ձեռքով օրհնում է ժողովրդին՝ ասելով. «Օրհնեա՛լք եղերո՛ւք ի շնորհաց Սուրբ Հոգւոյն. երթա՛յք խաղաղությամբ, եւ Տէր Յիսուս Քրիստոս եղիցի ընդ ձեզ ընդ ամենեսեանդ. ամէն»:
Բերքի օրհնություն: Աստված խոստացավ օրհնել իսրայելացիների երկրի դաշտերի բերքերը. «...Կօրհնի ... քո երկրի բերքը՝ ցորենը, գինին ու յուղը ... » (Բ Օրին. 7:13), եթե պահեն Նրա պատվիրաններն ու օրենքները:
Առարկաների օրհնություն: Աստվածաշնչում կա որոշ առարկաների օրհնություն: Եթե իսրայելացի ժողովուրդը կատարի Աստծու պատվիրանները, ապա Նա պիտի օրհնի նրանց որոշ առարկաները. «Օրհնյալ կլինեն քո կողովը և քո խմորի տաշտը» (Բ Օրին. 28:5, Նոր Արարատ թարգմանություն):
Ուտելիքի օրհնություն: Ուտելիքի օրհնության գեղեցիկ դրվագներից մեկի մասին կարդում ենք ավետարաններում, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոս օրհնեց հինգ նկանակն ու երկու ձկները․ « ... վերցնելով հինգ նկանակն ու երկու ձուկը՝ աչքերը դեպի երկինք բարձրացրեց, օրհնեց, կտրեց և նկանակները տվեց աշակերտներին, իսկ աշակերտները՝ ժողովրդին» (Մտթ. 14:19), և այդ պահին տեղի ունեցավ դրանց բազմացումը․ «Բոլորն էլ կերան ու հագեցան։ Եվ տասներկու լի սակառ մնացած կտորտանքներ հավաքեցին։ Նրանք, ովքեր կերան, մոտ հինգ հազար տղամարդ էին՝ չհաշված կանանց ու երեխաներին» (Մտթ. 14:20-21):
Մանուկների օրհնություն: Մեր Տերը եկավ Հրեաստանի սահմանները, Հորդանանի մյուս կողմը և այնտեղ Իր մոտ մանուկներ էին բերում, որպեսզի ձեռքը դնի նրանց վրա. «Եվ նրանց իր գիրկն առնելով՝ ձեռքը նրանց վրա դրեց և օրհնեց» (Մրկ. 10:16): Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու մեջ գոյություն ունի մանուկների օրհնության կարգ՝ շնորհիվ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի:
Մարիամը օրհնյալ է կանանց մեջ: Ղուկաս ավետարանիչը գրում է, որ Մարիամը օրհնյալ է բոլոր կանաց մեջ Սուրբ Հոգու վկայությամբ. «Այդ օրերին Մարիամը վեր կացավ և փութով գնաց Հուդայի լեռնային շրջանի քաղաքներից մեկը, մտավ Զաքարիայի տունն ու Եղիսաբեթին ողջույն տվեց։ Եվ երբ Եղիսաբեթը Մարիամի ողջույնը լսեց, մանուկը խաղաց նրա որովայնում, և Եղիսաբեթը լցվեց Սուրբ Հոգով, բարձր ձայնով աղաղակեց ու ասաց. «Օրհնյա՜լ ես դու կանանց մեջ» (Ղուկ. 1:39-42):
Հացի և գինու օրհնություն (Սուրբ Հաղորդություն): Չի կարելի խոսել Աստվածաշնչում հիշված բազմատեսակ օրհնությունների մասին, առանց անդրադառնալու դրանց գլխավորին՝ հացի և գինու օրհնությանը՝ Սուրբ Հաղորդությանը։ Ավագ Հինգշաբթի օրը մեր Տերը հաստատեց Սուրբ Հաղորդության խորհուրդը, երբ օրհնեց հացն ու գինին և տվեց աշակերտներին՝ ասելով. «Առե՛ք, կերե՛ք, այս է իմ մարմինը ... խմե՛ք դրանից (Բաժակից) ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար» (Մտթ. 26:26-28):
Տեսանք, որ Աստվածաշնչում գոյություն ունեն՝ 1. կենդանիների, 2. մարդու, 3. օրվա, 4. ազգերի, 5. տան, 6. հացի և ջրի, 7. համախմբված ժողովրդի, 8. բերքի, 9. առարկաների, 10. ուտելիքի, 11. մանուկների, 12. հացի և գինու (Սուրբ Հաղորդություն) օրհնությունների բանավոր և ծիսական կարգերը:
Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արարողությունների քննադատումը Աստվածաշնչի անճանաչողության պատճառով անհասունություն, անգիտակցություն է, իսկ ճանաչողությամբ՝ խաբեբայություն:
Գևորգ սրկ. Նալբանդյան
Աստվածաբանական գիտությունների դոկտոր