25 Նոյեմբեր, Բշ
Ժամանակին մի վարպետ կար: Նա փայտից գեղեցիկ տապանակներ ու սրբապատկերների պատկերակալներ էր պատրաստում, ոսկով ու արծաթով զարդարում դրանք: Նրա վարպետության լուրը տարածվել էր ողջ շրջակայքում: Հարուստները սիրով էին գնում նրա գործերը և իր ողջ կյանքն այդ մարդն ապրում էր հաճույքի ու լիության մեջ:
Եվ ահա, մի օր հասավ նրա մահվան ժամը: Նրա երկյուղից դողացող հոգին կանգնեց Տիրոջ առջև: Տերը նրան անդունդի եզրը տարավ ու մատով ներքև ցույց տվեց: Վարպետը նայեց ներքև ու դրա հատակին ընկած տեսավ այն ամենն ինչ իր երկրային կյանքում հասցրել էր պատրաստել:
- Տե՛ր Աստված,- ապշեց նա,- մի՞թե գործերս, որ այդքան սիրով ու եռանդով պատրաստել էի, հաճո չեն քեզ:
Եվ Տերը նրան պատասխանեց.
- Ես քեզ մեծ շնորհով էի օժտել: Բայց ո՛չ ոսկեզօծ տապանակներ էի քեզնից սպասում, ո՛չ պատկերակալներ, այլ՝ ողորմածություն ու սեր: Իսկ դու դրանք ո՛չ ինձ տվեցիր, ոչ էլ՝ մարդկանց:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի