Եգիպտոսի անապատում մի սուրբ էր բնակվում, որը երեց էր: Նրանից շատ հեռու բնակվում էր ոմն մանիքեցի, որն իրենց երեց կոչվածներից էր, և կամենալով գնալ իր պաշտոնակիցներից մեկի մոտ՝ երեկոյան հայտնվեց այնտեղ, ուր ուղղափառ սուրբն էր: Վախենում ու զարհուրում էր մտնել նրա մոտ՝ գիշերելու, մտածում էր՝ կճանաչի ինձ, որ մանիքեցի եմ, և գուցե չընդունի ինձ: Ի վերջո ստիպված բախեց դուռը, իսկ ծերը, բացելով և ճանաչելով նրան, ուրախությամբ ընդունեց և ներս տարավ, սեղան դրեց և կերակրեց նրան, ապա հանգստացրեց բերկյալ սրտով: Իսկ մանիքեցին, գիշերը առանձին մնալով, ասաց. «Ինչո՞ւ ոչ մի կարծիք չհայտնեց իմ մասին. իսկապես սա Աստծո ծառա է»: Եվ ընկավ նրա ոտքերը և ասաց. «Այսուհետև ես ուղղափառ եմ»: Եվ այսպես ասելով՝ բնակվեց այնտեղ՝ նրա մոտ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016