25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
«Ով հավատում է Ինձ կապրի, թեկուզ և մեռնի» (Հովհ. 11:25)
Քրիստոնյա հավատացյալների համար ավետարանական ճշմարտությունները ուղեցույց են կյանքի ցանկացած պարագայում, կամ ստեղծված իրավիճակում: Այդ առումով քրիստոնյաները աշխարհում ամենաերջանիկ մարդիկ են, քանի որ իրենց Փրկիչը միշտ իրենց հետ է, ոչ միայն այս անցավոր կյանքում, այլ նաև հանդերձյալում: Այդ ամենը իմանալով հանդերձ գաղտնիք չէ, որ մարդ արարածը միշտ էլ վախով է համակված մահվան երևույթի հանդեպ, քանի որ Աստծո պատկերով և նմանությամբ արարված մարդը չէր ստեղծվել մահանալու համար: Մահը խորթ և անբնական է մարդկային բնությանը: Մեր նախահոր՝ Ադամի, գործած մեղքի պատճառով մարդ արարածը դարձավ մահկանացու, ինչպես Պողոս առաքյալն է ասում. «Մեղքի վարձը մահն է»: Եվ քանի որ ադամական մեղքը սերնդե սերունդ ժառանգաբար փոխանցվում է, ապա ոչ մի հողեղեն արարած չխուսափեց մահվանից՝ համաձայն Տիրոջ այն խոսքի, որ. «հող էիր և հող կդառնաս»: Բայց, որ Աստված ինքնին սեր է ու բազումողորմ, մեղավոր մարդկությանը չթողեց մահվան ճիրաններում: Հիսուս Քրիստոսի մարդեղությամբ և փրկագործության խորհրդով մարդն ազատագրվեց մեղքի և մահվան իշխանությունից: Հետևաբար, քրիստոնյա հավատացյալի համար մահն այլևս սարսափելի չէ, քանզի Քրիստոս Իր հրաշափառ Հարությամբ՝ ավերեց դժոխքը, ազատագրեց գերված հոգիները և մեղավոր մարդկության առջև վերստին բացեց երկնքի արքայություն տանող լուսավոր ճանապարհը: Չնայած, որ մահն, ընդհանրապես, անխուսափելի է յուրաքանչյուրիս համար: Ամեն մի քայլ, որ մենք կատարում ենք այս աշխարհում՝ ևս մի քայլ է, որ մեզ մոտեցնում է վերջին հանգրվանին: Մահը կարող է վրա հասնել անսպասելի և հանկարծակի, այն չի պատկառում ոչ մանկան անմեղությունից, ոչ պատանու երիտասարդությունից, ոչ էլ ծերունու ալեհերությունից: Այդ է պատճառը, ո չպետք է անմահություն փնտրել երկրի վրա՝ ծնված լինելով մահկանացու: Այս պահին մտովի վերհիշենք, ի ապացույց մեր ասածների, Ղուկաս ավետարանչի՝ »Անմիտ մեծահարուստի» առակը: Մինչ մեծահարուստը մտածում էր իր ստացած, հավաքած բերքը նոր շտեմարանների մեջ ամբարելու և մինչև կյանքի վեջ վայելելու մասին՝ Աստված նրան ասաց. «Անմիտ, հենց այս գիշեր հոգիդ քեզնից պահանջելու են, իսկ ինչ որ պատրաստել ես, ո՞ւմն է լինելու»: Մենք մահվան մասին չպետք է խորհրդածենք, երբ լսում ենք որևէ մեկի մահվան մասին, կամ էլ մասնակցում ենք նրա թաղման ծեսին: Կյանքի անցողիկ լինելու մասին միշտ պիտի խորհրդածենք, քանի որ չգիտենք, թե մահը երբ և որ տարիքում է մեզ այցի գալու, մահը անաչառ է և չի խնայում ոչ ոքի: Մահվան դիմաց փոշիանում են աշխարհիկ փառքերն ու կոչումները, հարստությունը և պաշտոնները: Սակայն շիրմափոսը քրիստոնյա հավատացյալի համար վերջին հանգրվանը չէ, այդ է պատճառը, որ քրիստոնյանները իրենց մահացածներին «ննջեցյալ» են անվանում: Մահից հետո կյանք կա՝ հանդերձյալ կյանք և այդ հավատն է. որ այս պահին իմի է բերել Սուրբ Եկեղեցու կամարների տակ, աղոթք հղելու առ Աստված մեր մահացած հարազատների հոգիների փրկության համար: Ոչ թե գերեզմանատներում ճոխ դամբարանների և շքեղ գերեզմանների կարիքն իրենք ունեն, այլ մեր կողմից իրենց համար արված ողորմության և աղոթքի կարիքն ունեն: Մահացած լինելով՝ իրենք այլևս չեն կարող ապաշխարել և մնում են այն նույն մեղքերի մեջ որոնց համար իրենց կենդանության օրոք չեն հատուցել: Այլ մենք ապրողներս պարտավոր ենք իրենց համար բարի գործերով, ողորմությամբ, աղոթքով հայցել Տիրոջ ողորմածությունը: Աստված մարդ արարածի հանդեպ միայն այս կյանքում է ողորմած և բարեգութ, իսկ երկնքում մեղավորի հանդեպ անաչառ է և արդարադատ: Տիրոջ երկրորդ գալուստից և ահեղ դատաստանից հետո ամեն ոք կժառանգի այն, ինչ սերմանել է այս ժամանակավոր կյանքում: Եկեք այս պահին համատեղ աղոթք բարձրացնենք առ Աստված և խնդրենք Տիրոջ անասելի ողորմածությունը, որպեսզի Աստված նրանց հոգիները զետեղի երկնային լուսեղեն խորաններում, արդարների դասում:
Շնորհը, սերը և խաղաղությունը թող լինի ընդ ձեզ և ընդ ամենեսյան:
Տեր Հայկազուն քհն. Մկրտչյան