Ուսուցման մեծագույն ուղին

Մարդը պետք է կրթություն ստանա և սովորի, նշում է սրբակյաց հայր Թադեոս վրդ. Վիտովնիցկին, որպեսզի հասկանա, թե ինչպիսի ընդունակություններ ունի: Դպրոցը ձևավորում է միտքը, բայց ոչ հոգին: Աստվածաբանների մեծամասնությունը դասավանդում է աստվածաբանության ֆակուլտետներում, սակայն չի ապրում այնպես, ինչպես ուսուցանում է ու դասավանդում: Իսկ երեխաներին, երիտասարդներին կյանքի օրինակ է անհրաժեշտ: Սակայն օրինակը չկա, և այդ պատճառով իրավիճակը շատ ծանր է: Դպրոցը տալիս է ինտելեկտուալ, պատմական, բայց ոչ հոգևոր կրթություն: Իսկ երեխաներին անհրաժեշտ է հոգևոր կրթություն, որը շատ ավելին է տալիս, քան խոսքերը: Մենք կարող ենք շատ ուսուցումներ լսել կյանքի, քրիստոնեության մասին, բայց հարցն այն է՝ արդյո՞ք կարող ենք այդ ամենը կիրառել կյանքում: Երբ տեսնում ենք կենդանի օրինակ, տեսնում ենք խաղաղությամբ, սիրով, հոգևոր ուրախությամբ լեցուն մարդուն, ով տեղիք չի տալիս չարիքին, ով քաջ է, ազնիվ, խորագետ և լույսի պես փայլատակում է: Այդժամ երեխայի մոտ ձգտում է առաջանում նմանվել նրան: Քո կյանքով կարող ես ավելին ասել, քան խոսքերով: Մենք՝ ավագներս, ամեն ինչում մեղավոր ենք, որովհետև վատ օրինակ ենք ծառայում երեխաներին: Ուղղիր ինքդ քեզ և կենդանի օրինակ կդառնաս: Ծնողներն իրենց երեխաների վրա իշխանություն ունեն: Նրանք կարող են իրենց երեխաներին հանձնել Աստծու ձեռքը կամ մատնել սատանային: Մեր թերահավատության պատճառով չենք նկատում, թե չար ոգիներն ինչպես են ներգործում երեխաների վրա: Անլուրջ վերաբերմունք ենք ցուցաբերում այդ իրողությանը: Իսկ երեխան չի կարողանում խաղաղվել: Նա զարգանում և անընդհատ գտնվում է շարժման մեջ և երբ ինչ-որ բան այնպես չի անում, ծնողները կշտամբում են նրան և զայրանում, իսկ երեխան այդպես էլ ոչինչ չի հասկանում: Ծնողները նախ իրենք պետք է խաղաղվեն, այնուհետև սիրով բացատրեն զավակին, թե ինչում է սխալվել: Երբ միտքն ուղղված է սրտից դեպի սիրտ, երեխան անպայման կընդունի խորհուրդը, հակառակ դեպքում ոչինչ չի ստացվի, որովհետև միմյանց հանդեպ մտքերի հակառակություն է ստեղծվում:

Մի աստվածասեր տատիկ ուզում էր թոռներին դաստիարակել քրիստոնեական ոգով, բայց երեխաները նրան չէին լսում: Ինքն իրեն հարցնում է, թե ինչ անել: Անհրաժեշտ է ամեն գնով ընտանիքում խաղաղություն պահպանել: Ոչ ոք քո սրտից Աստծուն չի հեռացնի: Եթե չես կարողանում նրանց աղոթել սովորեցնել, պետք չէ շարունակել նրանց այդպես խրատել, ստիպել, բայց ամբողջ սրտով անհրաժեշտ է ձգտել առ Աստված: Կյանքի օրինակը շատ ավելի լավ է ուսուցանում, քան քննադատությունները, խրատներն ու զրույցները: Մարդու միտքն ունի մեծ ներգործություն: Այն կարող է բարիք բերել կամ էլ ոչնչացնել մարդուն: Մտքի դրական կամ բացասական այս հատկությունները հաճախ չենք գիտակցում: Ընտանիքի փլուզումը` վեճերը, հիվանդությունները, հնարավոր փորձանքները, դրանց զարգացումն ու ավելացումը ընտանիքի անդամների վատ մտքերի հետևանքն են: Ընտանիքի գլխավոր և միակ պայմանը ծանր իրավիճակից դուրս գալու համար մարդու մտքերի փոփոխության անհրաժեշտությունն է: Իսկ դրա բանալին ի սրտե հավատքն է առ Աստված: Սկսեք բարի մտքերի վրա կենտրոնանալ և դրանք ուղարկել շրջապատին` բարի մտքեր, բարի ցանկություններ, սիրո և լույսի մոտեցում նաև նրանց հանդեպ, ովքեր վիրավորել են, տհաճ են և դադարել են սիրել ձեզ: Այդ ժամանակ սեփական օրինակով կզգաք բարի մտքերի ուժն ու զորությունը:

