Կողք-կողքի ապրում էին երկու հարևաններ. մեկը՝ հավատացյալ, մյուսը՝ անհավատ:
Անհավատ զույգը շարունակ կռվուր էր, իսկ հոգևորները միշտ լուռ էին և իրար հասկանում էին: Անհավատ ընտանիքի կինն ամուսնուն ասում է.
- Գնա նրանց տուն և տե´ս, թե ինչ են անում, որ իրենց մոտ ամեն ինչ միշտ լավ է:
Ամուսինը գնում է, թաքնվում մի հարմար վայրում և սկսում հետևել նրանց:
Տեսնում է, որ հարևանի կինը լվանում է հատակը, բայց հանկարծ ինչ-որ բան շեղում է նրա ուշադրությունը, և նա գործը կիսատ է թողնում ու վազում է խոհանոց:
Այդ պահին ներս է մտնում նրա ամուսինը և, չնկատելով ջրով լի դույլը, ոտքով դիպչում է դույլին:
Դույլը շրջվում է, ջուրը թափվում է սենյակում: Այդ պահին գալիս է կինը և ամուսնուց ներողություն խնդրում՝ ասելով.
- Ների´ր, թանկագինս, ես էի մեղավոր, դույլը հարմար տեղում չէի թողել…
Ամուսինն առարկում է.
- Ո´չ, դու ինձ ներիր, ես ուշադիր չէի ու չնկատեցի դույլը…
Թաքնված հարևանը շատ է զարմանում և վերադառնում է տուն:
Տանը կինը հարցնում է.
- Դե ինչ, հետևեցի՞ր նրանց:
Ամուսինը պատասխանում է
. - Այո:
Կինը հարցնում է մանրամասները, թե ինչպես են նրանք ապրում:
Ամուսինը փորձում է ավելի պարզաբանել.
- Հասկանո՞ւմ ես, մեր ընտանիքում բոլորը ճիշտ են, իսկ նրանց ընտանիքում բոլորը մեղավոր են: