23 Նոյեմբեր, Շբ
Երիտասարդը մոտեցավ քահանային և ասաց.
- Ես այլևս եկեղեցի չեմ գալու:
- Ինչո՞ւ,- հարցրեց քահանան:
- Տեսա, թե ինչպես է քույրերից մեկը մյուսի մասին վատը խոսում, բոլոր հավատացյալներն իրենց հեռախոսներին են նայում պատարագի ժամանակ, և դա դեռ այնքանն է, ինչ հասցրեցի նկատել…
Քահանան ասաց.
- Լավ, բայց նախքան հեռանալդ, լավություն արա՝ մի լիքը բաժակ ջուր վերցրու և երեք անգամ պտտվիր եկեղեցում՝ հատակին ոչ մի կաթիլ չթափելով: Դրանից հետո հեռացիր եկեղեցուց, եթե ուզում ես:
Երիտասարդը մտածեց, որ դա չափազանց հեշտ է: Եվ նա երեք անգամ պտտվեց եկեղեցում, ինչպես որ քահանան խնդրել էր:
Իսկ քահանան հարցրեց.
- Երբ անցնում էիր եկեղեցով, տեսա՞ր, թե քույրն ինչպես է վատը խոսում այլ քրոջ մասին:
- Ոչ,- պատասխանեց երիտասարդը:
- Տեսա՞ր, որ որևէ մեկն իր հեռախոսին է նայում:
- Ոչ:
- Իսկ գիտե՞ս ինչու:
- Ոչ:
- Դու կենտրոնացած էիր բաժակի վրա, որպեսզի ջուրը չթափես: Նույնը կատարվում է մեր կյանքում: Երբ մեր ուշադրությունը կենտրոնացած է մեր Տեր Հիսուս Քրիստոսի և աղոթքի վրա, մենք ժամանակ չունենք այլոց սխալները տեսնելու:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի