Մի անգամ հայրերից ոմանք գնացին Պանեփոս` Հովսեփ ծերի մոտ, որպեսզի հարցնեն նրան, թե ինչպե՞ս պետք է ընդունեն հյուր եկած օտար եղբայրներին, թե արդյոք պե՞տք է ուրախանան նրանց հետ՝ նրանց գալու կապակցությամբ և մխիթարեն նրանց: Նախքան նրանց հարցնելը՝ ծերն իր աշակերտին ասաց. «Տե՛ս, թե ինչ եմ անելու այսօր»: Եվ դրեց երկու աթոռներ` իր աջ և ձախ կողմերում, և նրանց ասաց` նստե՛ք: Եվ մտնելով իր խուցը` հագավ աղքատի հանդերձներ, ապա դուրս գալով` անցավ նրանց միջով լռելյայն: Ապա կրկին ներս մտնելով` հանեց մուրացկանի զգեստները, հագավ իր շորերը և նստեց նրանց միջև, իսկ նրանք զարմացած էին ծերի արարքների վրա: Եվ նա հարցրեց. «Տեսա՞ք՝ ես ինչ արեցի»: Նրանք ասացին` այո՛: Նրանց հարցրեց. «Ի՞նչ արեցի»: Նրանք ասացին. «Նախ հագար մուրացկանի շորեր, հետո` մենակյացի»: Եվ նրանց ասաց. «Մի՞թե ես փոխվեցի՝ հանդերձները փոխելուց»: Ասացին` ո՛չ: Ծերը նրանց ասաց. «Արդ, եթե ես նույնն եմ՝ երկու զգեստները փոխելուց հետո, ուրեմն դրանցից և ոչ մեկը ո՛չ վնասեց ինձ, ո՛չ էլ փոխեց ինձ: Այդպես և դուք պետք է արժանի ընդունելություն ցույց տաք օտար եղբայրներին, ինչպես Տերն է ասում. «Տվե՛ք կայսրինը` կայսեր, և Աստծունը` Աստծուն (Մատթ. ԻԲ 21, Մարկ. ԺԲ 17, Ղուկ. Ի 25): Երբ եղբայրները գան ձեզ մոտ, ուրախությա՛մբ ընդունեք նրանց, իսկ երբ մենակ լինեք, ողբը թող ձեր ընկերը լինի, որպեսզի միշտ Աստծո երկյուղի մեջ լինեք»: Եվ նրանք լսելով` զարմացան, որովհետև ինչ հարց որ ունեին իրենց մտքում, նա պատասխանեց՝ առանց հարցնելու: Փառավորեցին Աստծուն և գնացին խնդությամբ, և իբրև Աստծուց ընդունեցին այն խոսքը, որ ասվեց իրենց:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016