Ինչո՞ւ են ընտանիքում շարունակաբար վեճեր ու անհամաձայնություններ ծագում: Ծնողները, մերձավորները հանդես են գալիս իրենց «ես»-ի պատկերացումների ճշմարտությունից` անտեսելով աստվածային սիրո, ներողամտության, խոնարհության, հանդուրժողականության արժեքները: Եվ երեխաների հիվանդագին ու անհնազանդ վիճակը գալիս է ծնողների տարակարծություններից ու պահվածքից, որքան էլ փորձեն սաստել, խրատել զավակներին: Միևնույն իրավիճակը տիրում է դպրոցներում, աշխատանքի վայրում, ամենուր: Դադարեք վատը խորհել ձեր աշխատակիցների, ղեկավարի մասին: Վատ մտքերը փոխարինեք դրական, բարի մտքերով և կտեսնեք, թե ինչ դրական փոփոխություն է առաջանում ձեր ներսում և ձեր շրջապատում:

Մենք ինքներս ենք ստեղծում ներդաշնակություն և աններդաշնակություն ընտանիքում` կախված մեր մտքերից ու ցանկություններից: Եթե տանտերը խճճված է ինչ-որ հոգսերով և մտքերով, նա ոչ միայն անհանգստություն է պատճառում իրեն, այլև ամբողջ ընտանիքին: Տանը ճնշվածություն է տիրում, երեխաները չեն կարողանում իրենց տեղը գտնել և մխիթարվել: Տանտերը պետք է բարությամբ փայլատակի, որը նրա միջոցով փոխանցվում է մյուսներին, ընտանիքին: Միմյանց հանդեպ դժգոհությունները, վիրավորանքները հետագայում բերում են ծանր հետևանքների: Մարդու հոգին աներևակայելի ներուժ ունի: Եթե ընտանիքում անդամներից գեթ մեկն իրեն նվիրի Աստծուն, այդ ընտանիքում շատ բան կփոխվի: Նա դառնում է ուրախության և մխիթարության աղբյուր: Նա մարում է ալեկոծ հույզերը, հարթում վեճերը, հաշտեցնում ու խաղաղեցնում բոլորին, և այս ամենը հավատքի շնորհիվ: Ընտանիքներում բավական է մի մարդ դժգոհ լինի, որ իրեն անարդար վերաբերմունք են ցուցաբերում, և ամբողջ իրավիճակը սկսում է ծայրահեղ դառնալ: Բոլորը սկսում են զգալ այդ դժգոհության մթնոլորտը և չեն հասկանում, թե ինչու է այդպես: Մեր մերձավորներին պետք է վերաբերվենք հավասարը հավասարի պես և չպետք է նրանց բաժանենք հաճելի և տհաճ կատեգորիաների: Մի բարեպաշտ ընտանիքում խաղաղություն, հաջողություն չկար, թեև բոլորը հավատացյալ էին: Գնում էին եկեղեցի, միշտ սբ. Հաղորդություն ստանում, մասնակցում տոներին: Բայց չգիտես ինչու նրանց ընտանիքում խաղաղություն չկար և չէին կարողանում հասկանալ, թե ինչու: Սակայն միևնույն ժամանակ իրենց ընտանիքի անդամներից որևէ մեկը չէր լսում մյուսին,  կինը` ամուսնուն, երեխաները` ծնողներին, թոռները` ծերերին: Ահա, թե ինչ է նշանակում, երբ տանը ներդաշնակություն գոյություն չունի: Հետևաբար, որքա՜ն կարևոր է մտքերի ներդաշնակությունը:

