Ս. Պետրոս առաքյալն իր ընդհանրական նամակում հորդորում է բոլորին և ասում. «Համախո՛հ եղեք, ուրախակից և ցավակից միմյանց, եղբայրասեր, բարեգութ, խոնարհամիտ: Ո՞վ չարիք կհասցնի ձեզ, եթե դուք նախանձախնդիր լինեք բարին գործելու» (Ա Պետրոս 3:8,13): Երանելի Օգոստինոսը, սույն հատվածը մեկնելով, ասում է. «Ո՞վ կարող է ձեր դեմ չարիք գործել, եթե դուք սիրեք բարին: Սիրող անձը վնաս չի կրի: Ինչ էլ, որ խլի քեզանից քեզ վրա բարկացողը, կորստյան չի մատնի քեզ Նա, Ով արարեց քեզ, եթե դու սիրում ես Նրան»: Ո՞վ կարող է խլել մարդուց այն երանությունը, եթե Ճշմարտությունն ասում է, որ ձեր սրտերը կլցվեն մի ուրախությամբ, որ ոչ ոք չի կարողանա խլել ձեզնից (Հովհ. 16:22):
Բարուն նախանձախնդիր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, շարունակում է սոցիալական ծրագրերի իր շարքը: Դեկտեմբերի 29-ին, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը Ազարյան Արգինեին (37 տ.) հանձնեց դրամական օգնություն (50 000 դրամ), որ տրամադրել էր Ֆրանսիայում բնակվող Քրիստինե Բարսեղյանը: Արգինեն իր մայրիկի՝ Բաբայան Արեգայի (69 տ.) հետ բնակվում է Աբովյան քաղաքի Հանրապետության 20/43 հասցեում: Արգինեն 1-ին խմբի հաշմանդամ է, դիալեզ և շաքարային դիաբետ հիվանդություններն ունի: Նա նշեց, որ իր տեսողությունն օր օրի վատթարանում է և աչքի վիրահատությունն էլ դրական փոփոխություն չտվեց: Արգինեի մայրը 2-րդ խմբի հաշմանդամ է, նա տառապում է բրոնխիալ ասթմա հիվանդությամբ: Ազարյան ընտանիքը փորձում է իր նվազագույն կարիքները հոգալ ընտանեկան նպաստի և հաշմանդամության գումարներով: Տեր Գրիգորը բժշկության աղոթք կարդաց Արգինեի համար, ով երախտապարտ էր Տեր Գրիգորին և աջակից անձին՝ իր ընտանիքին օգնության ձեռք մեկնելու համար:
Կարինե Սուգիկյան