23 Դեկտեմբեր, Բշ
«Որդյա՛կ, քո գործը հեզությամբ կատարիր և կսիրվես ընտիր մարդկանցից: Ինչքան մեծ լինես, այնքան խոնարհեցրու քո անձը, և շնորհ կգտնես Տիրոջ առջև, քանզի մեծ է Տիրոջ զորությունը, և Նա փառավորում է Իր կամքը կատարող խոնարհներին» (Սիրաքի իմաստություն 3:19-20):
Խոնարհ կյանքով ապրելու բազմաթիվ պատգամների կարող ենք հանդիպել Սբ. Գիրքը ընթեցելիս: Իսկ խոնարհության մեծագույն օրինակը հանդիսացավ մեզ համար մեր Տերը. Նա կարող էր ծնվել իշխանական կամ թագավորական ընտանիքում, բայց ծնվեց ախոռում և հասարակ մի ընտանիքում, ապրեց խոնարհ և պարզ մի կյանքով, ընտրեց հասարակ մարդկանց՝ անուսում ձկնորսների որպես առաքյալներ, Երուսաղեմ մտավ՝ ավանակի վրա նստած, լվաց Իր առաքյալների ոտքերը: Հիսուս ասաց, որ սովորեցե՛ք Ինձնից, որովհետև հեզ եմ ու սրտով խոնարհ, ապա երանի տվեց հեզերին՝ ասելով, որ նրանք երկիրը պիտի ժառանգեն (Մատթեոս 11:29; 5:5):
Խոնարհության այս օրինակներից մեկն ամեն տարի 11-րդ դարից սկսած Հայ եկեղեցին Ավագ Հինգշաբթի օրը հիշեցնում է բոլոր հավատացյալներին: Այդ արարողությունը Ոտնլվան է, որը դարերի ընթացքում հարստացավ հայկական գեղեցիկ շարականներով ու աղոթքներով: Արարողության ընթացքում ընթերցվում է Հովհաննես Պլուզ վարդապետի «Սիրո մասին» ճառը, որի հետևյալ հատվածը սիրո մեծության մասին ասում է՝ սերը Երկնքի Արքայության բանալին է և հավիտենական կյանքի ճանապարհը: Սերը մարդկանց Աստծո որդիներ և Երկնքի Արքայության ժառանգորդներ է դարձնում: Սերն ապականացու բնությունն անապականի է վերածում և մահկանացուն անմահության է փոխում: Սերը երկրայիններին երկնայիններ է դարձնում և հողեղեններին հրեղենների է վերածում:
Մարտի 24-ին՝ Ավագ Հինգշաբթի օրը, Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցում ներկա հավատացյալների աղոթքը միավորվել էր Ոտնլվայի արարողության ժամանակ հնչող շարականներին, աղոթքներին և ճառին: Խորհրդակատարներ՝ Տեր Վահան քահանա Առաքելյանը և Տեր Հայկազուն քահանա Մկտրչյանը, խաչով ու Ավետարանով և «Թող օրհնվեն և սրբագործվեն այս յուղն ու ջուրը» խոսքերով օրհնեցին խորանում դրված ջուրը և յուղը (սա մեղավոր կնոջ կողմից Տիրոջ ոտքերը թանկարժեք յուղով օծելու հիշատակն է): Ապա Տեր Վահանը հանդիսավորապես լվաց առաքյալներին խորհրդանշող տղաների աջ ոտքերը՝ խաչաձև յուղ քսելով: Ոտնլվայի յուրաքանչյուր մասնակից համբուրեց Ավետարանը, Խաչը և քահանայի աջը: Արարողության վերջում ներկաներն ունկնդրեցին ոտնլվայի մասին պատմող ավետարանական հատվածը, ապա նրանց բաշխվեց օրհնված յուղը:
Այնուհետև Տեր Վահանը ներկաներին պատգամեց. «Աստված մշտապես Իր սերն ու խոնարհությունն է ցուցաբերում մարդկության հանդեպ: Ոտնլվայի արարողությունն աստվածային սիրո ևս մեկ արտահայտություն է: Մեր Տերն ասաց. «Արդ, եթե Ես Տեր և Վարդապետ եմ, լվացի ձեր ոտքերը, դուք պարտավոր եք միմյանց ոտքեր լվանալ». սա մի պատգամ է մեր Տիրոջից, որպեսզի, աստվածային սերը մեր հոգում ունենանալով, կարողանանք մեկս մյուսի հանդեպ խոնարհություն ցուցաբերել՝ հետևելով մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին: Թո՛ղ Աստված օրհնի այն մանուկներին, ովքեր մասնակիցը եղան այս գեղեցիկ արարողությանը, թո՛ղ հոգով և մարմնով առողջ լինեն՝ Աստծո և մեր եկեղեցու հավատարիմ հետևորդները լինելով: Թո՛ղ Աստծո օրհնությամբ մեր մանուկներն իրենց ծնողների հետ միասին, Ավագ Շաբաթվա այս խորախորհուրդ օրերն ապրելով, ինքնամաքրումով առաջ ընթանան՝ հասնելով Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության սուրբ լույսին»:
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու դպրաց դասից Ոտնլվայի արարողությանը մասնակցեցին Ստեփան Տիգրանյանը (9 տ.), Հայկ Գրիգորյանը (8տ.) և Վլադիմիր Մարգարյանը (11 տ.):
Ստեփանը և Վլադիմիրն երկրորդ տարին է, որ մասնակից են լինում Ոտնլվայի արարողությանը, այն իրենց, Քրիստոսի օրինակի համաձայն, սովորեցնում է բարի ու խոնարհ լինել: Ստեփանը կարևորում է մարդու խոնարհ լինելը՝ անկախ իր ունեցած պաշտոնից, Վլադիմիրն էլ, ում համար մեծ պատասխանատվություն է Սբ. Խորան բարձրանալը և որպես դպիր ծառայելը, ասաց, որ փորձելու է խոնարհաբար ապրել:
Իսկ Հայկը մեկ տարի է, ինչ շապիկ է հագնում և Սբ. Խորան բարձրանում: Առաջին անգամ մասնակից լինելով արարողությանը՝ նա մեծ ոգևորություն և ուրախություն էր ապրում: Ոտնլվայի արարողությունից Հայկը հետևյալ դասն էր քաղել. նա Հիսուսի հետևյալ խոսքը նշեց՝ եթե ուզում ես առաջինը լինել, պետք է վերջինը լինես, իսկ առաջինը, ինչպես ասաց Հայկը, կարող է լինել միայն ամենահեզ և ամենաբարի մարդը:
Ստեփանի մայրիկը՝ Իզաբելլա Տիգրանյանը, ուրախ է, որ իր որդին ծառայում է եկեղեցում և ասաց, որ Ստեփանի շնորհիվ ինքն էլ է սկսել պարբերաբար մասնակցել եկեղեցական արարողություններին՝ առավել խորամուխ լինելով ծեսերի խորհրդին և իմաստին:
Հոգևոր ուղին կատարյալ խոնարհությամբ անցնելու կարևորության շուրջ մտորումներով և խոկումով՝ ներկաներն աղոթքով պատրաստվում էին մասնակիցը լինելու հաջորդ՝ Ավագ Ուրբաթ օրվա արարողություններին:
Կարինե Սուգիկյան