Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել

Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել  | Ov Or Chvercni Ir Khachy Ev Im Hetevic Chga Chi Karogh Im Ashakerty Linel

Զի որ ոչ բառնայ զխաչ իւր և գա զկնի Իմ, ոչ կարէ Իմ աշակերտ լինել։

Ով որ չվերցնի իր խաչը և Իմ հետևից չգա, չի կարող Իմ աշակերտը լինել (Ղուկաս 14։27)։

Սիրելի՛ հավատավոր եղբայրներ և քույրեր.

Աստված արարել է մարդուն, սիրում է նրան և մշտապես հոգում է նրա փրկության համար։ Եվ հարկ է, որ մարդկանց սիրտն ու միտքը Աստծու սերը տեսնեն ու փառաբանեն Նրան։ Շատ հաճախ մարդիկ չեն տեսնում Աստվածային առաջնորդությունն ու օգնությունը իրենց իսկ կյանքում և հակված են բողոքելու և դժգոհելու Աստծուց ու իրենց կյանքից՝ ինչ-ինչ բաներ չունենալու համար։ Բայց երբ ասվում է, որ պետք է գոհանալ Տիրոջից, հենց այնպես չի պարտադրվում մեզ Աստծուն շնորհակալական խոսքեր ասել։ Մեր միտքն ու աչքերը իսկապես պիտի տեսնեն Աստծու պարգևները, Աստծուց մեզ տրվածը, իսկ սիրտը պիտի գոհանա ու փառաբանի Քրիստոսին։ Պատահական չէ, որ Աստված-մարդ կապը հաճախ համեմատվում է մոր և մանկան կապի հետ, որովհետև դա է մեզ համար ամենատեսանելի նվիրական սիրո արտահայտությունը։ Սակայն Աստծու սերը մարդու հանդեպ շատ ավելի գերազանց է, որովհետև անաչառ է ու անթերի, արդար է ու հեռատես, մինչդեռ մոր սերն ու վարքագիծը ինչ-որ տեղ կարող են թերանալ ու լինել եսասիրական։ 

Մարդիկ հակված են տեսնելու միմիայն իրենց կյանքի դժվարություններն ու խաչը, չունեցած նյութական բարիքները, հիվանդություններն ու այն ամենի պակասը, ինչի կարիքը նրանք զգում են ուրիշների ունեցածների հետ համեմատվելիս։ Ուրիշների խաչը միշտ ավելի թեթև և փոքր է թվում, երբ համեմատություն է տարվում սեփական խաչի հետ։ Մի պատմություն կա, երբ մարդը Աստծուն դժգոհում է իր խաչի ծանրությունից, հրեշտակը նրան տանում է մի սենյակ, որտեղ տարբեր չափերի ու մեծության խաչեր են լինում։ Աստված հնարավորություն է տալիս այդ մարդուն իր համար խաչ ընտրել։ Մարդն ընտրում է մի փոքր խաչ, և Տերն ասում է նրան, որ դա հենց նրա խաչն էր։ Շատ հաճախ մարդկանց կարող է թվալ, որ իրենց խաչը ծանր է ու մեծ, ի տարբերություն մյուսների, սակայն, ինչպես սուրբ Պողոս առաքյալն է ասում, Տերը մեզ մեր ուժերից վեր փորձություններ չի տալիս. «Հավատարիմ է Աստված, որ ձեզ ավելի փորձության մեջ չի գցելու, քան կարող եք տանել, այլ՝ փորձության հետ փրկության ելք էլ է ցույց տալու, որպեսզի կարողանաք համբերել» (Ա Կորնթ․ 10։13)։

Եվ առհասարակ խաչ ասելիս միշտ տանջանքներ ենք պատկերացնում, բայց խաչը մարդու ընդհանուր կյանքն է, նրա ճանապարհը։ Երբ խաչ ենք ասում, անպայմանորեն պատկերացնում ենք դժվարություններ, նեղություններ, փորձություններ, երջանկության խաթարում, բայց իրականում, երբ խաչը սիրով ես կրում, այն իմաստավորվում է քո կյանքը։ «Խաչը պատվով կրել» նշանակում է արժանապատվությամբ և սիրով կատարել սեփական պարտականությունները՝ բոլոր դժվարություններով հանդերձ, չբողոքել, չտրտնջալ, հաշտ լինել Աստծու կամքին։ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ խաչի մասին շատ հաճախ լսել չեն ուզում, ամեն ինչ անում են դժվարություններից ու նեղություններից խուսափելու համար՝ անգամ ծանր մեղքեր գործելով։ Այսօր շատերը մտածում են թեթև ապրելու, հոգսեր չվերցնելու, իրենց իսկ հիվանդներին խնամք չտանելու մասին։

