26 Նոյեմբեր, Գշ
Հունվարի 22-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Մովսեսյան Մարիամին (33 տ.) հանձնեց դրամական օգնություն (100 ԱՄՆ դոլար), որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարեն Վարդանյանը: Մարիամն իր ամուսնու և անչափահաս տղայի (6 տ.) հետ վարձակալությամբ բնակվում է Էջմիածին ք. Հոկտեմբեր 5 հասցեում: Մարիամի ամուսինը երրորդ խմբի հաշմանդամ է, աչքի չորս վիրահատություն է տարել, բայց տեսողությունը չի վերականգնվել: Մարիամը ևս առողջական խնդիր ունի. սրտի երկու վիրահատություն է տարել, երրորդ վիրահատության կարիք ունի, բայց ֆինանսական խնդրի պատճառով չի կարողանում վիրահատվել: «Ինձ և ամուսնուս հատկացվող թոշակների գումարներով չենք կարողանում հոգալ մեր կարիքները և լուծել ֆինանսական խնդիրները»,- ասաց Մարիամը և իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Նա, ով կառչած է երկրայինից և չի խորհում երկնայինի ու հավիտենականի մասին, մահից հետո, ինչպես եկեղեցու հայրերն են ասում, երկրայինից բացի կզրկվի նաև երկնայինից: Իսկ նա, ով փրկության հույս ունի և բարիք է գործում, ապա կստանա այն, ինչը հուսացել է: Ծառը, որ դեռ պտուղ չի տվել և կանաչ տերևներով է պատված, ապագայում պտուղ է խոստանում: Արդարները ևս չեն դադարում հավատքի և առաքինության մեջ աճել, մինչև որ հասնեն ցանկալի պտղին: Ով բարիք է գործում, նա ծառայում է Աստծուն և մարդկանց, այդպիսի մեկը Աստծուց և մարդկանցից էլ բարիք կստանա: Իսկ չարիք գործողը Աստծո և մերձավորի դեմ է չարիք գործում, և ինքն է ընկնում այն փոսը, որ փորել է ուրիշի համար: «Ով բաշխի առատորեն՝ օրհնված կլինի: Ով բարիք է անում, նա բարության շնորհ կգտնի, իսկ ով չարիք է նյութում, չարիք կհասնի նրան»,- ասում է առակագիրը (Առակ. 11:26, 28):
Կարինե Սուգիկյան