23 Նոյեմբեր, Շբ
Ոմն մագիստրոս թագավորի հրամանով ճամփա ընկավ և ճանապարհին ընկած մի մեռել տեսավ, որ մերկ էր, գթաց նրան և իր հետ եղողներին ասաց. «Վերցրե՛ք իմ երիվարը և փոքրինչ առաջացե՛ք»: Եվ իջնելով` իր ներքնազգեստը հագցրեց մեռելին և ծածկելով նրան`գնաց: Օրեր անց նույն մագիստրոսին մեկ այլ թագավոր ուղարկեց՝ որպես պատգամաբեր, որը, մեկ օրում հասնելով քաղաք, ընկավ երիվարից, ջարդվեցին ոտքերը, և ընկավ անկողին: Թագավորը տեղեկանալով պատահածի մասին` բժիշկներին հրամայեց շտապ մեկնել նրա մոտ, սակայն չկարողացան օգնել նրան: Հինգ օրից հետո նրա ոտքը սևացավ: Բժիշկները խորհրդակցեցին միմյանց հետ և որոշեցին կտրել նրա ոտքը, որպեսզի ամբողջ մարմինը չվարակվի, և չմեռնի, իսկ իրեն ասում էին. «Վաղը կգանք և կբուժենք քեզ»: Եվ նա հրաման տվեց երիտասարդին` գնալ բժիշկների հետևից և լսել, թե ինչ են խորհում իր մասին: Նրան ասացին. «Քո տիրոջ ոտքը սևացել է, եթե չկտրվի, մարդը կկորչի, սակայն կգանք առավոտյան, և ինչ կամենա` կանենք»: Գնալով իր տիրոջ մոտ` երիտասարդը ողբաց և ասաց. «Վա՜յ ինձ, տե՛ր իմ, որովհետև բժիշկները խորհում են վաղը կտրել քո վնասված ոտքը»: Եվ նա, լսելով և չդիմանալով սաստիկ ցավերին, ողջ գիշերը տնքում էր և դուրս հանելով ամենքին, ովքեր տանն էին, փակեց դռները և մի փոքր նիրհելով` տեսավ մի մարդու, որ դռնից ներս մտավ` ձեռքին ունենալով գավազան, որի գլխին խաչ էր փայլատակում: Սա նրան ասաց. «Մա՛րդ, ինչո՞ւ ես լալիս»: Եվ նա ասաց. «Չլա՞մ և չտրտմե՞մ, որ ոտքս կոտրվեց, իսկ բժիշկները ուզում են կտրել այն»: Իսկ տեսիլքի մեջ երևացողն ասաց նրան. «Ցո՛ւյց տուր ինձ քո ոտքը»: Եվ նա, հեռացնելով կտավը, ցույց տվեց նրան: Իսկ հայտնվածը խաչակնքեց նրան և ասաց. «Այժմ վե՛ր կաց և քայլի՛ր»: Հիվանդն ասաց. «Չեմ կարող, նեցո՛ւկ եղիր ինձ»: Նա ուժգին հարվածեց, և սա կաղում էր: Հայտնվածը նրան ասաց. «Այժմ է՞լ ես կաղում»: Եվ հիվանդն ասաց. «Տակավին կաղում եմ»: Ասաց նրան. «Ելի՛ր և շրջի՛ր ողջանդամ»: Եվ իսկույն վեր կենալով` շրջում էր առողջ: Եվ ասաց հայտնվածը. «Ահա այժմ առողջացար. չմոռանաս ողորմությունը, ինչպես և լսեցիր. «Երանի՜ ողորմածներին, որովհետև նրանք ողորմություն պիտի գտնեն (Մատթ. Ե, 7), որովհետև դատաստանն իմ ողորմած է նրանց հանդեպ, ովքեր ինձ ողորմություն արեցին»: Եվ դուրս գալիս նրան ասաց` կեցցե՛ս: Առողջացածն ասաց. «Գնո՞ւմ ես»: Եվ նա ասաց. «Ի՞նչ ես կամենում, երբ արդեն առողջացար»: Մագիստրոսն ասաց. «Աստծով՝ որ առաքեց քեզ, ասա՛`ո՞վ ես դու»: Եվ նա ասաց. «Ո՜վ մարդ, ինչո՞ւ ես ինձ երդվեցնում. նայի՛ր ինձ, չե՞ս ճանաչում այս ներքին զգեստները»: Ասաց. «Այո՛, տե՛ր իմ»: Եվ հայտնվածն ասաց. «Ես եմ, որ մեռած և ընկած էի ճանապարհին, և այս ներքնազգեստները գցեցիր ինձ վրա: Դրա համար Աստված ինձ ուղարկեց՝ առողջացնելու քեզ: Ամեն ինչում գոհացի՛ր Աստծուց և հեռացրո՛ւ քեզնից մարդկանց օգնությունը, որովհետև Աստված չի թողնում նրանց, ովքեր խնդրում են Իրեն»: Եվ դուրս եկավ այն դռնից, որից մտել էր: Եվ առողջացածը, քնից արթնացնելով, բոլորին պատմեց տեսածը և շրջում էր առողջ: Եվ մենք էլ տեսնելով` փառավորեցինք Աստծուն և գրեցինք ի օգուտ նրանց, որոնց կպատմվի:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016