22 Մարտ, Շբ, Մեծ պահքի Ի օր
Քահանա (kahna) բառն արամեերենից թարգմանաբար նշանակում է Աստծո սպասավոր` անձ, ով կատարում է եկեղեցու արարողությունները, ծեսերն ու խորհուրդները, ով նաև միջնորդն է Աստծո և մարդկանց միջև և մեղքերին քավություն տվողը:
Քահանայության մասին խոսվում է դեռևս Հին Կտակարանում, որտեղ պատմվում է, թե ինչպես է Աստված Ղևիի ցեղի ժառանգներին առանձնացնում` քահանայանալու համար: Արդեն Նոր Կտակարանում, ի տարբերություն Հին Ուխտի ժառանգական քահանայության, Հիսուս Քրիստոսի առաքյալները Աստծո Խոսքը քարոզելու և ստեղծված համայնքների հոգևոր-ծիսական կարիքները հոգալու համար տարբեր համայնքներում նշանակում են ընտրյալ երեցների:
Քահանան Տիրոջ խորհուրդների սպասավորն է, նա Սուրբ ավազանի մկրտությամբ մարդկանց որդեգրում է Հայր Աստծուն և Քրիստոսի ժառանգակիցներ դարձնում: Քահանայի բարձրագույն տիպարը Քրիստոսն է` «հավիտենական քահանայապետը» (Եբր. 5:10): Նա հաստատեց նոր քահանայություն, որին կոչվածները պետք է ավետարանեին իր կատարած փրկագործության խորհուրդը: Ուստի իր աշակերտներին նա շնորհել է քահանայական կարգ և տվել իշխանություն` ապաշխարող մեղավորներին արձակելու, Իր մարմնով ու արյամբ հաղորդություն տալու, հոտը հովվելու, Աստծո խոսքը քարոզելու, օրենքները սովորեցնելու և այլն: Քահանայի պաշտոնն է շարունակել իր Վարդապետի գործը` այն է` փրկել և կատարելագործել մարդկությանը:
«Լսեցե՛ք ձեր առաջնորդներին և հնազանդվեցե՛ք նրանց, որովհետև նրանք հսկում են ձեր հոգիների համար, քանի որ հաշիվ են տալու ձեր փոխարեն» (Եբր. 13:17),- ասում է առաքյալը: Ինչպես գրում է սբ. Հովհան Մանդակունին` քահանան իր հոգևոր հոտի տեսուչն է` գիշեր և ցերեկ անդադար չարչարվելով նրա փրկության, ինչպես նաև իր սրբության համար: Նա հոգիների բժիշկն է, Աստծու գործերի գործակիցը: Արարիչը մարդուն ստեղծեց չարը կամ բարին ընտրելու ազատ կամքով, իսկ քահանան, դեպի բարին ուղղելով մարդու կամքը, զարդարում է նրան առաքինության գործերով: Սուրբ Հայրը քահանային նաև աշտանակի վրա դրված ճրագի հետ է համեմատում. նա պետք է փարատի խավարը, լուսավորի ամբողջ տունը: Քահանան նաև սատանայի կողմից վիրավորվածների բժիշկն է, Քրիստոսի միջոցով մեղքերից սրբողը: Քահանան կարող է մեղավորներին հաշտեցնել Աստծո հետ, մոտեցնել Եկեղեցուց հեռացածներին, քաղցողներին` կերակրել Քրիստոսի մարմնով, ծարավածներին`Քրիստոսի արյունից խմեցնել:
Նշենք նաև, որ շնորհաբաշխության համար նշանակություն չունի քահանայի արժանիքը, եթե շնորհք ստացող հավատացյալը հավատքով է մոտենում դեպի Ս. խորհուրդները: «Աստուծո շնորհը նաև անարժան քահանայի շնորհագործությամբ իջնում է հավատացյալի վրա, ուստիև հարգվում է ոչ թե քահանայի անձնավորությունն, այլ նրա պաշտոնը» (Արշակ Տեր-Միքելյան): «Իսկ դու հայհոյությամբ ու բամբասանքով պատերազմում ես նրա դեմ: Տե´ս, որ մարտնչում ես ո´չ թե նրա, այլ Աստծու դեմ, Ով նրան շնորհեց քահանայության պատիվը: …Աստծու համար պատիվ է այն, որ անարգին մեծարես. բայց քահանան անարգ չէ, «քանի որ Ամենակալ Տիրոջ պատգամաբերն է» (Մաղ. 2։7),- գրում է Մանդակունին: «…Նա, ով գիտի իր մեղքերն ու սխալները և դրանք անտեսելով` քրքրում է եղբոր սխալները և շատերի մոտ բամբասում նրան… չգիտի, թե ինչ հանցանքի համար որ բամբասում է եղբորը, նույն մեղքի տանջանքով և ինքն է պատժվում: Եվ դու, եթե սրբությամբ հաղորդվես սուրբ Խորհուրդին, քահանայի պղծությունը չի վնասի քեզ. ինչպես որ նրան, ով պղծությամբ է մոտենում, չի օգնում քահանայի սրբությունը: Մի´ ասա, թե` ճիշտ է բամբասանքս, և բոլորը գիտեն: Քանզի եթե ճիշտ է, ապա ոչ թե մեր, այլ Դատավորի քննելու բանն է»: Ի վերջո, քահանան մեզ համար է Պատարագ մատուցում և սպասավորում, ուսուցանում մեզ, մեր ուխտն է ընծայում Աստծուն, թողություն խնդրում ապաշխարողների համար, մեր կյանքի ու փրկության, Տիրոջը մեզ հետ հաշտեցնելու համար է աղոթում:
Քահանայության հիմնական նշանը փորուրարն է` ուրար, որն անցնում է երկու ուսերով, ինչը ցույց է տալիս այն կրողի հանձնառությունը` ամբողջովին կրելու Հիսուս Քրիստոսի լուծը (այս իսկ պատճառով քահանաներին համարում են առաքյալներ և Քրիստոսի գործի լիիրավ շարունակողներ): Քահանայի տարբերակիչ զգեստներից կարելի է համարել նաև փիլոնը` լայն սև թիկնոցը ուսերին ծիսական արարողությունների ժամանակ (տոնական առիթներով և հատկապես Սուրբ Պատարագի ընթացքում քահանաներն ունեն հատուկ զգեստավորում` վառ և տոնական գույներով): Կուսակրոն հոգևորականի տարբերակիչ նշաններից է նաև վեղարը` սև սրածայր գլխի ծածկոցը, որը եկեղեցու հարսնության` քողի նշանն է:
Եկեղեցին ունի ամուսնացյալ և կուսակրոն քահանայություն, որոնք առանձին կարգ չեն, քանի որ քահանայությունը մեկ է ձեռնադրությամբ և օծումով: Ապագա քահանան ազատ է ընտրելու ամուսնացյալ կամ կուսակրոն քահանայության ճանապարհը:
Քահանայական ձեռնադրության կարգի համաձայն`ձեռնադրվող քահանաները նոր հոգեւոր անուններ են ստանում: Ավազանի անունը փոխարինվում է սուրբ խորանից ծննդյան անունով՝ ի նշան նոր կյանքի: Ձեռնադրությունից անմիջապես հետո, Տիրոջ օրինակով, նորաօծ քահանաներն անցնում են 40-օրյա պահեցողության, խոկման եւ աղոթքի շրջանի: Քահանաների պահքի ավարտը նշանավորվում է անդրանիկ պատարագի մատուցմամբ, որից էլ սկսում է նրանց բուն քահանայագործության ընթացքը:
Քահանային դիմում են «Արժանապատիվ Տեր Հայր» (կամ անունը): Առօրյայում հանդիպելիս ընդունված է ասել «Օրհնեցեք Տեր Հայր»` ի նշան հարգանքի և խոնարհության ձեռքը կրծքին դնելով: Սա խնդրանք է օրհնության, որն այսօր ողջույնի ձև էլ է ստացել: Կուսակրոն քահանային (աբեղա, վարդապետ), անվանում են Հայր Սուրբ: Ողջունելիս կուսակրոն հոգևորականին ասում են «Աստված օգնական», ինչը նշանակում է, որ ողջունողը աղոթում է, որպեսզի Աստված օգնի Հայր Սուրբին իր դժվարին գործում: Ողջույնի այս տարբերակը կիրառելի է ոչ ամուսնացյալ բոլոր հոգևորականների (աբեղա, վարդապետ, ծայրագույն վարդապետ, եպիսկոպոս, արքեպիսկոպոս, կաթողիկոս) համար:
Մարիամ Ավետիսյան