Աստվածային գերկատարելությանը հայտնի է ամեն ինչ նախքան կատարվելը և մինչև ավարտվելը։ Իսկ մեզ այդ ամենը թվում է անհայտ, փոփոխական ու անհասանելի՝ մեղսագործության հետևանքով առաջացած բազմաթիվ փոփոխությունների և մեր անզգույշ ու հանցավոր վարքի պատճառով։
Թեև ամեն ինչ ենթարկվում է Աստվածային Նախախնամությանը, սակայն հանգամանքներից, ժամանակից, վայրից, անձանցից ու սատանայի նենգությունից կախված հնարավոր են փոփոխություններ ընդունված կարգում։
Սակայն ոչինչ չի կարող խոչընդոտել Աստծո Նախախնամությանը կամ չեղարկել նրա ազդեցությունը արարածների վերաբերյալ։ Մեղսավոր գործողություններով մենք կարող ենք միայն նպաստել զանազան տարրերի ազդեցության կամ գործելու միջոցի փոփոխմանը։
Աստվածային կամքը, եթե նայենք հերթականությամբ, դրսևորվում է չորս տեսակներում։
Առաջինն Աստվածային բարեհաճությունն է կամ բարյացակամությունը, բարեհաճ կամքը, այսինքն՝ այն, ինչ առավելապես կամենում է Աստված։
Երկրորդը ներողամտությունն է, համբերատարությունը, համաձայն որի՝ Աստված հայրաբար ներում է մեզ մեր տկարության համար։
Երրորդը զիջողությունն է, ըստ որի՝ Աստված միջամտում ու խրատում է։
Եվ չորրորդը վշտալից շնորհազուրկ վիճակն է, երբ մարդն ապրում է անզեղջ համառության և անզգամության մեջ՝ դրանով իսկ առաջացնելով այն վիճակը, երբ Աստված թողնում է նրան։
Աստվածային ամենափրկիչ Նախախնամությունը Աստծու կամքի միջոցով իրագործվում է նույնիսկ հակառակ այն փաստի, որ մեր սեփական անկումը խեղաթյուրել է հավասարակշռությունը՝ խախտելով նրա գոյության բավականին լավ պայմանները։ «Ո՞վ է իմաստունն այն, որ պիտի պահպանի սա, և հասկանա ողորմությունը Տիրոջ» (Սղմ․ 106։43)։
Քանի որ Աստված ամեն ինչ կանխատեսել էր, կարող էր խոչընդոտել մարդուն պատահած չարիքին, սակայն դրանով կվերանար վերջինիս անձնական ազատությունը։ Հենց դա հարգելով՝ Նա վերջնական ընտրությունը թողեց մարդուն, և այդկերպ մարդն ինքն է պատասխանատվություն կրում իր տագնապով ու չարչարանքով լի կյանքի համար, ինչը կա՛մ ուղեղի մթագնելու պատճառով է լինում, կա՛մ իր կրքերի հետևանքով վնասվելու ու դատողությունն արհամարհելու պատճառով։
Այս ողբալի վիճակում, որում մարդը հայտնվեց, երբ ինքն իրեն առանձնացրեց սիրող Աստծուց, տեղի են ունենում սատանայի հարձակումներն ու ազդեցությունները, որն իշխանություն ունի այս արտասուքի հովտում, որտեղ մենք ապրում ենք։ Այդ իրավունքը ինքներս ենք տվել նրան՝ հեռանալով դրախտից ու հետևելով նրան։
Ըստ Պողոս առաքյալի՝ լինելով «այս աշխարհի աստվածը» (Բ Կորնթ․ 4։4), դժոխային օձը երբեք չի դադարի մարդու վրա հարձակվելուց ու անամոթ առաջարկներով նրան գայթակղելուց։ Հարկավոր է լինել ավելի ուշադիր ու ավելի շատ աղոթել հատկապես մեր ժամանակներում, երբ վատ օրինակը դարձել է նորմա և գոյություն ունեցող միջոցների օգնությամբ ակնթարթորեն փոխանցվում է։
Հետևաբար, Աստվածային Նախախնամությունն ամենափրկիչ խնամք ու հոգատարություն է, որոնցով Աստված պարուրում է հոգևոր ու մարմնավոր արարածներին այժմ ու հավիտենության մեջ։
Աստվածային ճշմարտությունը նույնպես իրագործվում է Աստվածային Նախախնամության ոլորտում։ Այն միջամտում է մարդու կյանքին այն ժամանակ, երբ նրանում գերիշխում է անխոհեմ սկիզբը։ Այդպես Աստծու ճշմարտությունը, լինելով բացարձակ, զսպում է այդ անխոհեմ սկիզբը ընդհանուր շահի համար, որպեսզի մարդը հասնի իր կոչմանը։ Գոյություն ունեցող ամեն բան իր արարման սկզբից նախասահմանված է ինչ-որ նպատակի համար։ Եվ Աստվածային այդ նախասահմանումը չի կարող փոփոխվել, քանի որ Աստված ամեն ինչ իմաստությամբ ստեղծեց (հմմտ․ Սղմ․ 103։24)։
Իսկ եթե մարդու միջամտության կամ դիվական նենգության պատճառով սկզբնական նպատակը խախտվում է, այդժամ մարդու՝ դրան հետևած զղջման պատճառով, ապաշխարության աստիճանից ու մեղքը շտկելուց Աստվածային բարյացակամության տեղը զբաղեցնում է Աստվածային ներողամտությունը։
Աստված, Ով «կամենում է, որ բոլոր մարդիկ փրկվեն և հասնեն ճշմարտության գիտությանը» (Ա Տիմ․ 2։4), ամեն ինչ նախասահմանում է Իր բարեհաճ կամքի համաձայն, որը ոչ այլ ինչ է, քան մեզ համար կատարյալ ու անսխալ ուղի՝ մեր նպատակին հասնելու համար, և Նա «կարո՛ղ է ավելին անել, առավել առատությամբ, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում» (Եփես․ 3։20)։
Երբ մարդը մոլորվում կամ արհամարհում է իր պարտականությունը, փոխարենն Աստված փոխի Իր որոշումը՝ զրկելով նրան ողորմությունից, որ պարգևել է, և մերժելով՝ որպես մեղավորի, միջամտում է խրատելու նպատակով, որպեսզի մարդուն օգնի ուղղվել։ Ըստ սուրբ հայրերի՝ հենց սրանք են խրատական ու հաշտեցնող նեղությունները։ Գործնականում իրավացի է դառնում այն խոսքը, թե․ «Քանզի Տերը ում սիրում՝ նրան խրատում է և պատժում նրան, ում ընդունում է որպես որդի» (Առակ․ 3։12)։ Օրինազանցից հրաժարվելու փոխարեն, Աստված Իր մարդասեր երկայնամտությամբ բժշկում է դավաճանության ախտը համապատասխան փորձություններով։ Աստծու խորունկ դատաստանների մեծամասնությունը, որոնց միջոցով կառավարվում է ներկայիս կյանքը, պատկանում է հաշտության հենց այս տեսակին։ «Երանի այն մարդուն, որին խրատում ես դու, Տե՛ր, և օրենքներդ նրան սովորեցնում» (Սղմ․ 93։12): Եվ կրկին․ «Քանի դեռ չէի խեղճացել՝ մեղանչում էի» (Սղմ․ 118։67) և «Տերն ինձ խրատելով պատժեց, բայց չմատնեց մահվան» (Սղմ․ 117։18)։
Անկյալ մարդու այժմյան անկարգավորվածության հիմնական պատճառները նրա փոփոխական վիճակն է, որում նա գտնվում է, և նրա միտքը, որը «մանկուց չարի ծառայության մեջ է» (Ծննդ․ 8։21)։
Քանի որ մենք չենք կարողանում համոզել մեզ հետևողական լինել մեր պարտականությունները կատարելու մեջ, մենք խախտում ենք Աստվածային Նախախնամության մտադրությունը և հավասարակշռությունը պահպանելու համար հարկադրում ենք Աստծուն հաշտարար փորձությունների ենթարկել մեզ, որոնք բավականին տանջալից են։ Սակայն դա մեր խաչն է, և մենք պետք է կրենք այն։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը