Որն է նախածնողների մեղքը, և որոնք են դրա հետևանքները

Դա մեղքն է, որը գործեց նախահայր Ադամը եդեմական պարտեզում, որտեղ Արարիչը դրեց նրան։

Անմեղ, բաց ու անհոգ մարդը, որպես բանական ու ազատ էակ, պետք է փորձության ենթարկվեր, որպեսզի հաստատեր Աստծու հետ գիտակցված փոխհարաբերությունները։ Որպեսզի հաստատեր իր ազատ ընտրությունը, նա պետք է կատարեր պատվիրանը՝ չուտել բարու և չարի գիտության ծառից։

Սակայն մարդը խախտեց պատվիրանը՝ չհավատալով Աստծուն։ Այդ զանցանքով նախածնողները եռակի մեղք գործեցին։ Նախ՝ չհնազանդվեցին Աստծուն՝ Նրան, Ով տվել էր պատվիրանը։ Երկրորդ՝ նրանց արարքն ինքն իրենով նրանց երախտամոռության ամբարտավան ու մեծամիտ արձանագրությունն էր իրենց բարերար Արարչի հանդեպ։ Եվ երրորդ՝ անխոհեմ արարք էր, քանի որ նախածնողները գիտեին, որ անհնազանդությանը հետևելու է մահը։

Անկախ և Աստծուն հավասար լինելու ցանկությունը, որը խաբեությամբ ներշնչեց սատանան, մարդու անկման գլխավոր պատճառն էր։ Նախածնողները կարծում էին, թե իրենք ինքնուրույնաբար կարող են դառնալ աստվածներ, հետևաբար, ոչ ոքից կախում չէին ունենա, սակայն միայն նմանվեցին սատանային, որն էլ հենց մոլորեցրեց նրանց։ Այդկերպ իրականացան Արարչի խոսքերը․ «Այն օրը, երբ ուտեք դրանից, մահկանացու կդառնաք» (Ծննդ․ 2։17)։

Մեղանչելով՝ մարդն ընկավ մեծ բարձրությունից, որն ունեցավ ողբերգական հետևանքներ։ Նա կորցրեց Սուրբ Հոգու շնորհները, որ ուներ իր մեջ՝ լինելով Աստծու պատկերով արարված, և դրանք ունենալով՝ կարող էր իրականացնել իր կոչումը՝ դառնալ Աստծու նման։

Մարդը, հատելով իրեն հավիտենական կյանքի աղբյուրից, կորցրեց անմահության, անապականության և անփոփոխելիության հնարավորությունը։ Նրանում եղած պատկերը խունացավ, մթագնեց և ամբողջովին տկարացավ, սակայն վերջնականորեն չոչնչացավ, ինչպես որ ուսուցանում են բողոքականները, կամ չմնաց անվնաս, ինչպես ուսուցանում են կաթոլիկները։ Անկումից հետո մարդն իր մեջ ունի բարու հասկացությունը և ընդունակ է առաքինության։

Սակայն Ադամի էությունն ամբողջովին փչացավ՝ նա անխուսափելիորեն ենթարկվեց մահվան ու քայքայման, կրքերը, ցանկություններն ու վավաշությունը համակեցին նրան։ Ճշմարիտ լույսի աղբյուրից զրկված միտքը մթագնեց, մատնվեց մոլորության և սկսեց ծառայել արարածին ավելի, քան Արարչին։ «Մարդը պատիվ ուներ՝ և չհասկացավ, հավասարվեց անբան անասուններին ու նմանվեց նրանց» (Սղմ․ 48։13),- ասում է սաղմոսերգուն։

Յուրաքանչյուր մարդ իր ծնունդով միավորվում է առաջին մարդու բնությանը, այսինքն՝ կրում է Ադամի վնասված էությունը, որը ենթակա է մահվան։ Մարդկային բնության այդ միավորման պատճառով նախածնողների մեղքը ժառանգաբար փոխանցվում է։

Նկարագրելով մեր ողբերգությունը՝ Պողոս առաքյալն ասում է, որ «մեկ մարդու անհնազանդությամբ շատ մեղավորներ եղան» (Հռոմ․ 5։19), և մեկ այլ տեղ կրկին․ «Մեկ մարդով մեղքը աշխարհ մտավ, և մեղքով էլ՝ մահը» (Հռոմ․ 5։12)։

Իսկ նկարագրելով անկման արդյունքում էության վնասվելը, նա ասում է․ «Քանի որ չեմ իմանում, ինչ որ գործում եմ. ոչ թե այն եմ անում, ինչ որ ուզում եմ, այլ գործում եմ այն, ինչ որ ատում եմ.․․․ Իսկ արդ, ե՛ս չէ, որ գործում եմ այն, այլ՝ իմ մեջ բնակվող մեղքը» (Հռոմ․ 7։15, 17)։ 

Այս փոքր նկարագրության մեջ Պողոս առաքյալի խոսքերը համոզում են մեզ, որ նախածնողների մեղքը պատճառ է դարձել մեր էության վնասվելու, որն էլ հենց բժշկեց մեր Տերն իր երկիր գալով։

 

Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը

 

03.02.26
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․