23 Նոյեմբեր, Շբ
Ծերերից մեկը պատմում էր, թե մի կրոնավոր կար` աշխարհից հրաժարված, և գյուղում թողել էր իր կնոջն ու միամորիկ դստերը, որը երախա էր (նախամկրտական կարգի մեջ եղող) և տակավին քրիստոնյա չէր, և երախայության մեջ էլ մեռավ դուստրը: Եվ աղջկա հայրը երեք մասի բաժանեց իր ունեցվածքը. մի մասը բաժանեց աղքատներին՝ նրա հոգու փրկության համար, մյուս մասը տվեց կնոջը և իր բաժինը ամբողջությամբ դարձյալ տվեց աղքատներին՝ հանուն իր դստեր: Եվ ձայն եկավ նրան երկնքից, որ ասում էր. «Քո դստեր համար մի՛ տրտմիր, քանզի Աստված ընդունեց քո ողորմությունը և մկրտվածների հետ դասեց նրան»: Իսկ նա ձայնին չհավատաց: Ձայնը դարձյալ ասաց. «Ահա տե՛ս, որ նա չմկրտվածների տապանում չէ»: Այնժամ ձայնը ստուգելու համար գնաց դստեր գերեզմանը, բացեց տապանը և չգտավ նրան այնտեղ, քանզի Աստված փոխադրեց նրան իր հոր ողորմության համար: Եվ հավատաց ծերը, ապա գոհանալով Աստծուց՝ ասաց. «Տեսեք` որքա՜ն զորավոր է ողորմածությունը և հաճելի ու սիրելի՝ Աստծուն, և երանելի է դարձնում այն մարդուն, որն ունի ողորմածություն»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016