Մարդիկ ուշադրություն չեն դարձնում, թե իրենց մտքերն ու ցանկությունները ինչպես են ազդում շրջապատի վրա: Հանրային կյանքում նույնպես տեսանելի են մեր մտածումները: Ի վերջո, պետությունը մեծ ընտանիք է` բաղկացած բազմաթիվ անդամներից: Փոխանակ պահպանենք մեր ընտանիքը, բացասականն ենք մտածում նրա մասին, վատն ենք խորհում միմյանց մասին: Մի՞թե կարող է այդ ամենից լավ հետևանքներ բխել: Ավա՜ղ, ապաշխարություն չունենք... Իրական սիրո գիտակցությունը փոխարինված է եսասիրությամբ: Ծնողները կորցրել են ճշմարիտ սիրո ընկալումը դեպի երեխաները: Եթե մարդ որևէ մեկին ամուր սիրում է, նա լավ է հասկանում նրան: Կարողանում է ըմբռնել նրա հակումներն ու հատկանիշները: Երբ չկա այդօրինակ սեր, ծնողը չի կարողանում հասկանալ իր երեխային, թեև նրան ճանաչում է նրա ծնված օրից: Ներքին բացասական հոգեվիճակը հետագայում դառնում է բազմաթիվ ընտանիքների քայքայման պատճառ, երեխաների և ծնողների հակառակության առիթ միմյանց միջև, թեպետ առաջին հայացքից ծնողները ուղղակիորեն չեն խոընդոտում ընտանիքի երջանկությանը:

Այսօր, թեև արդեն երկու հազար տարուց ավելի ունենք Քրիստոսի կերպարը որպես օրինակ, այդուհանդերձ ինքնասեր, հպարտ մարդու ցավալի պտուղներն ենք տեսնում: Քրիստոնեական ուղին պահանջում է հնազանդություն ծնողներին: Երեխաները պահպանում են օրհնությունը, երբ հնազանդ են իրենց ծնողներին: Այդ զորությունն առկա է նույնիսկ այն դեպքում, երբ ծնողներն այնպիսին չեն, ինչպիսին պիտի լինեին: Բայց այդժամ ծնողները պատասխանատու են Աստծու առջև: Ի վերջո, իրական հոգևոր կյանքն է, որ բերում է սպասված խաղաղությունը և ներդաշնակությունը ընտանիքում: Այդ ժամանակ է, որ մարդը դառնում է կայացած անհատականություն` ունենալով ներքին ազատություն, համբերություն և իմաստություն: Եթե ընտրում ենք այլ ուղի, այն մարդուն պահում է փորձությունների, ընտանեկան վեճերի, լարված մթնոլորտի շրջապտույտում և ձևավորում այնպիսի անձնավորություն, որը մինչև վերջ էլ չի կարողանում հասկանալ կյանքի նպատակը և հասնել լիարժեքության: Երբ երեխաները մոտեցան Հիսուսին, նա նրանց չպատմեց դավանական հիմնադրույթներների և դարավոր աստվածաշնչյան պատմությունների մասին, այլ պարզապես սիրով լի վերաբերմունք և ջերմություն ցույց տվեց: Սեր, բարություն և համբերություն` այս վերաբերմունքն ու մոտեցումն է երեխաների ուսուցման մեծագույն ուղին: Եվ այս վերաբերմունքի մեջ առկա է և´ անհրաժեշտ խստություն, և´ ներում` լեցուն սիրով ու լույսով, որը երեխային ուղղորդում է առ Աստված և տեսանելի լուսավոր ապագա, այլ ոչ թե դեպի այս աշխարհի մշուշոտ հորձանուտը և անցնող-գնացող արժեքները:

 

Պատրաստեց Հովհաննես Մանուկյանը

04.10.23
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․