Սիրելինե՛ր, կյանքում ամենատարբեր բաները կարող են լինել մեր խաչը՝ մեր ընտանեկան դժվարությունները, աշխատանքային խնդիրները, տարեց ծնողներին հոգ տանելը, հիվանդ բարեկամների ու հարազատների առկայությունը։ Եվ այդ ամենից հրաժարվելը ամենահեշտ սխալ և մեղսալից լուծումն է, որովհետև քրիստոնյայի համար ամենակարևորը սիրո գործադրումն է, համբերատարությունն է, խոնարհությունն է։ Խաչից փախուստը քրիստոնյայի առաքելությունը չէ։ Եթե մեր խաչը վերցնենք ու մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի հետևից գնանք, կդառնանք Նրա ճշմարիտ աշակերտները, ինչպես Նա է ասում։

Բոլոր մարդիկ էլ իրենց խաչն ունեն, և որքան խոնարհաբար տանեն իրենց խաչը, չտրտնջան, չդժգոհեն, այնքան այդ խաչի ճանապարհը կվերածվի սիրո առաքելության, և օրհնանքը կավելանա տվյալ մարդու կյանքում։ Խաչի ճանապարհին Աստված երբեք մարդուն մենակ չի թողնում։ Անապատում Աստված հրեաներին երկնքից մանանա ուղարկեց, ցերեկը ամպի տեսքով, գիշերը հրեղեն սյան տեսքով ուղեկցում էր նրանց, բայց նրանք անընդհատ տրտնջում էին։

Իսկ երանելի արդար Հոբը ունեցվածքն ու զավակներին կորցրեց, նրա մարմինը վերքերով պատվեց, սակայն չդադարեց Աստծուց շնորհակալ լինել։ Երբ կինը փորձեց դրդել նրան Աստծու դեմ խոսելու, նա պատասխանեց. «Եթե Տիրոջ ձեռքից բարիքներն ընդունեցինք, չարիքներին չհամբերե՞նք»։ Եվ իր հետ պատահած այս բոլոր դեպքերի  ժամանակ Հոբն իր շրթունքներով չմեղանչեց Տիրոջ առաջ, ոչ էլ անզգամություն հանդես բերեց Աստծու հանդեպ» (Հոբ 2։10)։ Պողոս եպիսկոպոս Ադրիանուպոլսեցին ասում է. «Հոբի առաքինությունն առավել ևս փայլեց ամբողջ աշխարհի առջև։ Օրինա՛կ վերցրու. Հոբը հարստության կորսվելուց, իր որդիների մահանալուց բացի, մարմինը վիրավոր, բնակավայրը մի աղբակույտ՝ ոչ ոքից օգնություն չի սպասում, բայց դարձյալ իր շնորհակալությունը չընդհատելով՝ միշտ և հանապազ գոհանում է Աստծուց» (Հինգ դարերի զանազանությունը, հ. Ա, էջ 267)։

Սիրելինե՛ր, Քրիստոս հանուն մեր մեղքերի ներման Իր խաչը կրեց, խաչվեց և զոհաբերվեց։ Մենք էլ մեր խաչը սիրով և խոնարհությամբ տանենք, հաշտվենք Աստծու կամքի հետ և խաչը առաքելության վերածելով՝ փայլենք բարության գործերով։ Այսպես մարդը կդառնա նվիրյալ ու անձնվեր և այլոց համար ոգևորիչ օրինակ։ «Հոբը, – գրում է Պողոս Ադրիանուպոլսեցին, – ոչ միայն իր առաքինությունների համար է Սուրբ Գրքում գովվում, այլև մանավանդ անմեղ լինելով, այդքան վշտերի և տառապանքների համբերելու և առ Աստված ունեցած հավատքը անխախտ և անսասան պահելու համար, որով մի սքանչելի օրինակ եղավ աշխարհին» (էջ 271)։ 

Աստծու սերն անսպառ է, և այդ սիրուց սնվելով՝ քրիստոնյան պիտի կարողանա իր խաչը ուրախությամբ կրել, օգնել այլ մարդկանց իրենց խաչի ճանապարհին, որպեսզի ոչ ոք չհուսահատվի ու հուսալքվի։ Աստծու սիրուց սնվելով՝ նա անպայման շոշափելի արդյունքի կհասնի իր խաչը կրելիս, որովհետև Աստվածային սերն ու աջակցող զորությունը խավարը լույսի են վերածում, որից էլ ծնվում է մարդկային երջանկությունը։ 

Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ ամեն։ 

 

Տեր Վահան քհն․ Առաքելյան

     

22.05.22
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․